Արհեստական՝ ոչ դասական բեղմնավորման առաջին պտուղը

17/02/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Այս տարվա փետրվարի 8-ին Հայաստանում ծնվել է արտամարմնային ոչ դասական բեղմնավորման եղանակով առաջին երեխան: 3 կգ 530 գրամ կշռող տղան լույս աշխարհ է եկել Երեւանի Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի ծննդատանը` կեսարյան հատման ճանապարհով:

Փոքրիկի մայրը 25 տարեկան է, հայրը` 30, ընդ որում՝ ամուսնական զույգը 5 տարի տառապել է չբերությամբ: «Գոյություն ունի չբերության այնպիսի տեսակ, որը պայմանավորված է միայն տղամարդկային գործոնով, երբ սպերմայի խտությունն այնքան ցածր է լինում, որ տղամարդն ի վիճակի չէ բեղմնավորել կնոջը` նույնիսկ արտամարմնային բեղմնավորման կլասիկ ձեւի դեպքում: Ահա այս դեպքում, օգնության է գալիս արտամարմնային բեղմնավորման մեկ այլ ձեւ, որը կոչվում է սպերմատոզոիդների ներբջջային ներարկում»,- ասում է բժշկական կենտրոնի գիտության գծով փոխտնօրեն Կարինե Առուստամյանը: Որպեսզի ամեն ինչ ավելի պարզ լինի, նշենք, որ արհեստական բեղմնավորման այս նորարարության դեպքում սերմնահեղուկի նույնիսկ ամենափոքր խտության դեպքում վերցվում են սպերմատոզոիդներ, հատուկ մանրադիտակ-մանիպուլյատորի միջոցով ներարկում ձվաբջջի մեջ, հետո ձեւավորված սաղմը 3 օր հետո տեղադրում են կնոջ արգանդի խոռոչում, եւ տեղի է ունենում հրաշք-հղիությունը: Ըստ մասնագետների, տղամարդու ամլությունը Հայաստանում նույնքան տարածված երեւույթ է, որքան կնոջը, սակայն, ի տարբերություն կանացի չբերության, տղամարդկանցն ավելի դժվար է բուժել:

Աշխարհում առաջին անգամ արտամարմնային բեղմնավորմամբ երեխան ծնվել է 1978թ. Անգլիայում: Դա Լուիզա Բրաունն է: Այդ օրվանից ի վեր ամբողջ աշխարհում արհեստական բեղմնավորմամբ ծնված երեխաների թիվը հասնում է 2-3 մլն-ի: «Սա մի մեթոդ է, որը թույլ է տալիս երեխա ունենալ այն զույգերին, ովքեր օգտագործել են չբերության բուժման բոլոր մեթոդները: 1991թ. Հայաստանում նույնպես փորձ է արվել ներդնել այդ մեթոդը: Այդ փորձերն այն ժամանակ դատապարտված էին անհաջողության, որովհետեւ տեխնիկական հնարավորությունները քիչ էին: Սակայն 1997թ. սկսած պրոֆեսոր Օկոեւի բժշկական խումբը, համագործակցելով Ֆրանսիայի Մարսել քաղաքի Մարդու վերարտադրողականության բժշկական ինստիտուտի բժշկական խմբի հետ, Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում, 2003թ. սկսել է արտամարմնային բեղմնավորման իրականացման աշխատանքները»,- նշում է Կ. Առուստամյանը: Արտամարմնային բեղմնավորման դասական եղանակով Հայաստանում 2004թ. փետրվարի 5-ին ծնվել են առաջին երեխաները, որոնց մայրը տառապել է 12 տարվա երկրորդային չբերությամբ: Այս եղանակով հաջորդ երեխան ծնվել է մարտի 3-ին: «Այդ ժամանակից ի վեր հաղթարշավը շարունակվում է: Եթե այն ժամանակ կենտրոնում արտամարմնային բեղմնավորումն իրականացվում էր ֆրանսիացի բժիշկների անմիջական մասնակցությամբ, ապա արդեն 2004թ. հունիսից հայ բժիշկները գործում են ինքնուրույն: Կարելի է ասել, պրոֆեսոր Գ. Օկոեւը արտամարմնային բեղմնավորման պիոներն է Հայաստանում: Մեթոդի ներդրումը թույլ է տալիս հղիանալ այն կնոջը, որն, օրինակ, երկու անգամ ունեցել է արտարգանդային հղիություն, միեւնույն ժամանակ հեռացված են նրա երկու փողերը: Ինչ վերաբերում է հայ տղամարդկանց, ապա պետք է նշել, որ շատ հազվագյուտ է պատահում, որ նրանք գիտակցելով, որ չբերությունը պայմանավորված է իրենցով, համաձայնում են, որ կինը բեղմնավորվի այլ դոնորով: Սովորաբար նման զույգերին առաջարկվում է արհեստական սերմնավորում, այսինքն՝ կնոջը ներարկում են այլ մարդու սպերմա: Իսկ արտամարմնային բեղմնավորման ոչ դասական մեթոդն այն դեպքն է, որի ժամանակ տղամարդու մեկ սպերմատոզոիդի կամ դրա բացակայության պայմաններում տեղի է ունենում ամորձու բիոկսիա, եւ հյուսվածքի մեջ եղած սպերմատոզոիդները ներարկվում են կնոջ ձվաբջիջի մեջ: Այս մեթոդը ներդրվել է կենտրոնում 2006թ., եւ հենց առաջին փորձը պսակվել է հաջողությամբ: Սա մեծ հաջողություն է Հայաստանի բժշկության մեջ: Կենտրոնում ներդրված այս մեթոդը մեր ժողովրդի համար ունի մեծ նշանակություն, որովհետեւ այն համաշխարհային ձեռքբերումի տեղայնացումն է մեզ մոտ»,- տեղեկացնում է կենտրոնի գիտության գծով փոխտնօրենը: Նրա ասելով, ընդհանրապես անպտղության կառուցվածքում կանացի գործոնով պայմանավորվածները կազմում են 40-50%, իսկ 35-40%` տղամարդկային գործոնով պայմանավորվածներն են,10-15 %-ն էլ անհայտ ծագման անպտղությունն է: Այսինքն՝ դրանք այն դեպքերն են, որ այսօրվա բժշկության հնարավորությունները թույլ չեն տալիս ախտորոշել: Համեմատության համար նշենք, որ մոտ 20-30 տարի առաջ անհայտ ծագման չբերության տոկոսը կազմել է 20-25 տոկոս: