Թեեւ ոչ ոք չէր կասկածում, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը հաջորդ վեց տարիներին եւս կղեկավարի Ալեքսան Հարությունյանը, սակայն, այնուամենայնիվ, մրցույթի ընթացքն ու արդյունքն անհամեմատ հրապարակային կլինեին, եթե այս պաշտոնին փորձեին հավակնել ոլորտի այլ գիտակներ եւս: Ենթադրում էինք, որ ընդդիմությունն, ամեն դեպքում, կգործուղի իր թեկնածուին մրցույթի, սակայն դա տեղի չունեցավ: Իսկ ընդդիմության շարքերում կային հեռուստառադիոյի ոլորտի լուրջ մասնագետներ, որոնցից մեկն էլ ԱԺ պատգամավոր, ՀԺԿ անդամ Ստեփան Զաքարյանն է, ով ժամանակին բավական հաջող ղեկավարել է Ազգային ռադիոն: Մեր հարցն ուղղեցինք հենց նրան` ինչո՞ւ ընդդիմությունն, այնուամենայնիվ, չառաջադրեց իր թեկնածուին. «Նախ` էդպիսի միտք չի եղել: Եվ հետո` բոլորս էլ գիտենք, որ ամեն բան կանխորոշված էր: Հակառակ դեպքում մրցույթին այլ մասնակիցներ էլ կլինեին: Չեմ կարծում, թե Հայաստանում այդ ոլորտի այլ գիտակներ չկան: Նրանցից մի քանիսին ինքս գիտեմ: Եվ եթե այդ մարդիկ համոզված լինեին, որ մրցույթի արդյունքը նախապես որոշված չէ, անպայման կմասնակցեին»:
– Պարոն Հարությունյան, չե՞ք բարդույթավորվում, որ մրցույթի միակ մասնակիցն ու հետեւաբար` միակ հաղթողը Դուք էիք: Եվ որ որեւէ մեկն անգամ փորձ էլ չէր արել հավակնել այդ պաշտոնին` թերեւս նախապես գիտենալով, որ մրցույթի ելքն արդեն կանխորոշված է:
– Այդ հարցին ես այդքան կարեւորություն չէի տա, որովհետեւ այս մրցույթի արդյունքը նախօրոք կանխորոշվա՞ծ էր, թե՞ ոչ՝ հարցը կարող էր առաջանալ այն ժամանակ, երբ ինչ-որ մեկը կամ ինչ-որ մարդիկ նույնպես առաջադրվեին, հետո ասեին, որ մրցույթն արդար չի անցել, եւ այլն, եւ այլն: Երբ ոչ ոք չի առաջադրվել, ապա դա կարող է միայն ենթադրություն լինել: Եվ հետո, մի մոռացեք, որ այնտեղ կան հստակ պահանջներ` կապված ոչ միայն պրոֆեսիոնալիզմի հետ: Ինչ-որ մի առիթով մեկը, կարծեմ Բորիսը Նավասարդյանը, ասել էր, որ գործազուրկ պրոֆեսիոնալներ քիչ կային: Միշտ էլ տարբեր մրցույթներ են լինում, նկատի ունեմ` եւ՛ քաղծառայության, եւ՛ այլ տեղերի, ուր շատ մարդիկ են դիմում: Եթե առաջնորդվենք այն տրամաբանությամբ, որ ամեն ինչ վաղօրոք որոշված է, ուրեմն պետք է ոչ մի տեղ ոչ մի մարդ չդիմեր: Բայց սա, կարծում եմ, բացառիկ դեպք է, երբ ոչ ոք չի դիմել: Չէի ցանկանա հեռուն գնացող եզրակացություններ անել:
– Հայաստանում ՀՀՌԸ խորհրդի նախագահի պաշտոնն ավելին է, քան պաշտոնը: Եվ թերեւս, տեղին չէ համեմատել քաղծառայությունների այլ տեսակների հետ: Առջեւում խորհրդարանական ու նախագահական ընտրություններն են: Նախորդ համապետական ընտրությունների ժամանակ թե՛ հասարակությունը, թե՛ օտարերկրյա դիտորդները ֆիքսել էին, որ կոնկրետ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժներն ու մեկնաբանությունները կանխակալ են. ընդդիմության գործունեությունը կա՛մ չէր լուսաբանվում, կա՛մ լուսաբանվում էր խեղաթյուրված: Այդ ավանդույթն այս տարի է՞լ է աշխատելու:
– Այս պաշտոնում ընդդիմության կամ իշխանության խնդիր չեմ դնում: Ես ինքս ոչ իշխանություն եմ, ոչ ընդդիմություն: Արդեն բավական ժամանակ է, որ ես իշխանության մեջ չեմ: Իմ օրոք եղել են համապետական երկու ընտրություններ եւ մեկ հանրաքվե: 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ դիտորդները քննադատել են Հ1-ը` հավասարակշռությունը չպահպանելու համար: Այս ընտրություններին մենք բավական լուրջ ենք նախապատրաստվել եւ վստահ ենք, որ թե՛ տեղական, թե՛ օտարերկրյա դիտորդների գնահատականներն ավելի վատը չեն լինի, քան նախորդ ընտրություններինը:
– Ասացիք, որ երկար ժամանակ է` իշխանության մեջ չեք: Սակայն Ձեր քաղաքական համակրանքի շրջանակը հայտնի է, եւ այն, կարծես, չեք էլ թաքցնում:
– Այսօր ես որեւէ ուժի հանդեպ ընդգծված քաղաքական համակրանք չունեմ: Այդպիսի ընդգծվածություն կար, չեմ թաքցնում, 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ: Ես երկար տարիներ աշխատել եմ հանրապետության նախագահի հետ, եւ, եթե ասեմ, որ որեւէ կապ չունեմ՝ անկեղծ չի հնչի: Բայց այսօր իմ նախապատվությունները մինիմալ, աննշան կունենան, կամ ընդհանրապես ազդեցություն չեն ունենա մեր աշխատանքների վրա:
– Ընկերություններից 30 օր առաջ կմեկնարկի պաշտոնական քարոզարշավը: Ձեր ասածից հետեւում է, որ բոլոր կուսակցությունների համար մեկնարկային պայմաններն ու քաղաքական գովազդի գները նույնն են լինելու:
– Չնայած Հանրային հեռուստատեսությունն իր ընդգրկման տարածքով եւ վարկանիշով, ինչպես նաեւ` գովազդի դաշտով, առաջինն է Հայաստանում, բայց մենք որոշեցինք դնել ամենացածր գինը: Այնպիսի գին, որն էականորեն չի տարբերվում նախորդ ընտրությունների գներից: Որոշվեց 80 հազար դրամ` ներառյալ ԱԱՀ-ն, մեկ րոպեի համար: Հ1-ով յուրաքանչյուր կուսակցություն ունենալու է 60 րոպե անվճար եւ 120 րոպե վճարովի ժամանակ: Բացի այդ, մեր լուրերի միջոցով մենք դարձյալ անվճար կանդրադառնանք բոլոր կուսակցությունների գործունեությանը: Հանրային հեռուստաընկերությունն իր առջեւ խնդիր չի դրել այս ընտրությունների արդյունքում հարստանալ:
– Տարբեր դասի պաշտոնյաներ հրաժարականի դիմումներ են ներկայացնում` կուսակցական ցուցակներում առաջնային տեղ զբաղեցնելու նպատակով: Իսկ դուք եւս վեց տարով երկարաձգեցիք Ձեր պաշտոնը: Ձեզ արժանի կուսակցությո՞ւն չկար, թե՞ ավելի հետաքրքիր է քաղաքականությունը հեռուստատեսության միջոցով կարգավորողի դերը:
– Մեր ընտրողներին նման վտանգ չի սպառնում. ես չեմ պատրաստվում որեւէ կուսակցության ցուցակում կամ աջակցությամբ փորձել դառնալ պատգամավոր:
– Պարոն Հարությունյան, անդրադառնանք «Եվրատեսիլին»: Ռուսաստանյան ԶԼՄ-ները գրում են, որ այս տարվա «Եվրատեսիլի» մրցույթին ՌԴ-ն ներկայացնելու է դարձյալ Դիմա Բիլանը՝ այս անգամ արդեն 1-ին տեղի հավակնություններով: Հնարավո՞ր է, որ Հայաստանը եւս մրցույթին ուղարկի Անդրեին` ասենք, 7-րդ տեղի ակնկալիքներով:
– Անցած տարի ժամանակ չկար մրցույթին երկար նախապատրաստվելու համար, եւ մենք ուղարկեցինք այն, ինչ ուղարկեցինք, ունեցանք այն արդյունքն, ինչ ունեցանք: Այս տարի «Եվրատեսիլին» մասնակցելու հայտ ներկայացրած մասնակիցների մրցույթը տեղի է ունենալու Հանրային հեռուստատեսությամբ, փետրվարի 23, 24-ին եւ 25-ին՝ ուղիղ եթերում: Լինելու է ժյուրի, կլինեն SMS հաղորդագրություններ, եւ երգի ու երգչի ընտրությունը տեղի կունենա բոլորիս աչքի առաջ: Մինչ այս պահը երգեր են ներկայացրել Էմմին, «Հայեր» խումբն` առանձին, Հայկոն եւ էլի մի շարք կատարողներ:
– Որպես հեռուստադիտող` Հ1-ով եւ «Նոր ալիքով» հատկապես ո՞ր հաղորդումներն եք հետաքրքրությամբ դիտում:
– «Հայլուրը», երբեմն դիտում եմ հաղորդումներ, որոնք այնքան էլ մեծ լսարան չունեն: Ինձ համար հետաքրքիր է Հենրիկ Հովհաննիսյանի «Մշակութային գիտակցություն» հաղորդաշարը, «Իմ իրավունքը»:
– Չե՞ք կարծում, որ բովանդակություն ունեցող հաղորդումներին ժամանակ չի մնում, քանի որ կան խիստ հրատապ թեմաներ, ասենք, Բրիթնի Սփիրսի եւ Անջելինա Ջոլիի սիրեկանների մասին, որոնք Ձեր աշխատակիցները փորձում են րոպե առաջ տեղ հասցնել: Ձեզ անձամբ հետաքրքրո՞ւմ է Ջոլիի անձնական կյանքը:
– «Նոր ալիքը» երիտասարդական ժամանցային ալիք է, դեռեւս ոչ կայացած փորձ է` ստեղծել հայկական երաժշտական ալիք, ինչպես, ասենք, «MTV»-ն է: Անջելինա Ջոլիի անձնական կյանքի պատմությունները չեմ կարող ասել, թե ինձ համար հետաքրքիր չեն: Բայց եթե մեկ տարի հետո էլ «Նոր ալիքը» լինի այնպիսին, ինչպիսին այսօր է, ես կմտածեմ` արժե՞, որ այն շարունակի իր կյանքը, թե՞ ոչ:
– Իսկ հայ աստղերից որի՞ կյանքն է Ձեզ հետաքրքրում նույնքան, որքան, ասենք, Անջելինա Ջոլիինը:
– Այսպես ասած` հայ աստղերից գրեթե բոլորի հետ նորմալ հարաբերություններ ունեմ: Բայց իրենց անձնական կյանքն ինձ դժվար թե շատ հետաքրքրի: