Լավ կլիներ՝ համբերեր

13/02/2007

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը որոշում է կայացրել առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցել ՀՀԿ ցուցակով: Այս մասին երեկ հայտնել է Արդարադատության նախարարության Հասարակայնության հետ կապերի վարչությունը: Իսկ «Ազատություն» ռ/կ-ին ՀՀԿ մամուլի ծառայության պատասխանատու Էդուարդ Շարմազանովն ասել է, թե «ՀՀԿ ցուցակն առայժմ գոյություն չունի՝ այդ հարցը օրերս կայացած խորհրդի նիստում չի քննարկվել եւ քննարկվելու է փետրվարի վերջին կայանալիք նիստում»: Նա նաեւ ասել է, որ «այս պահին կուսակցության կենտրոնական գրասենյակում անդամակցության վերաբերյալ Դ.Հարությունյանից ստացված դիմում գոյություն չունի»: Նախարարությունը երեկ ավելի ուշ տարածեց եւս մեկ հաղորդագրություն, որի համաձայն` Դ. Հարությունյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է գրել փետրվարի 8-ին: Է. Շարմազանովն էլ հաստատել է, որ դիմումը ստացել են: Իսկ ՀՀԿ խորհրդի անդամ Սամվել Նիկոյանն էլ «Ազատությանն» ասել է, թե «ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր ոք` նաեւ նախարարը, լավ կլիներ, որ համբերեին մինչեւ ամսվա վերջը, եւ նախօրոք հայտարարություններ չանեին, որովհետեւ խաղի կանոնները դա են ենթադրում»: