«Պոլիտեխնիկի շրջանավարտ տղամարդը տունն էլ է կարողանում լավ կառավարել»

18/02/2007 Զրուցեց Անուշ ՄԿՐՏՉՅԱՆԸ

Այսպես է կարծում ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, 18 տարի շարունակ Հայաստանի Ճարտարագիտական համալսարանի (Պոլիտեխնիկի) ռեկտոր (արդեն նախկին), այսօր Մեխանիկայի եւ մեքենագիտության դեպարտամենտի պրոֆեսոր, ամերիկյան Ստենֆորդի, Իլինոյի համալսարանների երբեմնի հրավիրված պրոֆեսոր Յուրի Սարգսյանը, ում անունն արդեն փորագրված է Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնի Փառքի դահլիճում:

Ճարտարագիտական կրթության եւ գիտության ասպարեզում համաշխարհային մասշտաբով նշանակալի ներդրման համար` Կենտրոնը Յու. Սարգսյանին արժանացրել է 2006թ. «Աշխարհի լավագույն 100 կրթական գործիչներ» մրցույթի դափնեկրի կոչման։

– Այսօր միլիոնավոր մրցանակաբաշխություններ են տեղի ունենում աշխարհի տարբեր երկրներում։ Կոնկրետ այս մրցանակի որակական արժեքը ո՞րն է։

– 19-րդ դարից Քեմբրիջի միջազգային կենսագրական կենտրոնը զբաղվում է այս կամ այն ասպարեզում ականավոր գործիչների, լինի դա բիզնես, արվեստ, գիտություն, կրթություն եւ այլն, կենսագրությունների ընտրությամբ։ 78-ից ես արժանացել եմ նրանց ուշադրությանը։ Հենց այդ տարիներին շահել էի Ամերիկյան ինժեներ-մեխանիկների ընկերության լավագույն աշխատանքի մրցանակը, եւ իմ կենսագրությունն արդեն ընդգրկված էր այս կենտրոնի հանրագիտարանի հատորներից մեկում։ Հավանաբար, հետեւել են իմ կենսագրական ելեւէջներին, իմ տեղաշարժերին՝ գիտությունից դեպի կրթություն, կրթությունից՝ կրթական քաղաքականություն, եւ 2006թ.-ի ամռանը, երբ որ նոր էի թողել ռեկտորի պաշտոնը, ստացա ծանուցում, որ արժանացել եմ «Top hundred educators» անվանակարգին։ Կրթության եւ գիտության գործիչների հազարավոր կենսագրություններ են նայվել, ու հավանաբար անցյալում էլ իմ անունը դիտարկվել է, սակայն 2006թ.-ի հարյուրի մեջ ընդգրկվեցի։ Մեդալն ու վկայագիրը ստացել եմ փոստով, սակայն ինձ հրավիրել են Քեմբրիջի փառքի դահլիճում փորագրած անունս տեսնելու։

– Հայաստանից, ձեզանից բացի, որեւէ մեկն ընդգրկվա՞ծ էր այս հարյուրի մեջ:

– Ես ուրիշ ոչ մեկին չգիտեմ։

– 18 տարի ղեկավարել եք Պոլիտեխնիկը, իսկ հիմա տարիքից ելնելով (օրեր առաջ Յու. Սարգսյանը դարձավ 66 տարեկան)` թողել եք պաշտոնը։ Ռեկտորից դասախոս դառնալը հոգեբանական խնդիրներ չի՞ առաջացնում։

– Նախ` այդ օրենքի մասին։ Կարծում եմ, որ ճիշտ որոշում է այն, երբ ռեկտորն իրավունք չունի 2 անընդմեջ ժամկետից ավելի ղեկավարել։ Այսինքն՝ 10 տարուց ավելի։ Սակայն տարիքային սահմանափակումն, իմ կարծիքով, բոլորովին արդարացված չէ։ Իսկ նման հարցերին հոգեբանորեն շատ պարզ եմ վերաբերվում։ Ես ինձ երբեք ռեկտորի կարիերայի համար չէի պատրաստել։ Ժամանակին ինձ միահամուռ եւ Պոլիտեխնիկում առաջին անգամ ընտրել էին, եւ ամեն րոպե պատրաստ եմ եղել վերադառնալ, որտեղից եկել էի։ Հիմա ես վերադարձել եմ իմ սիրած գործին, գիտությանը, շարունակում եմ զբաղվել միջազգային ծրագրերով, վերականգնում եմ գիտական կապերը, փորձում եմ վերականգնել այն մենագրությունները, որոնք ժամանակի սղության պատճառով ընդհատել էի։

– Ի՞նչ օրի է այսօր ՀՀ-ում գիտությունը։

– Չկա պետական հստակ գիտական քաղաքականություն, ֆինանսավորում, գիտության զարգացման ստրատեգիա եւ ինստիտուցիոնալ կառուցվածք։ Երբ որ բազմաթիվ անհատների եւ խմբերի հատվածական ջանքեր կմիավորվեն որոշակի պետական հովանու ներքո, այդ ժամանակ հնարավոր կլինի ստեղծել կրիտիկական էֆեկտ երկրի համար։

– Ամեն տարի ՀՀ գիտության համար գումարներ են հատկացվում։ Փաստորեն, այդ գումարներն անիմաստ փոշիանո՞ւմ են։

– Փողերն այնքան քիչ են, որ արդեն փոշի են։ Դրանք մանրէ են գիտության համակարգը պահպանելու համար։ Ես ընդունում եմ, որ դրանք ոչ արդյունավետ են օգտագործվում։ Մարդիկ, ովքեր, իրոք, գիտնականներ են եւ չեն ուզում իրենց պրոֆեսիան փոխել, շարունակում են գիտությամբ զբաղվել։ Հավանաբար արտասահմանյան դրամաշնորհներով, գուցե արտասահմանում, գուցե այստեղ են գտնում որոշակի հնարավորություններ։ Անհատները դեռ կան եւ աշխատում են, բայց գիտական կոլեկտիվները եւ հատկապես քայքայված համակարգը, ըստ էության, չունեն էֆեկտիվ գործունություն եւ հավաքական արդյունք։

– Գիտություն եւ տնտեսություն կապ կա՞, գործնականում այն կիրառում գտնո՞ւմ է։

– Գիտությունն, ըստ էության, մեզանում ինքնապարփակված է։ Գիտությունն ուղղակի չի հարաբերվում տնտեսության հետ։ Համենայն դեպս, արդյունավետ ներգործության օրինակներ չունենք, երբ գիտությունը ներգործում է տնտեսության որեւէ ճյուղի վրա եւ ունի տեսանելի կոմերցիոն էֆեկտ։ Խոսքը ինովացիոն հետազոտությունների եւ այդ համակարգի բացակայության մասին է, որոնք պետք է բազային գիտությունը կապեն տնտեսության հետ, եւ ստացած արդյունքը բերեն, դարձնեն կոմերցիոն արդյունք։ Դարձնեն որոշակի նոր արտադրանք, մրցունակ արտադրանք, որը կարող է արտահանվել։

– Գուցե գիտության վարկի անկո՞ւմ կա։ Երիտասարդներին այս ոլորտը, կարծես, շատ քիչ է գրավում, իսկ ում էլ գրավում է` արտասահմանում է։

– Մարել կամ մահացել է գիտական ռոմանտիզմը, երիտասարդների երբեմնի մղումը դեպի գիտություն չկա։ Ունեցել ենք ուղեղների ուժեղ արտահոսք։ Եթե չկա համակարգ, որի մեջ դու կարող ես բացահայտվել, կարող ես մրցունակ լինել, ապա երիտասարդ ուղեղը գտնում է իր կիրառությունն ավելի մեծ համակարգում՝ Եվրոպայում, ԱՄՆ-ում կամ այլուր։ Այդպես ես կորցրել եմ իմ լավագույն աշակերտներին, ովքեր աշխատում են Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում։ Երիտասարդ գիտնականների շատ հզոր խումբ ունեի։ Տաղանդավոր էին, դրա համար ցրվեցին։ Եթե անտաղանդ լինեին, երեւի կմնային։

– Այդ դեպքում ինչո՞ւմ է ԳԱԱ-ի գոյության իմաստը։ Մի տեսակ ոչ ֆունկցիոնալ, անիմաստ կառույց չի՞ դարձել այն։

– ԳԱԱ-ն ունի կամ պետք է ունենա կարեւոր առաքելություն։ Այն պետք է լինի գիտության ուղղորդիչը։ Տարբեր ուղղությունների գիտնականներ, կոլետիվներ կարող են հավաքվել ընդհանուր ակադեմիական կառույցի մեջ։ Առանձին ինստիտուտներ նման ներուժ կամ հնարավորություն կարող են չունենալ։ Իսկ այստեղ մաթեմատիկոսները, ֆիզիկոսները, բիոլոգները կարող են միասին գործել, ասենք, որոշակի առողջապահական նոր տեխնոլոգիաներ ստեղծել կամ գնալ դեպի տնտեսություն։ Բազմաթիվ կամ բազմաբնույթ ինստիտուտների կազմակերպական ու ռեսուրսային միասնացումն է ԳԱԱ-ի նպատակն ու առաքելությունը։ Բայց ինչպե՞ս է կատարում իր այդ առաքելությունը ԳԱԱ-ն։ Ինձ թվում է` թերարժեք, եթե նույնիսկ կատարում է: Ես մի քիչ կվարանեի այլ բառերից, որովհետեւ ԳԱԱ-ի անդամ եմ եւ ինձ էլ եմ հասցեագրում այս քննադատությունը: Ակադեմիան պետք է անցնի վերափոխումներով։ Այդ մասին խոսում ենք 90-ականներից։ Ինստիտուտները պետք է ստանան մեծ ազատություն եւ ինքնավարություն։ Պետք է հիշենք, որ Ակադեմիան նրա նախագահությունը կամ ակադեմիկոսները չեն միայն, այլ, առաջին հերթին, նրա հազարավոր գիտաշխատողներն են, որոնք այսօր պետական եւ հասարակական ուշադրության են կարոտ: Բոլորովին պարտադիր չէ, որ Ակադեմիան միայն ակադեմիկոսները կառավարեն: Պետք է հստակեցվի ԳԱԱ-ի նախագահության եւ կենտրոնական կառույցների դերը, այստեղ պետք է մուտք գործեն երիտասարդ եւ առաջադեմ կառավարիչներ, որպեսզի ԳԱԱ-ն իր առաքելությունը կատարի։ Այդ ռեֆորմները մենք դեռ չենք տեսնում, բայց դրանց մասին շատ խոսվում է։ Ինչ-որ նոր փաստաթղթեր են հայտնվում, որոնք, որպես կանոն, մնում են անօգտագործելի, փոխարինվում են այլ փաստաթղթերով։ Նկատվում է որոշակի տեղապտույտ։ ԳԱԱ-ի դերը շատ կարեւոր է, պարզապես, նրան օգնել է պետք այն կատարելու։

– Ո՞վ պետք է օգնի։

– Կառավարությունը պետք է վերջապես ընդունի գիտության զարգացման որոշակի դոկտրինա։ Ճիշտ նշի ակադեմիայի տեղը, բուհական եւ ճյուղային գիտության տեղն ու դերը։ Ակադեմիան պետք է առաջատար եւ ուղեցույց լինի գիտության համակարգում։ Պետք է ունենանք զարգացման ստրատեգիա։ Դա ունենալու համար պետք է ճիշտ նշենք, թե որտե՞ղ ենք եւ ո՞ւր ենք ուզում գնալ, մեր ինչի՞ն է պետք գիտությունը, ինչպե՞ս է այն հարաբերվելու հասարակության, տնտեսության հետ, որպեսզի կառուցենք ֆինանսավորման սխեման եւ տեսնենք` ո՞ր կետերի վրա պետք է գերակա ուշադրություն դարձնենք, որպեսզի դառնանք մրցունակ։ Ամբողջ Եվրոպան հիմա գնում է դեպի գիտահենք տնտեսության, ուզում են դառնալ աշխարհի ամենամրցունակ տարածքը հենց գիտահենք տնտեսության ներմուծման եւ տեխնոլոգիաների միջոցով։

– Այդ դեպքում գիտությունը կերիտասարդանա՞։ Երիտասարդ ուղեղները հետ կգա՞ն։

– Եթե այստեղ լինի արտասահմանյան ընկերությունների ինտերվենցիա, հատկապես բարձր տեխնոլոգիաների ասպարեզում, ակնհայտ է, որ աշխատավարձը կբարձրանա։ Այն պահին, երբ այստեղ կլինեն պայմաններ, նոր գնացածներն, իհարկե, կվերադառնան, եթե, իհարկե, խոր արմատներ չեն գցել։ Օրինակ՝ իմ ասպիրանտներից մեկն արդեն վերադարձել է եւ աշխատում է այստեղ։

– Դեռ խորհրդային տարիներին Պոլիտեխնիկը մեծ համբավ ուներ տղաների շրջանում, իսկ այսօր մենք, կարծես, տնտեսագետների եւ իրավաբանների սերունդ ենք մեծացնում։ Փաստորեն, Պոլիտեխնիկ ընդունվում են հիմնականում նրանք, ովքեր բարձր միավորներ չեն հավաքում վերոնշյալ բուհերի համար։

– Այստեղ դժվար է գտնել Պոլիտեխնիկի մեղքը։ Երիտասարդները չունեն մղում դեպի գիտությունը կամ ճարտարագիտությունը։ Գիտություն ասելով` ես նկատի չունեմ տնտեսագիտությունը, այլ ճշգրիտ գիտությունները, որով Հայաստանը հայտնի էր ամբողջ ԽՍՀՄ-ում, գուցե` նաեւ աշխարհում։ Այժմ իրադրությունը փոխվել է, որովհետեւ փոխվել է արժեքային համակարգը։ Եթե չկա որոշակի գիտական համակարգ, որտեղ կարող ես քեզ հետո ցուցաբերել, եթե ինժեներական գործունեությունը բարձր չի վարձատրվում, չունի հասարակական վարկանիշ, ակնհայտ է, որ այն պետք է ազդի դիմորդների հոսքի վրա։ Ցավով պետք է ասեմ, որ մեր ոսկե մեդալակիրները նախընտրում են տնտեսագիտական, իրավաբանական ֆակուլտետները։ Ես ինքս ոսկե մեդալով եմ ավարտել դպրոցը, եթե ես Պոլիտեխնիկը չընտրեի, բոլորին կզարմացնեի։ Բոլոր ընդունակները ժամանակին ընտրում էին «կարծր» մասնագիտություններ։ Հասարակական միջավայրն է փոխվել։

– Բայց ինժեներն այն մասնագիտությունը չէ՞ արդյոք, որ ամեն բնագավառում էլ կիրառելի է։

– Այո, ավարտելով Պոլիտեխնիկը, այսօր էլ ԱՄՆ-ում, Եվրոպայում ինժեների, հատկապես` ծրագրավորողի աշխատանք կարող ես գտնել։ Այս դեպքում ինժեներական դիպլոմը լավ այցեքարտ է, իսկ այստեղ ստացած իրավաբանական կամ տնտեսագիտական կրթությունը չունեն այդ վարկը։ Մեր ինստիտուտում սովորելով՝ ստանում են կոնկրետ մասնագիտություն եւ նաեւ շատ պրագմատիկ մտածելակերպ։ Մեր շրջանավարտներն աշխատում են ամենուր։ Ֆինանսների նախարարը՝ Վ. Խաչատրյանը մեքենաշինականի շրջանավարտն է, Դ. Հարությունյանը՝ հաշվողական տեխնիկայի շրջանավարտ է, Վ. Օսկանյանն էլ է ավարտել Պոլիտեխնիկը, Ա. Մարգարյանն ավարտել է Կիբեռնետիկան, Ռ. Քոչարյանը՝ Էլեկտրատեխնիկականը, Տ. Թորոսյանը՝ Կիբեռնետիկան։ Մարզպետները, դեպուտատները, ՊԱՏ-ի աշխատողներից շատերն էլ են ավարտել Պոլիտեխնիկը, ձեռք բերել սիստեմային մտածողություն։ Պոլիտեխնիկական ինստիտուտը տալիս է որոշումներ ընդունելու, բարդ իրավիճակներ վերլուծելու կարողություն։ Պոլիտեխնիկի շրջանավարտ տղամարդը տունն էլ է կարողանում լավ կառավարել։ Տղամարդու համար պոլիտեխնիկական կրթությունն ունիվերսալ կարիերային կրթություն է, որը նրա հետ է ողջ կյանքում, որտեղ էլ նա լինի: