Նոր հաճընցիները մանկուց ադամանդագործ են

07/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հին քաղաքը

Կոտայքի մարզի Նոր Հաճըն քաղաքն ընդամենը 49 տարեկան է, հիմնադրվել է «Սապֆիր» գործարանը կառուցելուց հետո, «Սապֆիրի» աշխատողների համար: Իսկ «Շողակն» ադամանդի մշակման գործարանից հետո Նոր Հաճընն արդեն հայտնի դարձավ որպես ադամանդագործության կենտրոն, չնայած «Սապֆիրն» ուներ մոտ 4000 աշխատող, իսկ «Շողակնը»՝ 2000: «Շողակնում» մշակում էին ամսական 8.000 կարատ ադամանդ: Բանվորական այս ավանն ադամանդյա հրապույրով Հայաստանի բոլոր շրջաններից մարդկանց ձգեց դեպի իրեն: Նոր Հաճընցիները կատակում են, թե իրենք, թեեւ բնիկ, բայց «հավաքածուրիկ» ժողովուրդ են: Նրանք նաեւ կատակում էին, թե սովետի ժամանակ իրենց երեխաները խաղալիքի փոխարեն ադամանդներով էին խաղում: Ու Նոր Հաճընում ծնված երեխան փոքր հասակից արդեն կարողանում էր տեխնիկապես որակավորել եւ գնահատել այդ քարը: Սովետի տարիներին նորհաճընցիները, կամ ինչպես իրենք են սիրում ասել՝ հաճընցիները, հարուստ ժողովուրդ էին:

Նոր քաղաքը

Նոր Հաճընն այսօր էլ հայտնի է որպես Հայաստանի բարեկեցիկ բնակավայրերից մեկը եւ նորից անկախ` Հայաստանի գործազուրկներին ձգում է դեպի իրեն: Այստեղ զբաղվածության խնդիրը, ի տարբերություն մեր մյուս քաղաքների ու գյուղերի, շատ սուր չէ: Պաշտոնական տվյալներով, քաղաքի բնակչության 65%-ն աշխատանք ունի: Անկախության տարիներին ադամանդի մշակման գործարաններն ավելացան, արդեն մասնավոր համակարգում: Այդ գործարաններում այժմ աշխատում են մոտ 3000 նորհաճընցիներ՝ 100-350 դոլար աշխատավարձով: «Սապֆիր» գործարանի համար, սակայն, անկախությունը ճակատագրական եղավ վատ իմաստով. խորհրդային տարիների 4000 աշխատողների փոխարեն այժմ աշխատում են մոտ 200-ը, այն էլ` թերբեռնված:

Հաճընցիները շատ չեն արտագաղթում, երիտասարդներն ադամանդ են տաշում, անգործ են հիմնականում մեծահասակները: Քաղաքն ունի մոտ 13.000 բնակչություն, 5 դպրոց, 1 մանկապարտեզ, հիվանդանոց, պոլիկլինիկա, փոստային բաժանմունք, խանութներ, ինչքան էլ զարմանալի է, սեփական ջրմուղ ու, վերջապես, քաղաքապետարան:

Բանվորական ավանը քաղաք դարձավ հետխորհրդային տարիներին՝ 1992 թվականի օգոստոսի 11-ի կառավարության որոշմամբ: Անկախության տարիներին Նոր Հաճընը բարեկամացավ ֆրանսիական Շաս-Սուղ-Ղոն քաղաքի հետ, դարձան քույր քաղաքներ: Շաս-Սուղ-Ղոնի հայկական համայնքի հաշվին ամեն տարի նորհաճընցի 13 երեխաներ երկու շաբաթով մեկնում են Ֆրանսիա հանգստանալու: Նոր Հաճընի քաղաքապետը նույնպես ամեն տարի գնում է Շաս-Սուղ-Ղոն՝ մասնակցելու տեղի հայերի ավանդական միջոցառումներին:

Քաղաքապետը

«Այս քաղաքն իշխանամետ քաղաք է, բնակչության 90%-ից ոչ պակասն իշխանամետ են, որովհետեւ այսօր ժողովուրդն աշխատանք ունի, բարեկեցիկ կյանքով է ապրում նաեւ մեր իշխանության վարած քաղաքականության շնորհիվ,- հայտարարեց քաղաքապետ Արմեն Քեշիշյանը: -Այս իշխանության օրոք մեր ժողովուրդը գումար է վաստակել, կայացել է, ավելի ճիշտ կայանում ենք, դա կարեւոր բան է: Ցանկացած քաղաք իր կյանքի միջին ուռըվենով առնվազն 20 տարի հետո կհասնի Հաճընին, էն էլ Հաճընը 20 տարի պետք է տեղում դոփի, որ գան-հավասարվեն: Ուրիշ համայնքներում ընտրությունները համայնքի ղեկավարների վրա բիծ է թողել: Էդ խնդիրը Նոր Հաճընի դուռը չի ծեծել, ինչ ընտրություններ եղել է ու լինելու է, միշտ արդար է եղել… Ես մաֆիոզ չեմ, Նոր Հաճընի յոթերորդ քաղաքապետն եմ եւ միակն եմ, որ ծնվել ու մեծացել եմ Հաճընում, ես այս քաղաքի առաջնածիններից եմ: Եթե ուշադիր եք եղել, հանրապետության նախագահը շուտ-շուտ ասում է՝ գնացեք Նոր Հաճընի քաղաքապետի մոտ, սովորեք, թե ոնց են աշխատում: Միակ քաղաքապետն եմ, որի մասին նախագահը երկու անգամ հեռուստացույցով ասել է՝ քսեռոքս արեք էդ տղային: Էս բռլիանտի գործարաններն իմ օրոք են կառուցվել: Ես եմ պայմաններ ստեղծել, տարածքներ տվել: Որ եկա, այստեղ աշխատում էին միայն «Սապֆիրն» ու «Շողակնը»: Հաճընցիները լավ ադամանդագործ են, ես էլ առաջին հերթին բռլիանտի մասնագետ եմ, հետո նոր` իրավաբան ու քաղաքապետ, դրանք ինձ համար երկրորդական գործեր են: Ծնվել եմ՝ էդ եմ տեսել, սովորել, դա իմ հոբբին է: Իմ տղեն 4 տարեկան է, ցանկացած քարի դիամետրը գիտի: Աբովյանը վերջերս մի հատ բռլիանտի գործարան սարքեց՝ չի աշխատում, Չարենցավանում բացին՝ մեռած վիճակ է: Աբրահամյան Գագոյի գործարանը հաճընցիներն են խոդի տվել: Ստեղ միայն բռլիանտի գործով են, ուրիշ գործ չկա»:

Ադամանդագործության կենտրոն

Նոր Հաճընում «Շողակնի» հետ միասին ադամանդ սկսեց մշակել նախ «Լոռե» ընկերությունը, որի սեփականատերերը բելգիացի հայեր են. Արսլանյանները Հայաստանում արտասահմանյան առաջին ներդրողներից են: Հետո իրար հետեւից բացվեցին «Ագատեսը», «Կրիստալիտը», «Արեւակնը», «Եռաթագը», «Նախշը», երկու գործարան էլ հարեւան Նոր Գեղիում, այնտեղ էլ, պարոն Քեշիշյանի հավաստմամբ` հիմնականում նորհաճընցիներ են աշխատում: Այս գործարանների սեփականատերերը հիմնականում արտասահմանցիներ են: Օրինակ, «Շողակնը» հրեաներինն է, «Արեւակնը» բելգիական «Տաշե» ընկերությանն է պատկանում եւ այլն: Միայն «Աղավնի» գործարանի սեփականատերն է հայ՝ նորհաճընցի, ՕԵԿ անդամ, պատգամավոր Արշակ Մխիթարյանը: Նոր Հաճընը աշխարհում ադամանդ մշակող քաղաքների տասնյակում ութերորդ տեղն է զբաղեցնում: Քաղաքապետի ասելով, այստեղ տարեկան մոտ 500.000 կարատ ադամանդ է մշակվում՝ 1 մլրդ դոլարի սահմաններում, իսկ հաճընցիներն ամսական ստանում են մոտ 1 միլիոն դոլար աշխատավարձ: Ադամանդի բիզնեսով զբաղվող արտասահմանցիներն այստեղ օգտագործում են հայերի էժան աշխատուժը: «2004 թվականին եվրո-դոլար հարաբերությունը խանգարեց ադամանդագործությանը,- բացատրում է քաղաքապետը,- Նոր Հաճընում բոլոր գործարաններից մոտ 800 հոգի կրճատվեցին»: Գործարանների շարքում ամենամեծը «Շողակնն» է, ունի մոտ 1600 աշխատող: Գործարանի փոխտնօրեն Սիմոն Ալանակյանը վստահեցնում է, որ հրեա սեփականատերերն ադամանդի մշակման գործարաններ ունեն նաեւ այլ երկրներում, բայց հայերից շատ գոհ են, որովհետեւ այստեղ որակով են տաշում: «Շողակնը» այժմ ամսական մշակում է մոտ 30.000 կարատ ադամանդ` խորհրդային տարիների 8000-ի փոխարեն: Նրանք մոտ 60 հաճընցիների տարել են աֆրիկյան երկրներ` պայմանագրով աշխատելու, իհարկե, մի փոքր ավելի բարձր աշխատավարձով: 6 ամիս հետո այս խումբը վերադառնում է եւ հաջորդ խումբն է մեկնում: «Արեւակնն» ունի մոտ 150 աշխատող: Տնօրեն Վարդան Անդրեասյանը նույնպես հավատացնում է, թե բելգիահայ սեփականատերերն էլ գոհ են իրենց աշխատանքից, ու համոզված է, որ ադամանդագործությունը հաճընցիների ավանդական մասնագիտությունն է:

Նոր Հաճընի պերճանքը

Նոր Հաճընի ջրմուղկոյուղին քաղաքապետարանի սեփականությունն է: Երեւանի Ջրմուղ-կոյուղուց ջուրը գնում է 1 խմ-ն` 21,8 դրամով, բնակիչներին մատակարարում է 50 դրամով: «1 մլն դոլար ամսական աշխատավարձ են ստանում, բայց ջրի ու աղբահանության վարձերը 25 տոկոսով են վճարում»,- դժգոհում է քաղաքապետ Արմեն Քեշիշյանը: Ինչո՞ւ: «Չեն մուծում, սաղ քերոբ են, փող ունեն՝ գողական են էթում,- շարունակում է նա: -Ժողովրդի ջուրը պիտի կտրեմ, որ վճարեն, ես էլ չեմ կտրում: Աշխատում ենք էնքան, ինչքան որ վճարում են»: Պարոն Քեշիշյանն ասում է՝ եթե Երեւանում ջուրը նորից թանկացնեն, ինքը չի թանկացնի:

Զգացվում էր, որ Նոր Հաճընի բնակիչները համեմատաբար բարեկեցիկ են ապրում: Դա երեւում էր նաեւ փողոցներում երթեւեկող մեքենաների քանակից, որոնց մոտ կեսը արտասահմանյան էին: Տներն այստեղ բավական թանկ էին, գրեթե հավասար երեւանյան գներին: 1 սենյականոց բնակարանն արժեր 7000-12.000 դոլար, 3 սենյականոցը` մինչեւ 25.000 դոլար: Այս թանկության «պատճառն» ադամանդն է: Հիմնականում բազմաբնակարան շենքեր են: Առանձնատներ կառուցել են վերջին տարիներին: Քաղաքից դուրս կային գյուղատնտեսական հողեր, որոնք հաճընցիները վարձակալությամբ վերցրել ու մշակում էին: Վերջին տարիներին, ասում են, քաղաքապետն այդ հողերը վաճառել է ու հենց այդ գործարքներից էլ փող է աշխատում: Քաղաք մտնելիս, աջ կողմի վրա երկու խոշոր հողակտորներ հայավարի պարսպապատված են, պարիսպների հետեւից չի երեւում, թե ներսում ինչ կա-չկա: Հաճընցիներն ասում են, թե մեկը Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկինն է, մյուսը՝ Ֆլեշի Բարսեղինը:

Նոր Հաճընի թշվառությունը

Այս շքեղ ֆոնի վրա կար նաեւ հաճընցիների դժգոհությունը եւ՛ ժամանակներից, եւ՛ իշխանություններից, եւ՛ իրենց սեւ բախտից: «Սապֆիր» գործարանի աշխատողները դժգոհում էին իրենց 5 ամսվա աշխատավարձը չստանալու համար. «Հունվարը փակել եմ 8000 դրամով, էն էլ չգիտեմ, թե երբ կստանամ»: «Բա սա ապրել ա՞, արդեն հինգ ամիս աշխատավարձ չեմ ստացել, սիրտս հիվանդ է, պետք է հիվանդանոց պառկեմ, մի կուրս բուժվեմ: Ինչո՞վ,- բողոքում էր մի երիտասարդ բանվոր: -Փող չենք ստանում, ստացածներս էլ մի բան չի: Տոկոսով եմ վերցրել, որ հոսանքի, գազի վարձերը վճարեմ»: «Ընտրություններից առաջ Քոչարյանը եկավ, մեզ խոստացավ, որ «Սապֆիրի» համար լավ սեփականատեր կճարի,- պատմում էր մեկ ուրիշը: -Անցած գարնան մեկին բերին՝ Բորիս Պետրոսյանը: Ամբողջ օրը պարապ ենք, գործ չկա, մեջի էղած-չեղածն էլ հանին-ծախին: Ես խնդրում եմ, գրեք` ա՛յ պարոն նախագահ, ինչո՞ւ ձեր խոստումը չեք կատարում, էս ժողովուրդը ափսոս է, անգործ ու անփող կոտորվում է: Լավ մասնագետներն էլ թողում-գնում են»: Այն հարցին, թե ճի՞շտ է, որ իրենք բոլորն իշխանամետ են, ու իրենց մոտ ընտրություններն արդար են անցնում, հաճընցիները ծիծաղեցին. «Ճարներս ի՞նչ, մեկին ստիպում են, տալիս են ընտրել իշխանության ուզած մարդուն, մյուսին կաշառում են: Ոնց որ ամեն տեղ, տարբերություն չկա»: Քաղաքապետարանի շենքում հանգրվանել էր «Արեգակ» վարկատու կազմակերպությունը: Խմբված վարկառուները դժգոհում էին բարձր տոկոսներից ու խիստ պայմաններից: «Ուզում եմ վարկ վերցնել, առեւտրով զբաղվել, էլի եմ վերցրել, տոկոսը շատ է,- դժգոհում էր վարկառու Կարինեն: -Մայր գումարից ամեն ամիս փակում ենք, բայց տոկոսը մինչեւ վերջ վերցնում են մայր գումարից: Հետո տամոժնիայում էլ լեւի-պռավի շատ են վերցնում, մեր առուծախից բան չենք հասկանում, Հարկայինն էլ խեղդում է: Մենք էլ արդեն ջահել չենք, որ ադամանդի գործարանում աշխատենք»:

Մի խոսքով, ադամանդագործության կենտրոն Նոր Հաճընում կյանքը համեմատաբար բարեկեցիկ է, բայց նոր ժամանակների դժվարություններն էլ կողքից չեն անցնում: Իսկ ադամանդն իր շքեղ հրապույրով դեռ շարունակում է հայերին ձգել դեպի այդ փոքրիկ քաղաքը: