Մոլիբդենը գայթակղիչ է

07/05/2005

Քաջարանի ՊՄԿ-ի վերագործարկումից մի քանի տարի անց, մոլիբդենի խտանյութի արտահանման համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «Միկա լիմիթեդ» ընկերությունը: Թե ինչու է կառավարությունը որոշել մրցույթ հայտարարել բավական մեծ պահանջարկ ունեցող խտանյութի արտահանման համար, պարզ չէ: Փաստն այն է, որ այն երբեւիցե գնորդի պակաս չի ունեցել: Իսկ մրցույթի արդյունքում պարզվեց, որ խտանյութի արտահանման մենաշնորհը տրվում է «Միկային»՝ դրանից ակնկալվող շահույթով հանդերձ: «Միկան» այս գործարքը կատարել է 1999 թվականից սկսած, որոշ ժամանակով: Իսկ թե ինչ ծավալի շահույթի մասին է խոսքը, կարելի է դատել համաշխարհային շուկայում մոլիբդենի խտանյութի եւ ֆերոմոլիբդենի գների աճը նշելով: Եթե 10 տարի առաջ 1 տոննա մոլիբդենի գինը 5000 ԱՄՆ դոլար էր, ապա այժմ այն 65.000 է, այսինքն` աճել է 13 անգամ: Իսկ «Միկան» տեղափոխում էր տարեկան մինչեւ 3000 տոննա խտանյութ: Նախքան այս ոլորտում «Միկայի» հայտնվելը, խտանյութը վաճառվում էր Սանկտ Պետերբուրգում գործող վերամշակող ձեռնարկությանը, որի ստացած շահույթից մասնաբաժին ուներ նաեւ Քաջարանի ՊՄԿ-ն: Իսկ հետո այն սկսեցին վաճառել «Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ին, իսկ ՊՄԿ-ն անմասն մնաց ստացված եկամտից: Այժմ իրավիճակը կտրուկ փոխվել է՝ հօգուտ «Մաքուր երկաթի»՝ այս ընկերությունը դարձավ Քաջարանի ՊՄԿ-ի չորս սեփականատերերից մեկը՝ 12,5% բաժնեմասով, իսկ «Միկան» կարծես դուրս է մնացել այս գայթակղիչ բիզնեսից:

Մ. Հ.