ԵՄ-ն շահագրգռված է

17/02/2007

Եվրամիությունը, Ռուսաստանը եւ շահագրգիռ մյուս կողմերը միասին պետք է օգնեն «սառեցված հակամարտությունների» խաղաղ լուծան համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը: Այդ մասին « Trend»-ին ասել է Հարավային Կովկասի երկրներում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին՝ մեկնաբանելով Եվրամիությունից պաշտոնական Մոսկվայի պահանջը՝ դադարեցնել միջամտությունը նախկին Խորհրդային Միության տարածքի «սառեցված հակամարտությունների» լուծմանը եւ հրաժարվել այդ գոտում Եվրամիության ազդեցության ընդլայնումից: Ըստ Սեմնեբիի, Եվրամիությունը շահագրգռված է հետխորհրդային տարածքում առկա հակամարտությունների լուծմամբ եւ կարող է կարեւոր ավանդ ներդնել հակամարտությունների կարգավորման գործում: «Այդ ներդրումը կարող է լինել նոր, այդ թվում` ֆինանսական եւ այլ բաղադրիչների տեսքով»,- ասել է Սեմնեբին: Նա ասել է, որ երկրներն իրենք են շահագրգռված Եվրամիության հետ համագործակցությամբ, եւ որ «հակամարտությունների լուծման գլխավոր պատասխանատվությունն ընկած է հենց կողմերի ուսերին»: Անդրադառնալով հետխորհրդային տարածքում Եվրամիության ազդեցության ոլորտի ընդլայնմանը՝ Եվրամիության հատուկ ներկայացուցիչը նշել է, թե խոսքը կայուն հարեւանության փոխադարձ շահագրգռվածության մասին է, ինչը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Ռուսաստանի շահերին: