Ներքաղաքական բուռն քննարկումների թեման նախընտրական շրջանում քաղաքական գովազդի համար սահմանված գներն են: Քաղաքական ուժերին (հատկապես ընդդիմությանը) մտահոգում են ոչ միայն այդ թանկ գնացուցակները, այլեւ այն հարցը, թե արդյոք հավասար պայմաններ կստեղծվե՞ն բոլորի համար: Ոչ ոք, սակայն, մասնավոր հեռուստաընկերությանը չի կարող մեղադրել, թե ինչու են թանկ գներ սահմանել: Դա նրանց իրավունքն է: Այլ հարց է, որ պետական միջոցներով՝ հարկատուներիս հաշվին գործող Հանրային հեռուստաընկերության գներն են թանկ: Եղածների մեջ գուցեեւ էժան, սակայն, իրականում, շատ թանկ է: Իսկ այդքան գումար վճարելու հնարավորություն չունեն հենց ընդդիմադիր ուժերը: Բայց դե, հեռուստաընկերությունները գները սահմանելիս նաեւ նկատի են ունեցել ոչ միայն շուկայական գները, այլեւ ապագա դեպուտատների եւ կուսակցությունների գրպանների հնարավորությունները:
Այսպիսով` վճարովի եթերի 1 րոպեի սակագինը Հայաստանի հանրային հեռուստատեսությունը (Հ1) եւ համամասնական, եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուների համար սահմանել է 80 հազար դրամ: Հանրային հեռուստատեսությամբ առավելագույն վճարովի եթերաժամ է սահմանվել 120 րոպեն: «Արմենիա» հեռուստաընկերությունը 1 րոպե եթերի սակագինը սահմանել է 130 հազար դրամ: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը թե՛ մեծամասնական, թե՛ համամասնական ընտրակարգերով առաջադրվողների համար սահմանել է 100 հազար դրամ:
Հայկական երկրորդ հեռուստաալիքով (Հ2) համամասնական ընտրակարգով նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար` կուսակցությունը կամ նախընտրական դաշինքը 1 րոպե եթերի համար պետք է վճարի 108 հազար, իսկ մեծամասնականով առաջադրված թեկնածուն` 60 հազար դրամ: Ողջ քարոզարշավի համար հեռուստաընկերությունը հատկացնելու է ոչ ավելի, քան 180 րոպե հեռուստաեթեր` չգերազանցելով օրական 6 րոպե` համամասնական եւ 2 րոպե` մեծամասնական ընտրակարգի համար: Նույն սակագները եւ նույն ժամանակային սահմանափակումներն է սահմանել «Կենտրոն» հեռուստաալիքը` համամասնական ընտրակարգի համար` 108 հազար, մեծամասնականի համար` 60 հազար դրամ: Նախընտրական քարոզարշավն «ԱԼՄ» հեռուստաընկերությամբ համամասնական ընտրակարգով թեկնածուների համար 1 րոպեի դիմաց կարժենա 120 հազար, իսկ մեծամասնականի համար` 80 հազար դրամ: