17 «ձայն»` հօգուտ Մայիլյանի

17/02/2007 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Ղարաբաղի հասարակական սեկտորում շարունակվում է նախընտրական «եռուզեռը»: Հերթական սոցիոլոգիական հարցման մի մասը վերաբերում էր մի քանի ամիս հետո նախատեսվող նախագահական ընտրություններին:

Իսկ հարցումն այս անգամ նախաձեռնել էր Ղարաբաղի մի շարք հասարակական կազմակերպություններ միավորող Ստեփանակերտի Ռեսուրս-կենտրոնը, որը հարցման միջոցով նպատակ ունի պարզել արցախյան հասարակական կազմակերպությունների ղեկավարների կարծիքները «Իշխանություն-ՀԿ» հարաբերությունների, գալիք նախագահական ընտրությունների ու ԼՂՀ ապագա նախագահի մասին: Հարցմանը մասնակցել են թվով 36 կազմակերպությունների ղեկավարներ, իսկ կազմակերպությունները ներկայացնում են գրեթե բոլոր ուղղությունները՝ երիտասարդական, լրագրողական, բնապահպանական, մշակութային, ազգային, սոցիալական, իրավապաշտպան, ինչպես նաեւ` ազգային փոքրամասնությունները: Հասարակական գործիչները հարցման ընթացքում պետք է հինգբալանոց սանդղակով գնահատեին իշխանությունների վերաբերմունքը հասարակական սեկտորի նկատմամբ: 15 հասարակական գործիչներ «երեք» են նշանակել իշխանություններին, 10 հոգի՝ «երկու», 8 հոգի՝ «մեկ»: Միայն երկու հոգու կարծիքով է իշխանությունն արժանի «չորս» գնահատականի: «Հինգ» գնահատականը ոչ ոք չի նշել:

Հարցման արդյունքում պարզվեց, որ 15 հասարակական գործիչներ գտնում են, որ ՀԿ-ները պետք է լինեն իշխանությունների գործընկերը, 10-ը համոզված է, որ հասարակական կազմակերպությունները վերահսկողի դերում պիտի լինեն, հինգի կարծիքով` իշխանություններն ու ՀԿ-ները պետք է դաշնակիցներ լինեն, մեկն էլ կարծում է, որ այս երկուսը մրցակիցներ են: Մի հոգի դժվարացել է պատասխանել, իսկ ահա երեք հոգի առաջարկել են ՀԿ-ների կարգավիճակի «այլ տարբերակ»` «կառուցողական ընդդիմություն», «շարժիչ ուժ» եւ «նշված բոլոր գործառույթները միասին»: «Հակառակորդներ» տարբերակը ոչ ոք չի նշել:

Հարցման մյուս երկու հարցերը վերաբերում էին նախագահական ընտրություններին: ՀԿ-ների լիդերները պետք է նշեին այն ամենագլխավոր երեք հատկանիշները, որոնք անհրաժեշտ են երկրի նախագահին: 25 մարդ որպես անհրաժեշտ հատկանիշ նշել է հայրենասիրությունը, 18 հոգու կարծիքով` առաջնայինը խելքն է, 15-ի կարծիքով՝ ազնվությունը: Կամքը, բարոյականությունն ու դիվանագիտական ճկունությունը նշել են 9, անշահախնդրությունը, անկաշառությունն ու խստապահանջությունը՝ 6 հոգի: Ինքնուրույնությանը, համարձակությանը, սրտացավությանը, մարդամոտությանը եւ արդարամտությանը տրվել է մեկական ձայն: «Հայեցի մտածողությունը» ոչ ոք չի նշել: Իսկ թե «Ո՞Ւմ կցանկանայիք տեսնել ԼՂՀ նախագահի պաշտոնում» (թույլատրվել է նշել երկու անուն) հարցին ի պատասխան` տարբեր անուններ են նշվել:

36 լիդերներից 17-ը նշել են ԼՂՀ փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի անունը, 8-ը` ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանի անունը, 4-ը` ԼՂՀ գործող նախագահ Արկադի Ղուկասյանի, 4-ը` ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի, 3-ը՝ ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար Արմեն Սարգսյանի, 3-ը` ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանի, 3-ը` ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, 2-ը` ՀՀ պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանի, 1-ական` ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի, ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցի, ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահի խորհրդական Սերգեյ Քալանթարյանի, ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահի խորհրդական Վարանդ Փափազյանի եւ ԼՂՀ նախագահի օգնական Դավիթ Բաբայանի անունները:

8 հոգի էլ նշել են, որ ոչ ոքի չեն տեսնում ԼՂՀ նախագահի պաշտոնում: Փաստորեն պարզվում է, որ հարցմանը մասնակցած ՀԿ-ների մեծ մասը նախընտրում է նախագահի պաշտոնում տեսնել փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանին: Ի դեպ, մինչ այդ անցկացված սոցհարցման արդյունքներով առաջին տեղում ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Բակո Սահակյանն էր եւ ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Հատկանշական է, որ այս երեքն են հիմնականում միշտ հայտնվում «լավագույն եռյակում»:

Հ.Գ. Ո՞ւմ կցանկանայիք տեսնել ԼՂՀ նախագահի պաշտոնում (թույլատրվել է նշել երկու անուն)

Այս հարցում «քվեները» բաշխվել են հետեւյալ կերպ.

17 – Մասիս Մայիլյան (ԼՂՀ փոխարտգործնախարար)
8 – Բակո Սահակյան (ԼՂՀ Ազգային անվտանգության ծառայության պետ)
4 – Արկադի Ղուկասյան (ԼՂՀ գործող նախագահ)
4 – Աշոտ Ղուլյան (ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ)
3 – Արմեն Սարգսյան (ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» պատգամավորական խմբի ղեկավար
3 – Գեորգի Պետրոսյան (ԼՂՀ արտգործնախարար)
3 – Սեյրան Օհանյան (ԼՂՀ պաշտպանության նախարար)
2 – Արթուր Աղաբեկյան (ՀՀ պաշտպանության փոխնախարար)
1 – Սամվել Բաբայան (ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար)
1 – Ռուդիկ Հյուսնունց (ԼՂՀ ԱԺ նախագահի տեղակալ)
1 – Սերգեյ Քալանթարյան (ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահի խորհրդական)
1 – Վարանդ Փափազյան (ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահի խորհրդական)
1 – Դավիթ Բաբայան (ԼՂՀ նախագահի օգնական)

Ութ հոգի ոչ մեկին չեն տեսնում ԼՂՀ նախագահի պաշտոնում: