Անցած շաբաթ կառավարության շենքի մոտ տեղի ունեցած հրշեջների բողոքի ակցիան՝ կապված աշխատավարձերի բարձրացման հետ, կառավարական շրջանակներում որեւէ արձագանք չի ունեցել: Համենայնդեպս, այդպես են պնդում ակցիայի մասնակիցները: Միակ ուշադրությունը եղել է Արտակարգ իրավիճակների վարչության կողմից: Վերջիններս պետբյուջեից վարչությանն արված հատկացումներից բարձրացրել են հրշեջների աշխատավարձերը: Փետրվարի 1-ից քաղաքացիական հրշեջների 13.400 աշխատավարձին կգումարվի եւս 4500 դրամ, իսկ ռազմականացված հրշեջ ծառայության աշխատակիցները 14-24.000 դրամի փոխարեն` կստանան նվազագույնը 24.000 դրամ: «Ծխող տղամարդու ծխախոտի ու տրանսպորտի ծախսն էլ չի ծածկի այդ գումարը»,- ասում է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների պահպանության 8-րդ հրշեջծառայության պետի տեղակալ, մայոր Արամայիս Քոսակյանը՝ նկատելով, որ իրենց մասնագիտությունը թույլ էլ չի տալիս այլոց նման ծայրահեղ քայլերի դիմել: Հրշեջների ակցիան մեծ ծավալներ չի ընդգրկել, որովհետեւ «վերջին հաշվով, մենք ուսադիր ենք կրում ու չենք կարող սովորական քաղաքացիների նման երկարատեւ գործադուլներ անել, Աստված չանի՝ բա որ մի տեղ հանկարծ հրդեհ բռնկվի»:
Մինչեւ 2003 թվականը հրշեջ ծառայությունները եղել են Ներքին գործերի համակարգում: ԱԻՎ տեղափոխվելուց հետո նրանց աշխատավարձերը կտրուկ նվազել են: «Անձամբ ես ստանում էի 53.000 դրամ,- ասում է պրն Քոսակյանը: -Համակարգից համակարգ տեղափոխությունից հետո իմ այդ 53.000-ից 10.000-ը սարքեցին պարենայինի գումար, մյուս 10.000-ը՝ հավելավճար, հիմա ստանում եմ 33.000 դրամ, այսինքն՝ փոխանակ աշխատավարձերը բարձրացնեին, եղածից էլ կտրեցին»: Կառավարական շրջանակներից շշուկները հրշեջներին հորդորում են համբերել մինչեւ գարուն: «Մեզ ասում են` մայիսին համակարգում նոր փոփոխություններ են սպասվում, ձեզ կտեղափոխենք տարածքային կառավարման մարմինների մեջ, ասում են՝ «սուպերնախարարություն» են սարքելու, «սուպերնախարար» կունենաք՝ աշխատավարձերը կբարձրանան,- պատմում էին հրշեջներն ու եզրահանգում,- էշ մի սատկի՝ գարուն կգա»:
Հրշեջներն առայժմ «խաթրով են» գործի գալիս. «Մարդիկ տրանսպորտի փող չունեն, որ գործի գան, ի՞նչ կարող ես անել, աշխատանքից չես կարող ազատել, որովհետեւ քչերն են գործից, տեխնիկայից հասկանում, նորեր, ճիշտ է, գալիս են, բայց ումի՞ց են սովորելու… Եթե այսպես շարունակվի, ոչ մի մասնագետ չի մնա, գրքերով հո չե՞ն սովորի հրդեհ հանգցնել»,- ասում է 8-րդ հրշեջմասի պահակապետ, ավագ լեյտենանտ Արմեն Ալեքսանյանը: 8-րդ հրշեջծառայության պետի սեղանին արդեն 6-7 հոգու ազատման դիմում կա:
«Ամսվա վերջում ես էլ եմ դիմում գրում-գնամ»,- ասում է վարորդ Ա. Այվազյանը: Ոչ միայն հրշեջծառայությունն է լքելու, այլեւ Հայաստանը: Ուրիշ տարբերակ չի տեսնում: 8-րդ հրշեջծառայություն այցելածս պահին աշխատակիցները ձմռան արեւին էին տվել մեքենաները: «Տեխնիկան,- ասում են,- ոչինչ, 30 տարվա տեխնիկա է»: Սովետմիությունից ժառանգած: Սովետմիությունն ամեն 15 տարին մեկ պարկը թարմացրել է: «Հիմա,- պատմում են,- մեր մեքենաները մինչեւ խոդի ենք տալիս, կարող ա մի տեղ մի հրդեհն իրեն-իրեն հանգի»: «Հետո բնակիչների հետ կոնֆլիկտներ են ծագում, բնակչին չես կարողանում բացատրել, որ ավտոդ խոդի չի ընկնում, իրավունք էլ չունի խոդի ընկնելու, բայց դու մի կերպ խոդ ես տվել, կամ՝ որ ճանապարհները փակ են, «գայիշնիկը» քո համար ճանապարհ չի բացում, որովհետեւ իր ամեն մի վայրկյանը փող ա: Հրդեհը մինչեւ հանգցնում ես՝ հազարումի փորձանքի միջով ես անցնում, բժշկական միջամտության կարիք ես ունենում, զանգում ես շտապօգնություն՝ ասում են՝ բենզինի փողը տվեք, որ գանք: Հո չե՞ս ասի՝ ես հրդեհ հանգցնելու համար բենզինի փող չեմ ուզել, ոչ էլ՝ ստացածս վնասվածքներին անհրաժեշտ բուժօգնության համար եմ վճարելու, հո չե՞ս ասի` հրդեհը հանգցնելու համար ինձ կոշիկուշոր էլ չեն տալիս, կամ՝ էդ ծուխումուրից հետո՝ մի վեդրո գոլ ջուր էլ չկա, որ լվացվես, հո չե՞ս ասի՝ թոքաբորբ եմ ընկել, որովհետեւ, ճիշտ է, երկու օր պարապ էի, բայց մի օր էլ գիշերվա ժամը 3-ին 35 աստիճան սառնամանիքին հրդեհ եմ հանգցրել, հրդեհը հանգցնելուց հետո էլ եկել եմ պետիս զեկուցելու ու թաց սապոգներս զեկուցելու պահին սառել-կպել են հատակին ու չեն պոկվել` մինչեւ ընկերներս չեն «միջամտել», հո չե՞ս ասի՝ երեխուս ուզում եմ «կանֆետ» առնեմ, բայց փող չունեմ…»: Այսպես շարունակվելու դեպքում` հրշեջծառայություններում ոչ մի հրշեջ չի մնա՝ կանխատեսում են հրշեջներն ու հարցնում հայրենի կառավարությանը՝ «Մեր փոխարեն ի՞նչ կանեիք…»: