Նրան ոսկեձեռ վարպետ են կոչում, որովհետեւ նյութը (ոսկի, արծաթ), որով աշխատում է, կարճ ժամանակ անց շնչավորվում է նրա ձեռքերի հպումից, նուրբ ձեւ ու բովանդակություն է ստանում` հետագայում իր ուրույն տեղը զբաղեցնելով հայ բարձրարվեստ ստեղծագործությունների կողքին:
Էջմիածնեցի Արշակ Մանուկյանն է նա. իգդիրցու եւ մշեցու թոռը: Հակառակ ծնողների` որդուն ինժեներ տեսնելու ցանկությանը, Արշակը 3-րդ կուրսից թողնում է պոլիտեխնիկն ու նվիրվում սիրած գործին` հմտանում է թանկարժեք մետաղներից գեղարվեստական իրեր պատրաստելու մեջ:
ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի կողմից Արշակը դեռեւս 80-ականներին է արտոնություն ստանում զբաղվել թանկարժեք մետաղների գեղարվեստական մշակմամբ: «Հայաստանից յոթ հոգի ստացան այդ իրավունքը, որոնցից մեկը ես էի»,- ասում է ժողովրդական վարպետը: Այսօր արդեն ստեղծագործում է հոգեւոր ու աշխարհիկ թեմաներով: Եկեղեցու հետ համագործակցության սկիզբը դրվում է 88-ին, երբ Վազգեն Ա կաթողիկոսը նրան ոսկյա խաչեր է պատվիրում արցախցի երեխաների մկրտության համար: Պատմում է, որ դրանից հետո սկսել է խաչեր պատրաստել եկեղեցու համար, իսկ 88-ի երկրաշարժին օգնության եկած այլազգիներին, որպես երախտիքի արտահայտություն, Վազգեն կաթողիկոսի կողմից օրհնված հարյուրավոր ոսկյա խաչեր է նվիրել, որոնք հիմա աշխարհի տարբեր երկրներում են:
Հավատարիմ մնալով իր նախորդի ընտրությանը` Գարեգին Առաջինը շարունակում է համագործակցությունն Արշակ Մանուկյանի հետ, ինչի արդյունքում ծնունդ են առնում ոսկյա եւ արծաթյա սկիհները, բուրվառները, ասաներն ու աշտանակները` փորագրված հայոց եկեղեցու պատմության առանձին դրվագներով: «Ավելի հաճույքով ստեղծագործում եմ հոգեւոր թեմաներով, որովհետեւ լավ եմ զգում, երբ ինձ ասում են, թե ես էլ իմ լուման եմ ներդնում հայոց եկեղեցու նորօրյա պատմության մեջ: Մայրս մի թեթեւ նեղացած էր ինձանից, որ պոլիտեխնիկը կիսատ էի թողել: Ինչքան էլ բացատրում էի, որ դա չէր իմ կոչումը, չէր համոզվում: Մի օր միասին մտանք Մայր Աթոռ. երբ ցույց տվեցի Իջման սեղանին դրված ճրագամանն ու բուրվառները, աչքերը փայլեցին: Իսկ երբ պատմեցի, որ քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով Խոր վիրապից բերված լույսը հենց իմ պատրաստած ճրագամանի մեջ է այրվել, ու որի լույսը 40 թեմերի թեմակալները սփռել են աշխարհով մեկ, ներողամտորեն նայեց վրաս ու հուզվեց: «Ես հպարտանում եմ քեզանով»,- ասաց: Մի տեսակ թեթեւացած զգացի, որ կարողացա գոհացնել մորս»,- պատմում է վարպետ Արշակը: Նրա ստեղծած արծաթե ճրագամաններից մեկն էլ Անթիլիասում է, մյուսը` Երուսաղեմում: «Վատիկանում էլ մի հետաքրքիր աշխատանք ունեմ: Հռոմի պապին դա շատ է դուր եկել: Ստեղծագործություններ ունեմ նաեւ Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդի գանձատանը»: Վարպետ Արշակի ստեղծագործությունների աշխարհագրությունը տարածվում է Ավստրալիա մայրցամաքից մինչեւ Ամերիկա: «Բայց դա ինձ չի գոհացնում: Հիմա այլ նպատակներ ունեմ: Ուզում եմ իմ ներդրումն ունենալ հայկական վերակառուցվող վանքերում ու եկեղեցիներում: Այդ ցանկությանս մասին գիտեն բոլոր նրանք, ովքեր ստանձնել են քանդվող այդ հուշարձանների վերաշինման աստվածահաճո գործը: Օրինակ` վերակառուցվում է Կոտայքի մարզի Ակունքի սբ. Կարապետ եկեղեցին. վերակառուցողն ինձ է վստահել եկեղեցու հսկա խաչը, որն արդեն պատրաստ է: Ես եմ պատրաստել նաեւ Գեղարքունիքի մարզի Ծաղկունքի Սբ. Սարգիս եկեղեցու արծաթյա սպասքն իր հոգեւոր-կրոնական ատրիբուտիկայով` նորապսակների թագերից սկսած` մինչեւ մյուռոնաթափ աղավնին»: Հոգեւոր թեմաներին չեն զիջում նաեւ աշխարհիկները: Նրա ոսկյա եւ արծաթյա սպասքի պարագաներից օգտվում են մի շարք երկրների առաջին դեմքերը: «Ռուսաստանի առաջին եւ երկրորդ նախագահներն իմ պատրաստած արծաթյա գավաթից են թեյ խմում: Ֆրանսիայի նախագահի անձնական հավաքածուում էլ իմ ստեղծագործություններից կան: Այդ փաստից շատ եմ ոգեւորվում. չէ՞ որ դա եւս խոսուն վկայություն է մեր` մշակութային ազգ լինելու մասին»,- ասում է վարպետն ու ավելացնում, որ 18 աշխատանք էլ Թուրքմենստանի նախագահական պալատում ունի: Անգամ մի դեպք հիշեց հայ-թուրքմենական տնտեսական փոխգործակցության հետ կապված, երբ ծագած խնդիրը լուծվել է շնորհիվ իր պատրաստած ոսկյա սկահակի:
Ոսկեձեռ վարպետը դժվարացավ մտաբերել բոլոր երկրներում ունեցած գործերը, փոխարենը` վստահաբար ասաց, որ Հայաստանից գնացող գրեթե բոլոր պատվիրակությունները` լինեն դրանք կառավարական թե գործարար, իրեն են վստահում հուշանվերների գործը: Ադամանդակուռ ոսկյա մի գրիչ է պատրաստել Ռուսաստանի զինանշանով ու կենտրոնում` դրոշի գույներով: «Հայ գործարարներից մեկն է պատվիրել ռուս պետական մի պաշտոնյայի համար: Սիրով եմ պատրաստել ու այն հաստատ համոզմամբ, որ այս գրչով են ստորագրվելու մեր ազգի համար նպաստավոր փաստաթղթերը»:
Արշակ Մանուկյանի ստեղծագործական միտքը չի շրջանցել նաեւ ռազմա-հայրենասիրական թեմաները: Նրա «Անկախությունը» Վազգեն Սարգսյանի տուն-թանգարանում է, մյուսը` Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի առթիվ մարտ ամսին տեղ կգտնի ՀԺԿ գրասենյակի թանգարանային մասում: Իր արվեստով Արշակը վարակել է նաեւ դստերը` Անիին, ով օգնում է հորը պանակեաներ պատրաստելիս` արծնապատելով դրանք: «Ընդօրինակումներ չեմ սիրում: Իմ յուրաքանչյուր ստեղծագործություն երեւակայությանս արդյունք է: Փա՜ռք Աստծո, երեւակայության ճգնաժամ չեմ ապրում: Երբ ինձ փորձեցի ֆաբերժեի ոճում ու ստացվեց, գործից հասկացողներն ուրախացան. կարծեցին, թե ինձ կօգտագործեն կրկնօրինակումներում, բայց սխալվեցին: Ես կեղծիքների չեմ գնա, որովհետեւ սուտն ու կեղծիքն աղավաղում են ճշմարիտ արվեստը»:
www.hetq.am