Ադրբեջանցի լրագրողը հանգիստ աշխատում է Արցախում

07/05/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ

Արդեն մի քանի օր է, ինչ Ղարաբաղում է գտնվում ադրբեջանական «Մոնիտոր» հանդեսի թղթակից Էյնուլա Ֆաթուլաեւը:

Դեռեւս տարվա սկզբին նա ցանկություն էր հայտնել այցելել Ղարաբաղ եւ այդ նպատակով դիմել էր ԼՂՀ իշխանություններին: Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը վերջերս կայացած մամուլի ասուլիսում ադրբեջանցի լրագրողին ընդունելու ԼՂՀ իշխանությունների համաձայնության կապակցությամբ նշել է. «Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բացակայության պայմաններում դա եւս գնահատում եմ որպես ԼՂՀ իշխանությունների կողմից բարի կամքի դրսեւորում, ճիշտ այնպես, ինչպես ԵԱՀԿ Մոնիտորինգային խմբի աշխատանքներին օժանդակելը»: Նկատենք, որ հետպատերազմյան պրակտիկայում սա առաջին դեպքն է, երբ ադրբեջանցի լրագրողը Ղարաբաղում աշխատելու թույլտվություն է խնդրում անմիջապես ԼՂՀ իշխանություններից:

Մեր տեղեկությունների համաձայն, Ֆաթուլաեւը փետրվարի 10-ին Երեւանում հանդիպել է ԼՂՀ արտգործնախարարին, իսկ հաջորդ օրը մեկնել Արցախ: Ադրբեջանցի լրագրողը հանդիպել է Շուշիի եւ Բերձորի բնակիչների հետ, այդ թվում` փախստականների: Հանդիպումների ընթացքում Ֆաթուլաեւը հիմնականում հետաքրքրվում էր` որտեղի՞ց են եկել այդ մարդիկ եւ ինչո՞ւ են բնակություն հաստատել հենց այդ քաղաքներում: Նա հարցուփորձ արեց սոցիալական պայմանների եւ պետական աջակցության մասին:

Ըստ մեր տեղեկությունների, Բերձորի բնակիչների հետ ունեցած զրույցի ժամանակ լրագրողը բնակիչներից հարցրել է, թե նրանք ինչպե՞ս կվարվեն, եթե հանկարծ Քաշաթաղի շրջանը Ադրբեջանին «հանձնվի»: Ի պատասխան` բնակիչները հույս հայտնեցին, որ նման փաստի առաջ երբեւէ չեն կանգնի:

Ինչպես մեզ հայտնել են ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության Լրատվական-վերլուծական վարչությունից, ադրբեջանցի լրագրողը հանդիպել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ինչպես նաեւ՝ զանգվածային տարբեր լրատվամիջոցների, կուսակցությունների ղեկավարների:

Հայ հեղափոխական դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի «Ապառաժ» թերթի խմբագիր Սերգեյ Շահվերդյանի խոսքերով, ադրբեջանցի լրագրողի հետ իր հանդիպման ժամանակ քննարկվել են խոսքի ազատության, հուշարձանների պահպանության, մշակութային արժեքների փոխանակման եւ այլ խնդիրների հետ կապված հարցեր: Ս. Շահվերդյանը պատմում է, որ խոսք է գնացել նաեւ քաղաքական հարցերի եւ մշակութային արժեքների փոխանակման մասին: Զրույցի ընթացքում ղարաբաղցի դաշնակցականը նկատել է, որ Ադրբեջանի հետ որեւէ բանակցություն վարելն անհնար է ադրբեջանական լրատվամիջոցներում` նման հակահայկական քարոզչության պայմաններում: Ս. Շահվերդյանի խոսքերով, հյուրը` համաձայնելով այդ մտքին, կարծիք է հայտնել, որ այս հարցերը վերանայման կարիք ունեն: Ըստ Շահվերդյանի, Է. Ֆաթուլաեւը հավաստիացրել է, որ Հայրենիք վերադառնալուց կառաջարկի իր իշխանություններին` ղարաբաղցի մի խումբ լրագրողների Ադրբեջան հրավիրելու մասին: Ս. Շահվերդյանի կարծիքով, նման այցերը հնարավորություն կտան երկու երկրների լրագրողներին՝ առավել մանրամասն տեղեկանալ իրավիճակի մասին:

Ադրբեջանցի լրագրողի այցը դեռ չի ավարտվել: Ըստ ԼՂՀ Արտաքին գործերի նախարարության Լրատվական-վերլուծական վարչության տվյալների, Ֆաթուլաեւը կայցելի նաեւ Աղդամ, կհանդիպի հասարակական եւ կուսակցական գործիչների հետ: