ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը փետրվարի 10-ին «Ազգ» թերթի միջոցով արձագանքել է վերջին օրերի մամուլի այն հրապարակումներին, որոնք վերաբերում էին փետրվարի 7-ին ԱԺ-ում իր արած այն հայտարարությանը, թե Կարս-Ախալքալաք երկաթգիծը «Հայաստանին որեւէ կերպ մեկուսացման չի տանում» եւ չի կարող լրացուցիչ վնաս հասցնել ՀՀ տնտեսությանը:
Նախարարն իր այդ արձագանք-հոդվածում նշել է, թե իրեն զարմացրել են այն «պարտվողական տրամադրությունները», որոնք տեղ են գտնում մեր մամուլում: Միաժամանակ Վ. Օսկանյանը փորձել է հիմնավորել, որ գործարկվելու պարագայում Կարս-Ախալքալաք երկաթգիծը «լրացուցիչ տնտեսական խնդիրների առջեւ չի կանգնեցնի Հայաստանին»: Անշուշտ, ողջունելի է, որ մեր երկրի արտգործնախարարը հետեւում է մամուլի հրապարակումներին եւ երբեմն էլ ժամանակ է գտնում ու արձագանքում դրանց: Սակայն նախարարի արձագանքը լրացուցիչ մտահոգություններ է առաջացնում: Այսպես, իր հոդվածում Վ. Օսկանյանը գրել է, թե «այս քննադատությունն ընդունելի կլիներ, եթե հայ-թուրքական սահմանը փակ լիներ Հայաստանի պատճառով, եւ Կարս-Գյումրի-Թբիլիսի երկաթգիծը չգործեր Հայաստանի պատճառով, կամ եթե Հայաստանը նախապայմաններ առաջադրեր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար»: Նախարարը գրել է, թե «այսօր սահմանը փակ է Թուրքիայի պատճառով»: Իհարկե, ուրիշի վրա մեղքը բարդելը մեր բազմաչարչար մենթալիտետի բաղկացուցիչներից է: Բայց երբ այն դառնում է պետական քաղաքականություն, դա արդեն վտանգավոր է: Եթե մենք իսկապես նպատակադրվել ենք հասնել, օրինակ, հայ-թուրքական սահմանի բացմանը, եւ դա մեզ չի հաջողվում, ապա, մեղքն ուրիշի վրա գցելու փոխարեն, պետք է խոստովանենք, որ կամ սխալ ենք ձեւակերպել նպատակը, կամ մեր որդեգրած քաղաքականությունն այդ նպատակին չի ծառայում: Ըստ Վ. Օսկանյանի, բոլոր նրանք, ովքեր պնդում են, որ գազամուղը, կամ նավթամուղը, կամ երկաթգիծը կարող էին անցնել Հայաստանի տարածքով, պետք է որ քաջ գիտակցեին, որ դա հնարավոր էր իրագործել միայն «հրաժարվելով մեզ համար ազգային շահ եւ արժեք ձեւավորող որոշակի հարցերում մեր իրավունքներից»: «Սա է այն գինը, որ մենք պետք է վճարեինք, բայց որը չենք արել»,- նշել է Վ. Օսկանյանը: Մասնավորապես խոսքը Լեռնային Ղարաբաղի մասին է: «Ղարաբաղը հայերիս համար առեւտրի ենթակա խնդիր չէ: Այս տեսանկյունից ԼՂ-ն անսակարկելի էր Բաքու-Ջեյհանի, անսակարկելի է Բաքու-Ախալքալաք-Կարսի ժամանակ եւ միանշանակ անսակարկելի կլինի ապագայում»,- գրել է նախարարը: Վերջինս այսկերպ թերեւս դիվանագիտորեն փորձում է քողարկել մեր երկրի արտաքին քաղաքականության ձախողումները՝ իրականությունը փորձելով ներկայացնել հետեւյալ կերպ. կամ տալիս ենք ԼՂ-ն, ու երկաթգիծը կամ նավթամուղն անցնում են մեր տարածքով, կամ չենք տալիս ԼՂ-ն, ու դրանք մեր երկրով չեն անցնում: Դժվար թե մեր երկրում գտնվի մեկը, ով կասի, թե ԼՂ-ն պետք է հանձնենք, ու նախարարը թերեւս հույս ունի, որ մարդիկ կմտածեն. դե հո ԼՂ-ն չէի՞նք հանձնելու, ինչ է թե` մի երկաթուղի չկառուցվի: Սակայն իրականում մենք ստիպված չենք նման ընտրություն կատարել: Այլ հարց է, որ մեր երկրի դիվանագիտությունը չի կարողանում ինչ-ինչ խնդիրներ լուծել: Մի օրինակ բերենք. 1990-ականների սկզբներին, երբ ՀՀ-ն ու ԼՂՀ-ն Ադրբեջանի հետ պատերազմի մեջ էին, երբ հայկական ուժերը շարունակում էին իրենց հաղթարշավը ռազմաճակատում, այ հենց այդ ժամանակ, շրջափակման մեջ գտնվող մեր երկիրը Թուրքիայի տարածքով հացահատիկ է ստացել: Սա այսօր արդեն անհավանական է թվում, սակայն մի օրինակ է, որը ցույց է տալիս, որ դիվանագիտությունը կարող է նույնիսկ շատ բարդ թվացող հարցեր լուծել: Պրն Օսկանյանը պնդում է, թե Կարս-Ախալքալաք երկաթգիծը չի կարող լրացուցիչ վնաս հասցնել ՀՀ տնտեսությանը: Այս նախագիծն իրականում ՀՀ տնտեսությանը դատապարտում է լավագույն դեպքում մնալ այսօրվա ողորմելի մակարդակին: Այնպես է ստացվել, որ Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան միմյանց հետ այսօր երկաթուղային կապ ունեն միայն ՀՀ տարածքով: Հասկանալի է, չէ՞, թե այս հանգամանքն ինչքան է բարձրացնում ՀՀ դերը տարածաշրջանում: Այս փաստը մեր երկրի համար իր հարեւանների վրա ազդելու հզոր լծակ կարող էր լինել: Բայց Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումից հետո մենք կզրկվենք մեր ազդեցության այդ բացառիկ լծակից: Մի՞թե հասկանալի չէ, որ այդ երկաթգծի գործարկումից հետո մեր հարեւաններն այլեւս կարող են ընդհանրապես հաշվի չնստել մեր երկրի հետ, նույնիսկ չնկատել դրա գոյությունը, քանզի նրանք առանց ՀՀ-ի էլ կլուծեն իրենց բոլոր խնդիրները: Ու այս պարագայում է՛լ ավելի դժվար կլինի հասնել նրան, որ, ասենք, բացվի հայ-թուրքական սահմանը, էլ չենք խոսում ԼՂ հարցի մասին: Պրն Օսկանյանը նշում է, թե անհրաժեշտ է հարցերին սթափ նայել, ճիշտ գնահատել իրավիճակն ու հնարավորությունները: Հիանալի է, ուրեմն՝ եկեք տարբերակենք մեր երկրի առաջնային ու երկրորդային խնդիրներն ու նախ փորձենք լուծել դրանցից առավել կարեւորները: Օրինակ՝ որեւէ մեկը հասկանո՞ւմ է, թե ՀՀ քաղաքացուն կոնկրետ ինչ է տալիս կամ տալու այս պահին Հայոց ցեղասպանության հարցն արտաքին քաղաքականության օրակարգում ներառելը: Մի՞թե մեր երկրի դիվանագիտությունը դրանից կարեւոր խնդիրներ չունի: Իհարկե, մենք պետք է հետամուտ լինենք ցեղասպանության միջազգային ճանաչմանը, բայց դրան նույն արդյունավետությամբ կարելի է նպաստել նաեւ առանց դա այսօր արտաքին քաղաքականության օրակարգում ներառելու: Անշուշտ, բոլորս էլ հերթական բարոյական հաղթանակն ենք տոնում, երբ լսում ենք, որ, ահա, Արգենտինայի չգիտեմ որ նահանգն էլ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սակայն իրական կյանքում այդ բարոյական հաղթանակները զուտ ապահովում են հռոմեական հայտնի «Հաց եւ տեսարաններ» սկզբունքի երկրորդ մասը: Այդ բարոյական հաղթանակները մեր կյանքի, մեր ու մեր երկրի ապագայի վրա ունենում են մոտավորապես այն ազդեցությունը, ինչ ազդեցություն որ թողնում է, օրինակ, մեր երկրպագած ֆուտբոլի թիմի հաղթանակը: Միայն տեսարաններով, միայն բարոյական հաղթանակներով հնարավոր չէ պետություն հզորացնել: Մեզ պետք են իրական հաղթանակներ, շատ կոնկրետ հաղթանակներ, տեսանելի հաղթանակներ, հաղթանակներ, որոնց անմիջական արդյունքը մենք կզգանք մեր մաշկի վրա, հաղթանակներ, որոնք կնպաստեն մեր երկրի հզորացմանը, կնպաստեն մեր բարեկեցիկ կյանքի ապահովմանը…: Իսկ որ այսօր Հայոց ցեղասպանության հարցն արտաքին քաղաքականության օրակարգում ներառելը նման հաղթանակներ չի ապահովում, փաստ է: Ավելին՝ այն այսօր նույնիսկ նորանոր խոչընդոտներ է ստեղծում այդ հաղթանակների ճանապարհին: Այն Թուրքիայում խորացնում է հայատյացությունը, Թուրքիային ստիպում է ընդդեմ Հայաստանի քայեր ձեռնարկել, է՛լ ավելի է դժվարացնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ հայտարարենք, թե մենք պատրաստ ենք հարաբերություններ հաստատել՝ առանց նախապայմանների (ի դեպ, նախապայման չդնելու պայմանն ինքնին նախապայման է): Պաշտոնապես չենք առարկում, որ Թուրքիան դառնա ԵՄ անդամ, որովհետեւ գիտակցում ենք, որ դա ենթադրում է ժողովրդավար Թուրքիա, եվրոպական արժեքային համակարգ կրող Թուրքիա: Միաժամանակ թույլ ենք տալիս (դեռ ինքներս էլ հաճույքով միանում ենք դրան), որ ԵՄ որոշ երկրներ իրենց շահերից ելնելով օգտագործեն Հայոց ցեղասպանության հարցն ընդդեմ ԵՄ Թուրքիայի մուտքի: Ո՞րն է մեր երկրի համար այսօր ավելի կարեւոր. Թուրքիայի՝ ԵՄ անդամ դառնա՞լը, թե՞ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: Փաստ է, որ այսօր Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արտաքին քաղաքականության օրակարգում ներառելը մեր երկրին, բարոյական հաղթանակից բացի, ուրիշ ոչինչ չի տալիս: Փոխարենն` այն դառնում է նպաստող գործոն այն բանի, որ մենք ունենում ենք շատ կոնկրետ կորուստներ: Վերջին հաշվով՝ տարածաշրջանային ծրագրերից լիակատար մեկուսացման դեպքում, ի վերջո, կկորցնենք ոչ միայն ԼՂ-ն, այլեւ ՀՀ-ն: Հենց հարցերին սթափ նայելով ու ճիշտ գնահատելով իրավիճակն ու հնարավորությունները, հենց հանուն, որքան էլ պարադոքսալ հնչի, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, այսօր մեր առաջին քայլը պետք է լինի արտաքին քաղաքականության օրակարգից Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը հանելը: