Ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» թերթը երեկ «Հայաստանը պատրաստ է փոխել. Երեւանը երազում է տրանսկասպյան գազամուղի մասին» վերնագրով հոդված է տպագրել:
Ըստ թերթի, Անդրկովկասում Ռուսաստանի ամենամոտ դաշնակից Հայաստանը «ցանկացած պահի պատրաստ է Մոսկվայի տնտեսական հետաքրքրություններին ցավագին հարված հասցնել»: Այսպիսի եզրակացության համար հիմք է հանդիսացել փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ-ում արտգործնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունն այն մասին, թե Հայաստանը ցանկություն ունի միանալ տրանսկասպյան գազատարին, որի կառուցման նպատակը, ըստ թերթի, ռուսական գազատարներից Կենտրոնական Ասիայի՝ գազ արտահանող երկրների կախվածության թուլացումն է: Ըստ թերթի` Օսկանյանն ասել է. «Մենք հիմա ստանում ենք ռուսական գազ, մոտ ապագայում կստանանք նաեւ իրանական գազ եւ մտադիր ենք Կենտրոնական Ասիայից տրանսկասպյան գազատարից գազ ստանալու հայտ ներկայացնել: Էներգակիրների դիվերսիֆիկացիայի հարցը Հայաստանի համար կարեւորագույն նշանակություն ունի, եւ մենք փորձելու ենք լուծել այն բոլոր ձեւերով»: Թերթը նաեւ գրում է, թե սա նմանօրինակ առաջին հայտարարությունը չէ, եւ նման մի հայտարարություն Օսկանյանն արել էր նաեւ մեկ ամիս առաջ: Այս պահի դրությամբ` տրանսկասպյան գազատարի նախագիծը հետեւյալն է. Թենգիզ (Ղազախստան)-Թուրքմենբաշի (Թուրքմենստան)-Բաքու (Ադրբեջան)-Թբիլիսի (Վրաստան)-Էրզրում (Թուրքիա): Նախագծի իրականացումը նախատեսվում է 2008-ին: «Նեզավիսիմայա Գազետան» գրում է՝ Օսկանյանը հստակեցրել է, թե խոսքը ոչ թե ադրբեջանական գազի՝ Հայաստան առաքելու մասին է, այլ այդ գազատարից Կենտրոնական Ասիայի երկրներից, որոնց հետ ՀՀ-ն կոնֆլիկտներ չունի, գազ ստանալուն: Թերթը գրում է նաեւ, որ նախարարը շեշտել է, թե Հայաստանը պատրաստ չէ գազի համար զիջումների գնալ Ադրբեջանի հետ կոնֆլիկտում: «Բաքուն միանգամից արձագանքեց Օսկանյանի հայտարարություններին: Ադրբեջանի Արտգործնախարարության մամուլի խոսնակ Թահիր Թաղիզադեն «Թուրան» գործակալությանն ասել է, թե Հայաստանի հետ ոչ մի երկկողմանի կամ բազմակողմանի հարաբերություն հնարավոր չէ մինչեւ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը»,- գրում է «Նեզավիսիմայա Գազետան»: Ըստ թերթի, նախագծին Հայաստանի միանալուն չեն հավատում նաեւ փորձագետները: «Այս պարագայում հայկական դիվանագիտության ղեկավարի հայտարարություններն այնքան էլ կոռեկտ չեն Ռուսաստանի նկատմամբ: Կենտրոնաասիական գազ ստանալու շանս Երեւանը գրեթե չունի, իսկ էությամբ հակառուսական հայտարարությունները կարող են բարդացնել Մոսկվայի հետ բարեկամական հարաբերությունները,- իր երեկվա համարում գրել է «Նեզավիսիմայա Գազետան» ու հավելել,- Նշենք, որ հիմա Հայաստանը զգալիորեն կախված է Ռուսաստանի բարի կամքից: Այս տարի Երեւանը գնում է ռուսական գազը 110 դոլարով՝ 1000 խորանարդ մետրի դիմաց, ընդ որում, գինը ֆիքսված է մինչեւ 2009 թվականը: Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան ռուսական գազը ստանում են 230 դոլարով: Բացի դա, պարտքի դիմաց Մոսկվան համաձայնում է վերցնել ոչ թե փող, այլ Հայաստանի արտադրական ակտիվները: Մասնավորապես, «Գազպրոմը» ձեռք կբերի Իրան-Հայաստան գազատարը եւ Հրազդանի ՋԷԿ-ը»: