Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին, թե Երեւանը քննարկում է Տրանսկովկասյան գազամուղին միանալու հնարավորությունը, Մոսկվայում զգուշավորությամբ ընդունեցին: Նախարարի` առաջին հայացքից անմեղ հայտարարությունը, որը համապատասխանում է էներգետիկ անվտանգության ապահովման այժմյան համաշխարհային միտումներին, եւ իբրեւ դրա հետեւանք` աղբյուրների դիվերսիֆիկացիային, Ռուսաստանի որոշ քաղաքական շրջանակներում ընկալվեց գրեթե իբրեւ դավաճանություն Հարավային Կովկասում իր վերջին դաշնակցի կողմից: Մոսկովյան ամենաազդեցիկ թերթերից մեկը նույնիսկ սպառնաց նախարարին. «Վարդան Օսկանյանը, հնարավոր է, դեռ կզղջա իր ասածների համար»: Իսկ Երեւանի գազային պլաններում թերթը նշմարում է Մոսկվայի տնտեսական շահերին ցավոտ հարված հասցնելու պատրաստակամություն:
Իհարկե, դժվար է պատկերացնել, թե փոքրիկ Հայաստանն ինչով կարող է սպառնալ Ռուսաստանին: Հայաստանում բնական գազի օգտագործվող ծավալները, որի գինը «Գազպրոմը» բարձրացրել է մինչեւ 1000խմ-ն` 110 դոլար, համարժեք են Մոսկվայի 2-3 շրջանների օգտագործած ծավալին: Այսինքն` խոշոր հաշվով, տնտեսական վնասի մասին խոսելը, թե Հայաստանը կարող է հասցնել իր ռազմավարական դաշնակցին, անգամ ծիծաղելի է:
Այդ հսկայական գազամուղի երթուղին թղթի վրա հետեւյալ տեսքն ունի. Թենգիզ (Ղազախստան)-Թուրքմենբաշի (Թուրքմենիա)-Բաքու-Թբիլիսի-Էրզրում: Ասել է թե` Հայաստանի անունն անգամ չկա, իսկ գազամուղը կկառուցվի ցանկացած դեպքում` անկախ Երեւանից: Այսպիսով, խոսք կարող է լինել միայն Հայաստանի կողմից Կենտրոնական Ասիական (հասկանալի պատճառներով` ոչ ադրբեջանական) գազ գնելու մասին: Հնարավոր է` ավելի ցածր գներով, քան «Գազպրոմն» է առաջարկում: Սակայն սա դեռեւս փաստ չէ: Նախագծում կարեւոր դեր խաղացող Բաքուն արդեն հայտարարել է, որ Երեւանի մասնակցությունն այդ նախագծին անթույլատրելի է: «Գազամուղի երթուղին, որի կառուցումը նախատեսված է սկսել 2008թ., չի նախատեսում դեպի Հայաստան ճյուղավորվել, ինչը կապված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ադրբեջանի եւ Թուրքիայի կոշտ դիրքորոշման հետ»,- լրագրողներին հայտարարեց Ադրբեջանի ԱԳՆ Մամուլի եւ տեղեկատվական քաղաքականության վարչության պետ Թաիր Թաղիզադեն: Փաստորեն, ղազախական եւ թուրքմենական գազին ձգտող Երեւանը պետք է մտածի առանձին գազատար կառուցելու մասին: Թե որքանով է դա իրատեսական, դժվար է ասել: Փորձագետները դրան բավականին թերահավատորեն են վերաբերվում: Այդ պատճառով էլ նախարարի հայտարարությունը նրանց շրջանում գնահատվում է իբրեւ անհեռատեսություն. եւ՛ ասիական գազը չի լինի, եւ՛ Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են վատանալ: Սակայն Մոսկվայի հիվանդագին արձագանքն այլ բան է ցույց տալիս` նրա իրական վերաբերմունքը Երեւանի նկատմամբ: Այստեղ տեղին է խոսել ոչ թե ռազմավարական համագործակցության, այլ ավելի շուտ վասալի նկատմամբ վերաբերմունքի մասին: «Ռազմավարական համագործակցությունը» «Գազպրոմին» չխանգարեց բարձրացնել Հայաստան մատակարարվող գազի գինը, թող որ ոչ այնքան, ինչքան նրա հարեւաններ Ադրբեջանի ու Վրաստանի համար, որոնք 1000խմ-ի դիմաց վճարում են 230 դոլար: Սակայն հաշվի առնելով Հայաստանի օգտագործած գազի ծավալները` «Գազպրոմը» կարող էր «իր միակ դաշնակցի» համար գազի գինն անփոփոխ թողնել եւ նրան չմղել այլընտրանքային աղբյուրներ որոնելու: Առավել եւս, որ ռուս-հայկական հարաբերություններում ձեւավորվել է հետեւյալ բանաձեւը. ձեռնարկությունները տրվում են պարտքի դիմաց, իսկ Երեւանին սեփական ձեռնարկություններ արդեն գրեթե չեն մնացել: Գուցե հենց այդ պատճառով էլ Մոսկվան գոռգոռում է իր «դաշնակցի» վրա, երբ վերջինս սկսում է որեւէ բան անել իր ուզածով: Սա կոչվում է նեոիմպերիալիզմ: