Հացը վերցնում են ընդհանուր ափսեից եւ ձեռքով երկու կես անում` ամեն մեկն իր ափսեի կողքին դրված փոքրիկ ափսեի մեջ: Մի կեսը թողնում են ափսեի մեջ, մյուս կեսն ուտում` ձախ ձեռքով դրանից փոքր պատառներ կտրելով ու բերանը տանելով: Ապա նույն կերպ ուտում են մյուս կեսը: Հաճախ հացը փոքր բուլկիի տեսք ունի. այն նույնպես երկու կես են անում, ինչպես սովորական հացը:
Ապուրն ուտելիս գդալը պետք է բերանը տանել ոչ թե սուր ծայրով, այլ կողքով: Եթե ապուրը պետք է մինչեւ վերջ ուտել, ապա ափսեն թեքեք դեպի ձեզ, սակայն ավելի լավ է ափսեի տակ մի քիչ ապուր թողնել: Բաժակով մատուցվող արգանակը նույնպես գդալով են ուտում. պետք չէ արգանակը բաժակով խմել:
Կարագը կարագամանից վերցնում են հատուկ լայնշեղբ դանակով, սակայն, եթե չկա, կարող եք կարագը վերցնել ձեր դանակով:
Մսեղեն կերակրատեսակներն ուտում են` դանակը պահելով աջ, իսկ պատառաքաղը` ձախ ձեռքով: Մսից մի փոքրիկ կտոր են կտրում, ուտում, ապա կտրում մյուս կտորը: Եթե մսի մեջ ոսկորներ կան, ապա պետք է դրանք դանակով կտրել, իսկ ոսկորները դնել ափսեի եզրին: Կոտլետն ուտում են պատառաքաղով:
Երշիկեղենը նույնպես դանակ-պատառաքաղով են ուտում:
Ձկնեղենն ուտում են պատառաքաղով եւ հատուկ լայնշեղբ դանակով: Երբեմն ձուկն ուտում են երկու պատառաքաղի օգնությամբ. մեկը դանակի դեր է կատարում: Որոշ ձկնատեսակներ, օրինակ` ապխտած թառափը, ձկան կոտլետները, կարելի է ուտել մի պատառաքաղով` առանց դանակի: Ձուկն ընդհանրապես «դժվար» ուտելիք է, քանի որ հարկավոր է փշերը հանել: Դրա համար ափսեի աջ կողքին հատուկ փոքր ափսե է դրվում:
Բուտերբրոդները նույնպես հարկ է ուտել դանակ-պատառաքաղի օգնությամբ`դրանք փոքր կտորների բաժանելով:
Օմլետն ուտում են երկու պատառաքաղով:
Խաշած կարտոֆիլն ու բանջարեղենը մանր մասերի են բաժանում ոչ թե դանակի, այլ պատառաքաղի օգնությամբ:
Սոուսը լցնում են այն ճաշատեսակների վրա, որոնց հետ այն մատուցվել է. մսի համար նախատեսված սոուսը խավարտի վրա չեն լցնում:
Պանիրը սովորաբար մատուցվում է կամ արդեն կտրատված, կամ էլ ընդհանուր կտորով, որից մեկ-երկու բարակ շերտ է կտրված. այդ դեպքում ափսեի կողքին հատուկ փոքրիկ դանակ է դրվում: Դուք կարող եք պանրից մի շերտ կտրել, ապա ձեր պատառաքաղով վերցնել:
Արդեն ասվեց, որ մսեղենը դանակ-պատառաքաղով են ուտում: Սակայն եթե որսամիս է մատուցվել, եւ այլեւս անհնարին է դանակ-պատառաքաղով դրանից միս կտրել, թույլատրվում է կտորները վերցնել ձեռքով: Սա վերաբերում է միայն այն դեպքերին, եթե դուք որսորդական ակումբում եք ճաշում:
Եթե ուտելը վերջացրել եք, դանակ-պատառաքաղը պետք է զուգահեռ դնել ափսեի մեջ, ոչ թե «տասից տասնհինգ պակաս»: