ԼՂՀ նախագահական ընտրությունները կանցկացվեն հուլիսին

18/02/2007

ԼՂՀ նախագահական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն հուլիսի կեսերին, իսկ թեկնածուների առաջադրումը կլինի ապրիլի երկրորդ կեսին:

ԼՂՀ Ազգային ժողովի Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Յուրի Հայրապետյանի խոսքերով, ԼՂՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին կետի եւ Ընտրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն, հանրապետության նախագահի ընտրություններն անցկացվում են նախագահի լիազորությունների ավարտից 50 օր առաջ: Ընտրությունների անցկացման օրն ԱԺ-ի կողմից նշանակվում է ընտրությունների օրից ոչ ուշ, քան 100 օր առաջ: Ընտրական օրենսգրքի 88-րդ հոդվածի համաձայն, կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ նախաձեռնող խմբի կողմից նախագահի թեկնածություն առաջադրելու համար անհրաժեշտ փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացվում ընտրությունների օրից ոչ շուտ, քան 90, եւ ոչ ուշ, քան 75 օր առաջ: Իսկ թեկնածուների գրանցումն իրականացվում է ընտրությունների օրից ոչ շուտ, քան 50, եւ ոչ ուշ, քան 30 օր առաջ: Հանձնաժողովի նախագահի փոխանցմամբ` նախագահն իր պաշտոնը ստանձնել է 2002թ. սեպտեմբերի 7-ին, ուստի լիազորությունների ավարտն էլ կլինի այս տարվա սեպտեմբերի 7-ը, որն էլ ելակետային է ընտրությունների օրը որոշելու համար: