– Մենք ապրում ենք, շփվում, ստեղծագործում մեր հարազատ քաղաքի միջավայրում, բայց ժամանակ առ ժամանակ անհարմարավետ ու տխուր ենք մեզ զգում։ Կարելի՞ է ասել, որ մենք փոխվում ենք, իսկ քաղաքը՝ ոչ։
– Հայաստանի միջավայրը մեզ բոլորիս համար շատ հարազատ է, այստեղ ենք մենք կայացել, բայց մյուս կողմից, փաստորեն, հասկանում ենք, որ այս միջավայրը թույլ է, եւ ուժը վաղ թե ուշ այստեղից դուրս է գալու։ Ես ցանկանում եմ, որ այս մեր միջավայրին, թեկուզեւ՝ արհեստականորեն, ուժ հաղորդվի։ Եթե այսպիսի ընթացքով շարժվենք, ապա շփման դիապազոնը շատ է նեղանալու, իսկ հետաքրքրությունները զուտ տեղային, լոկալ կդառնան։ Եթե արվեստի խնդիրների մասշտաբը չլայնացավ (իսկ արվեստի խնդիրները միշտ շատ լայն են), ուժը, միեւնույն է, դեպի մասշտաբն է գնալու։ Հիմա մեր լավագույն աստղագետները Գերմանիայում են աշխատում, քանի որ այնտեղ է աստղագիտության ամենախոշոր կենտրոնը։ Մեր լավագույն մասնագետները դոնորներ են դառնում այն երկրների համար, որտեղ իրենց հետաքրքրության առարկան զարգացում է ապրում։ Իսկ Հայաստանում զուտ դատարկ ֆորմաներ են մնում, որոնք թույլ են տալիս, որ այս կամ այն բնագավառն ուղղակի վերապրի։ Բայց դա արդեն հանդուրժելի չէ, քանի որ հայ ազգը միշտ իր դիապազոնով շատ լայն է եղել։ Դա ոչ թե մեր արժանիքն է, այլ պարզապես՝ փաստ է։ Ամեն մի ասպարեզում հայերը մտածողներ են տալիս, եւ դա Հայաստանին հնարավորություն է տալիս դառնալու հանդիպման, զրույցի դաշտ։
– Այսինքն, խաչմերուկ, որտեղ կարող են հանդիպել տարբեր բնագավառների մարդիկ ու շփվել:
– Խաչմերուկը մի քիչ պրետենցիոզ բառ է, քանի որ մեր աշխարհագրական դիրքը թույլ չի տալիս խաչմերուկ լինել։ Մենք նույնիսկ ճանապարհի վրա գտնվող քաղաք էլ չենք, մենք փակուղի ենք։ Խաչմերուկն ավելի շուտ գաղափարների հետ է պետք կապել։ Հայաստանը պատմականորեն միշտ եղել է քաղաքակրթությունների միջեւ ընկած երկիր։ Իսկ հիմա մենք ոչ լիովին Ռուսաստանի հետ ենք, ոչ Արեւմուտքի, ոչ էլ՝ իսլամական աշխարհի, մեր վիճակը բավականին ունիկալ վիճակ է: Հիմա ոչ մի կողմից երկիր մտնել ու երկրից դուրս գալ չես կարող։ Եվ այս մեր վիճակում առանց արհեստական քայլերի հնարավոր չէ մտածողության դաշտ ստեղծել։ Իսկ նման քայլեր միշտ արվել են։ Պարզ մի օրինակ բերեմ. երբ 7-րդ դարում Հայաստանում Զվարթնոցի տաճարը կառուցվեց, դա իսկական մշակութային «դեսանտ» էր։ Որքան էլ որ այդ շրջանում մեր ճարտարապետությունը ռենեսանս էր ապրում, Զվարթնոցը չի կարելի մշակութային զարգացման օրգանական շարունակությունը համարել, դա ավելի շուտ մշակութային «շանտաժի» էր նման։ Դա դրսից բերված ֆորմա էր։ Ներսես Շինարարը լավ ուսումնասիրել էր եւ՛ հայկական, եւ՛ բյուզանդական, եւ՛ հռոմեական ճարտարապետությունը, եւ իր այդ տաճարով շոկի բերեց Հայաստանը։ Նման շոկային քայլերը հետագայում նոր մտածողություն են բերում։ Եվ Զվարթնոցի «երեխան» Անի մայրաքաղաքը դարձավ։
– Մեզ շոկ ու պրովոկացիա՞ է պետք։
– Այո, հետո դրանք դառնում են դոգմա։ Հայաստանն ունիկալ երկիր է, երբ վերեւից ինչ-որ գաղափարներ են «իջեցվում», սկզբում դրանք չեն ընդունվում (նույն Զվարթնոցը չընդունվեց), բայց հետո դրանք համարվում են դոգմա։ Հիմա մենք Զվարթնոցի արծիվը Փարիզ ենք տանում, որպես զուտ հայկական նմուշ, որը, սակայն, այն ժամանակի արվեստի օրգանական պտուղը չէր, այլ՝ արհեստական, ուռճացված շոկային ֆորմա էր։ Նման շոկային կոնցեպտ էր նաեւ Թամանյանի ճարտարապետությունը, որը կարող էր իրականանալ միայն Երեւանում։ Գյումրիում այն չէր կարող իրագործվել, քանի որ այնտեղ արդեն իսկ ոճ կար, իսկ Երեւանը Թամանյանի համար «սպիտակ թուղթ» էր։ Սինթեզ անելու մեծ վարպետ Թամանյանը երկու մոդել դրեց Երեւանում՝ Օպերան ու Հրապարակը։ Եվ այդ երկու մոդելները մինչեւ հիմա մեզ դիկտատի տակ են պահում։ Այդ օրերի համար նման դիկտատը շատ էր պետք, բայց հիմա, երբ այդ մոդելները դոգմա դարձան՝ արդեն հերիք չէ։ Հիմա Թամանյանի կամարներն արդեն որպես հայկական են ընդունվում ու դրանց օրինակով մի ողջ Հյուսիսային պողոտա է կառուցվում՝ արվարձանային ճարտարապետության ոճով, այսինքն, «կամարի կամարը» կամ «ստվերի ստվերն» են կառուցվում։ Բայց մենք մոռանում ենք, որ Թամանյանի այդ մոդելները բռնի ուժով էին բերվել, քանի որ պետությունն այդ ժամանակ իր առջեւ խնդիր էր դրել։ Լա՞վն էր, վա՞տն էր, ֆունկցիոնա՞լ էր, թե՞ ոչ, դա կարեւոր չէ, կարեւորը խնդիր դնելն է։ Պատկերացրու, որ եթե Թամանյանը հին Երեւանի կենտրոնին ձեռք չտար ու ինչ-որ բաներ կառուցեր արվարձաններում, մենք կունենայինք հին քաղաքը, որը շատ էինք սիրում, բայց նոր մտածելակերպը քաղաքի կենտրոնից չէր սկսվի։ Հիմա մտածելակերպը կենտրոնից է սկսվում, այնպես, ինչպես Փարիզը սկսվում է կենտրոնում գտնվող Լուվրից։ Հիմա մենք հաճախ ենք ասում՝ իջնում ենք քաղաք։ Այդ «քաղաք իջնելու» գաղափարը Թամանյանին է պատկանում։ Կոմիտասի փողոցն, օրինակ, չգիտես ինչո՞ւ քաղաք չի համարվում։ «Քաղաք իջնելը» ծեսի է նման, կարծես թե իջնում ես դեպի իմաստը, միտքը, որը կոդավորված է Օպերայում ու Հրապարակում։
– Այսօրվա ճարտարապետության խնդիրներն ինչո՞ւմ ես տեսնում։
– Ժամանակը մեզ շատ պարզ խնդիրներ է տալիս։ Օրինակ, բոլորս գիտենք, որ Երեւանի հրապարակի տակ կատակոմբաների մի ամբողջ ցանց կա։ Դրանք հսկայական սրահներ են, որոնք քաղաքի են նման։ Թամանյանը հին քաղաքի շուկան հավասարեցրեց հողին՝ լավ հասկանալով՝ թե ի՞նչ է իրեն պետք, նա գիտեր իր խնդիրները։ Այդ նկուղային քաղաքը մնաց հողի տակ, քանի որ այն պետք չէր այն ժամանակ։ Բայց գուցե հիմա այն պե՞տք է… Հիմա այլ խնդիրներ պիտի դնել, այլ ոչ թե ուղիներ փնտրել՝ այդ խնդիրներից փախչելու համար։ Իսկ ճարտարապետությունը առաջ է գնում միայն այն ժամանակ, երբ խնդրի առջեւ է կանգնում։ Օրինակ, նման խնդիր դրեց իր առջեւ Բարսելոնան, որը չէր ուզում Փարիզից ետ մնալ։ Փարիզում Պոմպիդուի կենտրոն էր բացվել, Բարսելոնան էլ որոշեց իր մոդեռն արվեստի թանգարանը՝ Կասաբլանկան հիմնել հենց հին քաղաքի կենտրոնում։ Բարսելոնայի մոդեռնը հնի օրգանական շարունակությունը դարձավ, թանգարանը սկսվում է հին ռոմանական եկեղեցուց, որը զրկվել է եկեղեցու ֆունկցիայից, եւ հիմա այնտեղ կարելի է տեսնել ամենամոդեռն, ծայրահեղ աբստրակտ նկարչությունն ու քանդակը։ Բարսելոնցիները նույնիսկ եկեղեցու խորանի վրա են քանդակ տեղադրել՝ արվեստին աստվածային, արարչական ֆունկցիա տալով։ Դա շատ դեմոկրատական քայլ է, քանի որ մարդուն դնում ես խորանի վրա, իսկ մեր եկեղեցիներում նույնիսկ բարձրանալ չի թույլատրվում։ Այսինքն, բարսելոնցիներն Աստծո տեղն արվեստին տվեցին եւ պահպանեցին հին եկեղեցու շենքը։ Իսկ եկեղեցու կողքին սարքեցին լրիվ կոնցեպտուալ, մոդեռն, սպիտակ չորսհարկանի թանգարանը, որի սպիտակ գույնը շատ հետաքրքիր է նայվում բազմամարդ, ակտիվ հրապարակում, որտեղ մարդիկ են նստում, երեխաներ են խաղում։ Այդտեղ մեքենաներ չեն մտնում, դա մարդկանց հանգստյան գոտի է, որտեղ մարդիկ բեմադրություններ են ցույց տալիս, մի խոսքով՝ դրսեւորվում են։ Բարսելոնան նաեւ թանգարան սարքեց կողքին գտնվող18-րդ դարի խճանկարներով զարդարված, մեծ բակով քառանկյուն շենքը, եւ իր այդ քայլով քաղաքը կարողացավ դարերն իրար կապել։ Փաստորեն, Բարսելոնան ընկերացրեց երեք արվեստների ֆորմաները, նա կռիվ չարեց ոչ մի ֆորմայի հետ, չբացասեց ու չքանդեց ոչ մի բան։ Նորը գրկեց անցյալը։ Իսկ Բարսելոնայի խնդիրները շատ նման են Երեւանի խնդիրներին։
– Երեւի թե նման չեն, քանի որ բնակելի շենք կառուցելով՝ Երեւանը ցանկանում է դրանք վաճառել։
– Ես դա հասկանում եմ, պարզ շահերը շատ վտանգավոր զոնա են։ Բայց այդ նույն շահերը բոլոր երկրներում կան։ Կատալոնիայի մայրաքաղաք Բարսելոնայում շատ մեծահարուստներ կան, ովքեր մերոնցից տասն անգամ ավելի շատ դղյակներ ունեն, որոնք երբեմն շատ ավելի անճաշակ են, քան հայերի դղյակները։ Բայց հարցը ժողովրդի ընդհանուր խնդրի մեջ է։ Թանգարանը պետք է պորտրետ լինի, եւ բոլորովին էլ պարտադիր չէ, որ այդ պորտրետում մենք ապրենք, եւ այդտեղ լինեն մեր խանութները։ Օրվա օգտագործման վայրեր կան, եւ քո նկարագրի կոդեր կան։ Իսկ եթե քո նկարագիրն աշխատում է, դու կարող ես այլեւս օրվա փողի մասին չմտածել. քո փողը գալու է։ Իսկ մենք միայն առաջին քայլով ենք նայում, մտածում ենք, որ փողը փողից է գալու, բայց երկրորդ կամ երրորդ քայլերը հաշվի չենք առնում։ Երեւանի կենտրոնն ապագա ամայացման հիմք դրեց, որովհետեւ ի սկզբանե սխալ խնդիր դրվեց։ Երեւանը եւ՛ մարդու տուն, եւ՛ մարդու պորտրետ, եւ՛ ոգու դրսեւորում պիտի լիներ, բայց այդ նշաները չաշխատեցին։ Երեւանի հրապարակն օգտագործելու միլիոնավոր ձեւեր կային, մենք ոչ մեկը չընտրեցինք։ Կարելի էր նույն հրապարակն ունենալ, բայց դրա ներքեւում մի այլ քաղաք ունենալ, եւ մշակույթը, գինին, պանիրը կամ գրականությունն այդտեղ ներկայացնել։ Այդ քայլով շատ խնդիրներ կլուծվեին։
– Իդեալիստական եւ միեւնույն ժամանակ սթափ մտածելու ժամանակը երեւի թե չի եկել։ Կարծես հիմա բոլորը մտածում են միայն գոյատեւելու մասին։
– Երբ ուզում ես միայն գոյատեւել՝ չես էլ կարողանում գոյատեւել։ Իսկ երբ ուզում ես իդեաներ մարմնավորել, գոյատեւելն իդեաների ետեւից է գալիս։ Քաղաքներ ու քաղաքակրթություններ կան, որոնք իրար ետեւից վերանում են, այդ ընթացքը կանգնեցնել չի կարելի։ Եվ եթե գալու են աշխարհի խնդիրներին ծանոթ երիտասարդներ, նրանք այստեղ ապրելով՝ իրենք իրենց ավելորդ կհամարեն, քանի որ այստեղ խնդիրներ չեն լուծվում։ Երիտասարդը կուզի գնալ այնտեղ, որտեղ իրեն մի փոքր խնդիր, մի փոքր անկյուն կտան, ու նա մեծ խնդրի մեջ կհայտնվի։ Ես, օրինակ, նախընտրում եմ ավելի չճանաչված ու քիչ վաճառվող նկարիչ լինել, բայց քայլել աշխարհի խնդիրների հետ։ Ավելի լավ է անել քիչ, բայց խնդիրները հասկանալ։ Եթե գիտնականին ընտրություն տաս, ասես, որ նա կարող է շատ քիչ աշխատավարձով առաջնային մասնագետների հետ աշխատել կամ առաջարկես նրան սեփական խանութ ունենալ ու ապահովել երեխաների ուսումը, համոզված եմ, որ նա ավելի շուտ իդեան կընտրի ու ավելի դժվար ճանապարհով կգնա, քանի որ կիմանա, որ մեծ մասշտաբի մեջ է մտել։
– Ինչո՞վ է մեզ հետաքրքիր հենց Բարսելոնայի օրինակը։
– Բարսելոնան շատ նման է մեզ։ Կատալոնիա երկիրը ճիշտ Հայաստանի չափ է, իսկ կատալոնցիներն աշխարհով մեկ են սփռված։ Ֆրանսիայում ապրող կատալոնցիները համարյա թե կորցրել են իրենց լեզուն, իսկ Իսպանիայում ապրողները պահպանում են իրենց լեզուն, ամեն ինչ կատալոներենով են տպագրում եւ գրում։ Նրանք գրեթե մեր վիճակի մեջ են, քանի որ Իսպանիան նրանց ճնշում է, եւ իրենք իրենց համար նշաններ են ստեղծում, հաճախ՝ արհեստական։ Կատալոնիան աշխարհին Պիկասո, Միռո, Դալի, Գաուդի ու Բունյուել է տվել, այսինքն, այն բոլորը անունները, որոնք դարձել են Իսպանիայի «դրոշը»։ Կատալոնցիներն անընդհատ կողոպտվել են (մենք էլ հաճախ բողոքում ենք, որ Այվազովսկուն կամ Խաչատրյանին ռուս արվեստագետ են համարում), բայց նրանք փորձել են «արանքը ճեղքելու», սեփական ինքնությունը պահպանելու ու փաստելու մոդել գտնել։ Այդ մոդելն ամբողջովին արհեստական ծնունդ ունի։ Բարսելոնայի հաջողությունը հարուստ ու հասկացող մարդկանց շնորհիվ է կատարվել, նրանք կարողացել են հաղթահարել փոքր ժողովուրդների կոմպլեքսը։ Նախ` նրանք հանճարեղ ֆուտբոլային թիմ ստեղծեցին, Ռոնալդինյոն, օրինակ, կարողանում է մի ողջ երկիր պահել, միայն նրա պորտրետով շապիկների վաճառքը հսկայական գումարներ է բերում։ Ֆուտբոլային հանդիպման տոմսերի գինը մի քանի անգամ ավելացրեցին, բայց մարզադաշտում դատարկ տեղեր չեն լինում։ Կատալոնացիները, լինելով մոնոէթնիկ ազգ, չամաչեցին ոչ կատալոնցուն իրենց սիմվոլը դարձնել։ Նրանք հաղթահարեցին իրենց հպարտությունն ու ստեղծեցին մի թիմ, որտեղ գրեթե կատալոնցի չկա։ Դա արեցին հանուն ուրիշ քայլի։ Նույնն արեցին ֆրանսիացիները, որոնց ֆուտբոլային հավաքականն ամբողջովին սեւամորթներից է կազմված։ Ֆուտբոլի դեմքը Ֆրանսիան նվիրեց Զիդանին ու աստվածացրեց նրան, բայց դրանով Ֆրանսիան մեծ գումարներ վաստակեց ու ծախսեց իր երկրի վրա։ Միշտ պետք է մի բան զիջես, որ ուրիշ մի բան շահես։ Իսկ Բարսելոնայի մյուս ֆրոնտը մշակույթն ու ճարտարապետությունն են։ Մոդեռն արվեստով նրանք կարողացան մարդկանց իրենց կողմը «քաշել», եւ դա` այն դեպքում, երբ իրենց կողքին էր Մադրիդը։ Բարսելոնան Փարիզից վերցրեց միշտ առաջ նայելու սիմպտոմը։ Նապոլեոնը Փարիզի կենտրոնում՝ Կոնկորդ հրապարակում, տեղադրելով եգիպտական սյունը, ասաց՝ ուզո՞ւմ եք առաջ գնալ, ուրեմն ետ գնացեք եւ սովորեք այն ժողովուրդներից, ում անարգում եք ու համարում եք վերացած ժողովուրդներ։ Այդ քայլով Նապոլեոնը հանեց ֆրանսիացու կոմպլեքսը, որը համարում էր, որ միայն իր արածն է լավը։ Նապոլեոնն իր այդ քայլով փոխեց ֆրանսիացիների մտածելակերպը։ Մեզ մոտ գրեթե նույն վիճակն է, մեր քաղաքում միայն մեկ արձան կա, որը ոչ թե հայ, այլ՝ իտալացի է պատրաստել՝ դա «Ձեռքերն» է, որը մինչեւ հիմա մենակ է մնացել ու մտածելակերպ չի դարձել։ Հա, մեկ էլ «Կատուն» կա, որը մի շարք պաշտամունքային քանդակագործների գործերը տեղադրելուց հետո դրվեց ու, կարծես թե, որոշ իմաստով փոխեց մեր մտածելակերպը։ Բայց ոչ մեկի մտքով չի անցնում, որ Երեւանում կարելի է ոչ հայ քանդակագործի քանդակ դնել։
– Գուցե ազգային նկարագի՞րն է դրա դեմ ընդվզում։
– Հետաքրքիր է, որ հայի մտածելակերպը սկսում է աշխատել բախման մեջ։ Հավասար ընթացքի ժամանակ մենք ճահճանում ենք։ Իսկ երբ Թամանյանի ու կոնստրուկտիվիզմի լուրջ բախում կար, քաղաքում մի շարք քայլեր արվեցին, որոնցից մեկը հակաթամանյանական Եղեռնի հուշարձանն էր, իսկ մյուսը միջավայրը (նույնիսկ միջավայրում աճող ծառը) օգտագործող ամառային կինոդահլիճն էր։ Այդ նախագծերի շնորհիվ սկսեց քաղաքն աշխատել ու շնչել։
– Ե՞րբ կանգ առավ այդ ընթացքը։
– Այն ժամանակ, երբ Թամանյանը բյուրեղացվեց, ու սկսվեց «կամար» հասկացողության անտեղի շահարկումը։ Երբ որեւէ բան դառնում է բացարձակ ճշմարտություն, այն սառեցվում է ու այլեւս չի զարգանում։
– Նոր գաղափարների աղբյուրը պետք է ծրագրավորե՞լ, թե՞ դա ինքնաբուխ է լինում։
– Պետք է հասկանալ, որ հայկական մշակույթը փրկության կարիք չունի, եւ ավելի լավ է, երբ կարողանում ես ուրիշի ձեռագրերը հասկանալ։ Եթե հասկանաս ուրիշինը, կհասկանաս նաեւ, թե ինչպե՞ս է պետք վարվել քոնի հետ։ Երկրները շուկա են մտնում իրենց այցեքարտերով։ Իսպանիայի համար այդպիսի այցեքարտ է ցլամարտը, որով նա շուկա է մտնում, իր ոտքն ամրապնդում է միջին հասարակության մեջ, հետո անում է երկրորդ քայլը, երրորդը… Իրականում այն, ինչը նա ուզում էր ցույց տալ, նա ցույց է տալիս տասներորդ քայլի ժամանակ։ Շուկա մուտք գործելու համար մի փոքրիկ կախարդական փայտիկ է պետք։ Այդպիսի մի կախարդական փայտիկ մեզ տրված է։ Դա դուդուկն է… Այսօր որ երկրի խանութ գնաս, Ջիվան Գասպարյանի ձայներիզները կտեսնես։ Եվ դուդուկն այցեքարտ սարքելու համար մենք փող չենք ներդրել, դա մեր փոխարեն հրեաներն են արել։ Եվ մենք այն շանսը չենք օգտագործում, հաջորդ քայլերի մասին չենք մտածում։ Իսկ դուդուկը կարող էր ճանապարհ հարթել նկարիչների կամ կինոյի համար։ Դուդուկով կարելի էր մարդկանց ականջները «մտնել», մտածել տալ մեր ցիվիլիզացիայի մասին, հետո հաջորդ քայլերն անել։ Քայլերից մեկը կարող էր ուտելիքը լինել։ Դուդուկը դա ծիրանափողն է, ծիրանը, ծիրանագույնը։ Սա տնտեսություն է, որը գաղափարից է սկսվում։ Պարզապես պետք է «բռնել» այդ գաղափարն ու շահարկել։ Ամեն մի երկիր իր սիմվոլն ու իր «դրոշն» է ստեղծում։ Դա շատ պարզագույն մոդել է։ Ինքնաբուխ ծնված բաներն էլ է պետք կարողանալ օգտագործել։