Հաց եւ տեսարաններ

13/02/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Հայտնի է, որ դեռեւս շատ դարեր առաջ Հռոմի կայսրերն իրենց իշխանությունը պահելու նպատակով առաջնորդվում էին «Հաց եւ տեսարաններ» սկզբունքով: Կայսրերից շատերը գտնում էին, որ որպեսզի ժողովրդին լռեցնեն, որպեսզի հասարակ մարդիկ չդժգոհեն կայսրից, նրանց պետք է ապահովել հացով եւ տեսարաններով:

Տեսարաններ ապահովելու նպատակով կայսրերից ոմանք գլադիատորական մարտեր էին կազմակերպում, իսկ մարտից առաջ հավաքված հանդիսատեսի ուղղությամբ կայսեր անունից հաց էր շպրտվում մարտը դիտելու նպատակով հավաքվածների ուղղությամբ: Ու թեեւ Հռոմեական Կայսրությունը վաղուց այլեւս գոյություն չունի, սակայն «Հաց եւ տեսարաններ» սկզբունքը շարունակում է կիրառվել: Ավելին, մեր երկրի իշխանություններն, արդեն տեւական ժամանակ է, հենց այդ սկզբունքով են առաջնորդվում: Թերեւս հասկանալի է, որ հացի մասն ապահովվում է զանազան «բարեգործությունների» միջոցով: Իսկ եթե փորձենք հասկանալ, թե ի՞նչ նպատակ է հետապնդում Հայաստանի արտաքին քաղաքականությունը, կտեսնենք, որ այն իրականում զբաղված է հենց այդ տեսարաններն ապահովելու գործով: Մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում այսօր թերեւս ընդամենը երկու հիմնական հարց կա. Լեռնային Ղարաբաղի հակամարտության «արդարացի լուծումն» ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը: Այս երկրորդն, իհարկե, տեսարաններ ապահովելու առումով անսպառ աղբյուր է (թեեւ շատ դեպքերում այդ նպատակին ծառայեցվում է նաեւ ԼՂ հարցը): Հասկանալի է, որ եթե Հայոց ցեղասպանության ճանաչումը չբխեր, ասենք, Ֆրանսիայի շահերից, Ֆրանսիան այդ քայլին չէր գնա: Իսկ եթե մի բան բխում է որեւէ պետության շահերից, տվյալ պետությունը, եթե այն քիչ թե շատ ինքնիշխանություն ունի, գնում է դրան՝ անկախ նրանից, թե այդ հարցի շուրջ ՀՀ-ն ինչ դիրքորոշում ունի: Ի վերջո, մինչ մեր երկրի արտաքին քաղաքականության օրակարգում Ցեղասպանության ճանաչման հարցը ներառելը եւ նույնիսկ այն ժամանակ, երբ ՀՀ-ն անկախ պետություն էլ չէր, բազմաթիվ խոշոր պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Վերջին հաշվով, Ցեղասպանության միջազգային ճանաչմանը ոչ պակաս արդյունավետությամբ կարելի է նպաստել նաեւ առանց այդ մասին հայտարարելու: Օրինակ՝ այս մոտեցումը մեր իշխանություններն օգտագործում են ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանի նշանակման հարցում: ՀՀ-ն պաշտոնապես տվել է իր համաձայնությունը դեսպանի պաշտոնում ներկայացված թեկնածությանը, սակայն իրականում խրախուսում է դեսպանի նշանակման ձգձգումը (առջեւում ընտրություններ են. պատկերացնո՞ւմ եք՝ ԱՄՆ դեսպանը գար ու մեր երկրում տեսներ այս համատարած «բարեգործություններն» ու «ժողովրդի մասին մտածելու» այլ դրսեւորումները. սիրտը չէր դիմանա): «Դեսպանի բացակայությունը խանգարում է հայ-ամերիկյան հարաբերությունների լիարժեք օգտագործմանը»,- երեկ ՄԱԱ-ում հայտարարեց ՀՀ փոխգործնախարար Արման Կիրակոսյանը: Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի օգտագործում հայկական լոբբիի վրա իր ունեցած ազդեցությունը, որպեսզի այն չխոչընդոտի Հոգլանդի թեկնածության հաստատմանը: Այս հարցին Ա. Կիրակոսյանը փաստորեն չպատասխանեց՝ ասելով. «Մենք պաշտոնապես համաձայնություն ենք տվել, որ Ռ. Հոգլանդը լինի ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը»: Մնացածն ըստ նրա, ԱՄՆ-ի ներքին իրադարձություններին ու ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հայտնի արտահայտությանն առնչվող բաներ են: Եվ ուրեմն՝ ի՞նչ նպատակ է հետապնդում Հայոց ցեղասպանության հարցն արտաքին քաղաքականության օրակարգում ներառելը, եթե ոչ հենց վերոնշյալ տեսարաններն ապահովելը: Իսկ տեսարաններ ապահովելուն միտված զգացական արտաքին քաղաքականության արդյունքում այսօր մեր երկիրը հայտնվել է աննախանձելի դրության մեջ: Է՛լ ավելի վատ է, որ մենք չենք ուզում ընդունել, որ դա այդպես է ու համապատասխան հետեւություններ անել: Ավելին՝ արտգործնախարար Վարդան Օսկանյանն առաջարկում է «հանգիստ խղճով հետեւել» իրադարձությունների զարգացմանը: Փետրվարի 7-ին, երբ Թբիլիսիում ստորագրվեց Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցման համաձայնագիրը, Վ. Օսկանյանը հայտարարեց, թե այդ երկաթգիծը ՀՀ-ին «որեւէ կերպ մեկուսացման չի տանում»: Իսկ երեկ Ա. Կիրակոսյանը հայտարարեց, թե այդ երկաթգծի կառուցումը «շարունակությունն է նույն Թուրքիայի քաղաքականության՝ այն է՝ Ադրբեջանի հետ միասին ամեն կերպ շրջանցել Հայաստանը»: Փաստորեն՝ արտգործնախարարն ասում է, որ այդ երկաթգիծը ՀՀ-ին «որեւէ կերպ մեկուսացման չի տանում», իսկ նրա տեղակալն այլ կարծիքի է: Հիմա մեր արտգործնախարարության տեսակետը ո՞րն է. այդ երկաթգիծը մեր երկրին մեկուսացման տանո՞ւմ է, թե՞ չէ: Մեր այս հարցին Ա. Կիրակոսյանը պատասխանեց. «Տարբեր բաներ եք ասում: Մեկուսացման փորձերը եւ շրջափակումը միշտ եղել է՝ սկսած Հայաստանի անկախացումից: Ես ասացի, որ սա այս պետությունների կողմից նոր փորձ է՝ է՛լ ավելի ուժեղացնելու շրջափակման քաղաքականությունը»,- նշեց Ա. Կիրակոսյանը: Փորձեցինք պարզել՝ անհաջո՞ղ փորձ է: «Ոչ, փորձ է: Տարբեր բաների մասին ենք խոսում: Մենք մեր տնտեսության համար ստեղծել ենք այնպիսի պայմաններ, որ խուսափում ենք այդ շրջափակումից: Ես նկատի ունեմ եւ՛ առեւտրական հարաբերությունները…: Հայաստանը կարողացել է գտնել իր տեղը՝ չնայած այդ շրջափակմանը: Այս երկաթգիծը, անշուշտ, օգտակար է եւ՛ Վրաստանի, եւ՛ Թուրքիայի, եւ՛ Բաքվի համար: Անշուշտ, եթե Կարս-Գյումրի երկաթգիծն աշխատեր, այն պետք է մեզ շատ օգուտներ բերեր տնտեսական առումով: Սա քաղաքական որոշում է՝ շրջանցելու Հայաստանը՝ դրանում ոչ մի խոսք: Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա Հայաստանի տնտեսությունն այս պայմաններում չի տուժելու, եթե երկաթգիծ կառուցվի: Տնտեսական որեւէ վատթարացում չի կարող նախատեսվել: Օգուտը կունենա Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան»,- պատասխանեց փոխարտգործնախարարը: Ինչպես ասում են՝ no comment: Միաժամանակ պրն Կիրակոսյանը երեկ տեղեկացրեց, որ մեր երկիրը եւ Իրանը «ցանկություն ունեն», որ կառուցվի Իրան-Հայաստան երկաթգիծ: Ի դեպ, հիշեցնենք, որ Վ. Օսկանյանը փետրվարի 7-ին նաեւ հայտարարել էր, թե ՀՀ-ն կարող էր կանխել Կարս-Ախալքալաք երկաթգծի կառուցումը, եթե ԼՂ հարցում «անընդունելի զիջումների գնար»: Հիշեցնենք նաեւ, որ այս խիստ վիճելի միտքը հնչել է Հայաստանը շրջանցող յուրաքանչյուր տարածաշրջանային ծրագրի իրականացման ժամանակ: Փաստորեն, փորձ է արվում մեզ համոզել, թե իբր, առանց ԼՂ-ն հանձնելու, մենք չէինք կարող չմեկուսանալ: Այլ կերպ ասած՝ ներկայացվում է «մեկուսացում կամ Ղարաբաղ» իրավիճակ, կամ «Մահ կամ ազատության» նման մի բան: Ինչեւէ, երեկ Ա. Կիրակոսյանը հայտնեց նաեւ, որ Հրանտ Դինքի հուղարկավորությունից հետո, նույն օրը, երբ ինքը հուղարկավորությանը մասնակցելու նպատակով գտնվում էր Ստամբուլում, հեռախոսազրույց է եղել իր եւ Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի միջեւ: «Գյուլը ողջունեց ինձ Թուրքիայում, ցավակցություններ հայտնեց Թուրքիայի անունից: Առաջարկեց ինձ հանդիպում իր ներկայացուցչի հետ, ում նա հաջորդ օրն Անկարայից ուղարկեց Ստամբուլ, որպեսզի հանդիպի ինձ հետ: Դա արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա էր»,- նշեց Ա. Կիրակոսյանը: Վերջինիս խոսքերով՝ այդ հանդիպման եւ Գյուլի հետ հեռախոսազրույցի ընթացքում թուրք պաշտոնյաներն արտահայտում էին ՀՀ-ի հետ հարաբերությունները բարելավելու մասին իրենց կառավարության ցանկությունը: «Այլ հարց, թե ի՞նչ պայմաններում եւ ի՞նչ նախապայմաններով, բայց ցանկությունը գոյություն ուներ խոսակցությունների ժամանակ եւ բանակցությունների ընթացքում,- նշեց պրն Կիրակոսյանը՝ հավելելով,- մեր դիրքորոշումը հետեւյալն է. համագործակցության միջոցով հասնել ընդհանուր հաշտեցման: Իսկ թուրքական կառավարության դիրքորոշումը հետեւյալն է. սկզբից քննարկել եւ պարզեցում մտցնել ցեղասպանության խնդրում, հետո նոր սկսել համագործակցություն կամ սահմանի բացում: Սա է մեր ներկայիս ոչ պաշտոնական շփումների եւ հարաբերությունների հիմնական առանձնահատկությունը»: