Երկու ճամփա

13/02/2007

Երեկ Ազգային ժողովրդավարական կուսակցության (ԱԺԿ) նախագահ Շավարշ Քոչարյանն ասուլիսում ասել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք մասնակցելու են միայնակ: «Մենք նախընտրական որեւէ դաշինք չենք կազմելու եւ գնալու ենք առանձին ցուցակով: Անիմաստ է դաշինք ձեւավորել այն ընդդիմության հետ, որը միասնական չէ եւ չունի ընդհանուր գաղափարախոսություն»: Բայցեւ նա կողմնակից է համագործակցել ցանկացած ուժի հետ` ընտրական գործընթացները համատեղ վերահսկելու հարցում: Ըստ Շ. Քոչարյանի՝ իրենց համամասնական ցուցակում ընդգրկված են լինելու նաեւ հասարակական որոշ գործիչներ. «Հարկավոր են նոր ուժեր, որոնք կվերականգնեն ընտրական գործընթացների հանդեպ հասարակության վստահությունը»,- ասել է նա: Շ. Քոչարյանը մտադիր է իր թեկնածությունն առաջադրել նաեւ մեծամասնական ընտրակարգով, եթե, իհարկե, կուսակցության քաղաքական վարչությունն այլ որոշում չկայացնի. «Եթե այն որոշի, որ մեծամասնականով մասնակցելը կարող է խանգարել համամասնական ընտրակարգին, ապա չեմ առաջադրվի»:

Նույն ասուլիսում «Արժանապատիվ ապագա» կուսակցության նախագահ Լյուդմիլա Հարությունյանն ասել է, թե ընտրություններին մասնակցելու են դաշինքով: Առայժմ կուսակցությունը չի հստակեցրել, թե կոնկրետ որ ուժի կամ ուժերի հետ է դաշինք ձեւավորելու: «Այսօր փոքր կուսակցությունները որքան էլ ցանկանան, խոշոր քաղաքական ուժերի կողքին հաջողության հասնելու որեւէ հնարավորություն չունեն: Բացի այդ, այս ստեղծված իրավիճակը պետք է ծառայի Հայաստանում կուսակցությունների խոշորացման գործընթացին: Կարծում եմ, որ սա առողջ միտում է. կուսակցությունները պետք է կոնսոլիդացվեն»,- ասել է Լ. Հարությունյանը՝ ավելացնելով, որ իր թեկնածությունը չի առաջադրելու մեծամասնական ընտրակարգով,- Ես ընտրությունների մասնակցության մեծ փորձ ունեմ եւ գիտեմ` ինչ է դա նշանակում»: