Նախկինում, երբ ես Խորհրդային Միությանը մաս կազմող Հայաստանի քաղաքացի էի՝ դաստիարակվում էի այնպիսի կարծրատիպերով, որոնք այսօրվա անկախ Հայաստանում ճիշտ քաղաքացի լինելու համար ինձ շփոթեցնում են:
Սովետական Միության տարիները տեսած մեր ծնողները մեզ արգելում էին հանրակացարան կոչվող շենքերի մոտով անցնել՝ ասելով, որ այնտեղ հիմնականում բնակվում են թեթեւաբարո եւ քրեական անցյալ ունեցող մարդիկ: Դրա մեջ ճշմարտություն կար, եւ արգելքն էլ տեղին էր: Խորհրդային Միության փլուզումից անցել է 15 տարի: Այդ ընթացքում մոմի լույսի տակ գիրք ենք կարդացել, կտրոնով հաց ենք գնել ու անկախություն ձեռք բերել:
Այսօր, երբ ես անկախ Հայաստանի քաղաքացի եմ, հաճախ եմ շրջում հանրակացարաններով եւ անառակների, հանցագործների փոխարեն գտնում եմ շատ կարեւոր ու կարգին մարդկանց: Իսկ հանրակացարանների նախկին բնակիչներից շատերը գուցեեւ տնավորվել են էլիտար շենքերում ու թաղամասերում: Երեւանի Սիսակյան 4 հասցեում, «Սեբաստիա» հյուրանոցի հարակից տարածքում գտնվող հանրակացարանում ապրում է Ամալյա Տեր-Մաթեւոսյանը, ով հաստատ արժանի չէ այդ կենսակերպին: 60 տարեկան է, աչքերն ու դեմքն այտուցված են: Տիկին Ամալյան 15 տարի է՝ տառապում է հիպերտոնիա հիվանդությամբ, դեղորայքով է գոյատեւում: Փորձում է ձեւացնել, թե, այնուամենայնիվ, իր ընտանիքում ամեն ինչ կարգին է: Չափազանց գրագետ տիկին Ամալյայի հպարտությունն անմիջապես չքվում է, երբ սկսում է խոսել երեխաների մասին: «Ամուսինս կենտրոնական փոստում ինժեներ էր աշխատում, լավ բնակարան ունեինք: 4 երեխա ունենք, բացարձակ գերազանցիկներ, պատվով ու հարգանքով երեխաներ ենք մեծացրել: 3-ին ամուսնացրել ենք: Ճգնաժամային տարիներին շատ դժվարություններ ունեցանք, չէինք կարողանում երեխաներին կերակրել ու, ինչպես բոլորն, այնպես էլ մենք պարտքեր վերցրինք ու ընկանք տոկոսի տակ»,- պատմում է տիկին Ամալյան, ում բնակարանը պարտատերը վերցրել է պարտքի ու կուտակված տոկոսի դիմաց: Հանրակացարանի մի քանի մետրանոց սենյակի համար էլ փառք է տալիս Աստծուն, քանի որ կարող էր շատերի պես իր ընտանիքն էլ փողոցներում հայտնվել: Տիկին Ամալյան եւ նրա ամուսինը թոշակառուներ են, եւ նրանց թոշակի ընդհանուր գումարը կազմում է 30.000 դրամ: Ասում է. «Առաջ աշխատել եմ գազի ցանցում որպես օպերատոր-տեխնիկ, էսօր հավաքարարություն եմ անում: Շատ վիրավորված եմ, գիտե՛ք, որովհետեւ էսօր անճար մարդկանց օգտագործում են ինչքան կարող են»: Հանրակացարանների բնակիչներին, որպես կանոն, հիշում են միայն նախընտրական շրջանում: Առջեւում ԱԺ ընտրություններն են եւ «մարդաորս-2007»-ը սկսված է: Տիկին Ամալյան պատմում է, որ ամիսներ առաջ իր ընտանիքին այցելել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տարածքային կառույցի տեսուչն՝ առաջարկելով անդամագրվել իրենց կուսակցությանը: Խոստումների մեջ տեսուչը շռայլ էր եղել: «Չեք պատկերացնում, թե ինչ ոսկե սարեր խոստացավ: Ասացի՝ ինձ ոչինչ հարկավոր չէ, ես էս պայմաններում ամուսնուս հետ մի կերպ կգոյատեւեմ: Միայն խնդրեցի ուսման հարցում օգնել աղջկաս: 10-րդ դասարանն էս տարի ավարտում է, 10 տարի գերազանց է սովորել եւ ուզում է Բրյուսովի ինստիտուտ դիմել»,- պատմում է նա՝ ասելով, որ հրաժարվել է տարատեսակ օգնություններից՝ խնդրելով միայն օգնել աղջկա կրթության հարցում: Տեսուչն իրեն տեղեկացրել է, թե «Մոսկվա» կինոթատրոնի հարակից տարածքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հանդիպում է ունենալու, ու խորհուրդ է տվել գրավոր նամակ գրել այդ մասին ու հանդիպման ընթացքում այն փոխանցել Գ. Ծառուկյանին կամ բանավոր հնչեցնել խնդիրը: «Հանդիպման ժամանակ թույլ չտվեցին բարձրախոսին մոտենալ, իրենց ընտրած մարդիկ հարց տվեցին միայն: Ճնշումս բարձրացել էր՝ էնքան էի սպասել, ասացի՝ թեկուզեւ ուշաթափվեմ, պետք է գոնե նամակը փոխանցեմ: Դուրս գալու ժամանակ գնացի, որ Ծառուկյանին փոխանցեմ, հրեցին, թույլ չտվին: Նամակը քարտուղարը վերցրեց, խնդրեցի, ասացի՝ քանի անգամ նամակ եմ գրել, չեք պատասխանել… Ամիսներ են անցել, բայց նամակս անպատասխան է մնացել»: Այլեւս արդեն «Բարգավաճ Հայաստանի» կուսակցական անդամ տիկին Ամալյան պարբերաբար զանգահարում է կուսակցության տարածքային մասնաճյուղ, սակայն որեւէ մեկը նրան չի պատասխանում: Ասում եմ՝ «Հասկանալի է՝ վիրավորվել եք, բայց ձեզ հո չե՞ն ստիպել, որ կուսակցության անդամ դառնաք»: Տիկինը միանշանակ հայտարարում է՝ «Ես սպասում եմ, որ եւս մի հանդիպում լինի, ու ես գնամ բարձրաձայն հայտարարեմ, որ սուտ է: Հասկանո՞ւմ եք, ինչի՞ս է պետք, որ էս տարիքում կուսակցական դառնամ: Բայց ես մայր եմ, տեսնում եմ, որ երեխաս շատ բաների կհասնի ու, երբ օգնության ձեռք են մեկնում՝ պատրաստ եմ շատ բաներ զոհաբերելով երեխայիս համար անել: Արի ու տես, որ ամեն ինչ սուտ է: Նայե՛ք, ո՛չ ջուր, ո՛չ զուգարան, ո՛չ մի բան չունենք: Ոնց որ «ցիգան» լինենք, բայց յոլա ենք գնում: Միայն երեխայիս կրթության համար եմ տառապում, որովհետեւ շատ լավ է սովորում: Հետո էլ ասում են, թե սերունդն անգրագետ է, ախր լավ սովորողների ճանապարհը փակում են, իսկ անգրագետներին՝ առաջ բրթում: Ես իրենց դուռը թակո՞ւմ եմ, օգնություն խնդրո՞ւմ եմ՝ ոչ, ուրեմն, թող չգան-չխաբեն, թող չվիրավորեն մարդկանց: Արդեն հոգնել ենք էդ ստորացումներից»: Տիկին Ամալյան հայտարարում է, որ ընտրություններին չի մասնակցելու, եւ վստահեցնում է, որ իր նման հիասթափված մարդիկ շատ են: «Իսկ եթե գնամ էլ, բոլորին կջնջեմ»:
Լաց լինելով է դիմավորել 16-ամյակը
10-րդ դասարանցի Զառայի կոկիկ հագուկապից չես ասի, որ հանրակացարանի մի քանի մետրանոց սենյակի բնակիչ է, որտեղ եւ՛ կերակուր են պատրաստում, եւ՛ լվացք անում, եւ՛ լողանում: Ի տարբերություն հասակակիցների, ովքեր երազում են բջջային շքեղ հեռախոսների ու հագուստի մասին՝ նա երազում է ուսում ստանալ: Զառան լուռ լսում է մոր դժգոհություններն ու ամաչելով պարբերաբար գլուխը խոնարհում է: Հարցնում եմ՝ «Եթե գերազանց ավարտում ես դպրոցն, ուրեմն գուցե առանց մասնավոր պարապմունքների՞ ընդունվես բուհ»: Քմծիծաղով ասում է. «Դուք էլ չեք հավատում, չէ՞, ձեր ասածին»: Ասում եմ՝ «Դե՛, բացառություններ լինում են, մանավանդ, որ մայրդ ասում է՝ փայլուն գիտելիքներ ունես»: Մայրն է միջամտում՝ «Իմ ծանոթներից մեկի երեխան շատ լավ էր սովորում, 1-ին տարին չընդունվեց, 2-րդ տարին վճարովի ընդունելու համար գումար են տվել, նոր ընդունվել է: Հիմա կոտորվում են, որ վճարը փակեն: Ինձ ասում են՝ իզուր հույսեր մի փայփայի, որ հրաշք կլինի: Հիմարներն ու անտաղանդներն ընդունվում են, իսկ իմացող երեխաները դուրս են մնում: Մտածում եմ, եթե ուսում չստանա՝ ի՞նչ պիտի անի: Բոլորի պես կամ խանութում, կամ էլ ռեստորանում պիտի աշխատի, բայց մեր ազգին մի՞թե պետք չի սովորող երեխան: Էդքան ասում են, թե դպրոցներում կոռուպցիա չկա, բայց մեր էս աղքատ վիճակին ամեն ամիս ավարտականի համար 5000, ուսուցչի ծննդյան օրվա, մաստիկայի, մաքրության, դռան փականի, բաց դասի համար սեղան գցելու համար, ամեն ինչի համար փող են ուզում»: Ասում է, որ հաճախ ամուսնուց թաքուն պարտքեր է վերցնում, որպեսզի Զառան չընկճվի դասարանցիների մոտ, այնուհետեւ ուրիշների տները մաքրելով պարտքերը մարում է: «Մի բան ասեմ, բայց չծիծաղեք: Թոշակը ստացա` Զառայի համար Բանգլադեշի «Սեքընդհենթից» կիլոյով հին հագուստ գնեցի, թե չէ՝ հնարավոր չի նոր հագուստ գնել: Կիլոն 3000 դրամ է»: Զառան տխուր է, որովհետեւ ծննդյան օրն ընկերուհիներին չի կարողացել հյուրընկալել: Սենյակը շատ փոքր է, ավել մարդ ընդունել չեն կարող: 16-ամյակը նա լաց լինելով է դիմավորել: Քնքուշ դիմագծերով Զառային հարցնում եմ՝ «Ի՞նչ կասես»: Հարցերիցս ճնշված, մի քիչ էլ հոգնած` պատասխանում է՝ «Ուզում եմ Հայաստանից դուրս գալ: Եթե մի հնարավորություն լիներ՝ կհեռանայի ու էլ երբեք չէի գա այստեղ: Ախր ես շատ բան չեմ ուզում, միայն ուզում եմ կրթություն ստանալ: Ինձ պետք է պարապել, որովհետեւ դպրոցի գիտելիքներով չես մրցի, բոլորը մասնավոր պարապում են: Հայաստանում ես տեղ չունեմ»: Ասում եմ՝ «Դու դեռ դպրոցում ես, բայց առանց քայլ անելու շատ կոտրված ես, հնարավոր է, որ ընդունվես»: «Չէ,- ասում է,- ես շրջապատված եմ այն մարդկանցով, ովքեր պատմում են, թե կրթություն ստանալու համար ինչ է պետք: Ես լավ գիտեմ, որ լինելով գերազանց՝ ոչնչի չեմ հասնի, եթե փող չունեմ»: Տիկին Ամալյային դուր է գալիս, որ Զառային մխիթարում եմ, որովհետեւ աղջիկը մի անգամ ասել է, եթե ինստիտուտ չընդունվի՝ իրեն կամրջից ցած կնետի: «Ես իմ ապագան չեմ տեսնում, հասկանո՞ւմ եք: Չգիտեմ՝ ի՞նչ եմ անելու, որ ո՞վ եմ դառնալու»,- զայրացած ասում է Զառան, ում դասագրքերը խնամքով շարված են անպետք հեռուստացույցի արկղի մեջ, որը տիկին Ամալյան աղբանոցից է դուրս բերել: Հրաժեշտ տալիս տիկին Ամալյան մի քիչ անկեղծանում է, ու նրբանկատորեն ասում՝ «Ինձ կներեք, որ սկզբում մի քիչ կոպիտ էի: Մտածեցի` կուսակցության ներկայացուցիչ եք, ոնց որ արյունը գլխիս խփեր: Ոչ ոք հենց այնպես հանրակացարանի դուռը չի բացում, սխալվեցի»:
Հեռանում եմ ու ափսոսում, որ փայլուն գիտելիքներով աղջիկն այսքան կոտրված, հուսահատված է: Ես ու Զառան անկախ Հայաստանի քաղաքացիներ ենք, ու եթե ես մի փոքր հնարավորություն ունենայի՝ ամեն ինչ կանեի, որ նրա նման դաստիարակված մարդը Հայաստանում իրեն գտներ, ոչ թե Հայաստանից հիասթափված հեռանար: