Հ1 գնալու փոխարեն գյուղեգյուղ ընկեք

13/02/2007

Երեկ ԱԺ ճեպազրույցների ժամանակ քաղաքական ուժերն անդրադարձան հեռուստատեսությունների կողմից քաղաքական գովազդի համար սահմանված սակագներին: Հիշեցնենք, որ Հանրային հեռուստաընկերությունը քաղաքական գովազդի 1 րոպեի դիմաց սահմանել է 80.000 դրամ, իսկ մասնավոր որոշ հեռուստատեսություններում այն շատ ավելի բարձր է:

Օրինակ, «Ազգային Միաբանություն» խմբակցության ղեկավար Արտաշես Գեղամյանը երեկ հայտարարեց, որ իրենք երբեք վճարովի եթերից, այդ թվում նաեւ՝ Հանրային հեռուստատեսության ծառայությունից, չեն օգտվի: Իսկ ՕԵԿ փոխնախագահ Մհեր Շահգելդյանը չասաց՝ իրենք կօգտվե՞ն վճարովի եթերից, թե՞ ոչ: Նա ընդամենը դրական համարեց, որ Հ1-ի առաջարկած սակագինն ավելի ցածր է, քան մյուս հեռուստաընկերություններինը: Ի դեպ, ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդամենը 2 օր առաջ դժգոհում էր, թե Հ1-ը քաղաքական գովազդի 1 րոպեի դիմաց պահանջում էր 100.000 դրամ, ու այն համարում էր բավականին թանկ եւ «անհասանելի» հաճույք: Սակայն պարզվեց, որ այն ոչ թե 100.000 է, այլ՝ 80.000: ՄԱԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանն էլ չի կարծում, թե վճարովի եթերաժամի համար անհավասար պայմաններ են ստեղծված քաղաքական ուժերի համար. «Բոլորի համար է վճարը սահմանված, եւ անհավասարություն չկա»: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Հրայր Կարապետյանի կարծիքով, այն կուսակցությունները, որոնք ժողովրդականություն են վայելում, կունենան նաեւ մեծ հնարավորություններ` նվիրատվություններ ստանալու, նախընտրական բյուջեն ձեւավորելու համար: «Այստեղ, իհարկե, հնարավորությունները հավասար չեն լինի, բայց պայմանները հավասար են»,- նշեց նա: Ի դեպ, սակագներից բողոքող քաղաքական ուժերին ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քարոզչության օրիգինալ ձեւ հուշեց, որից, ըստ նրա, շատ հաճախ օգտվում է նաեւ ինքը. նա փող չունեցող կուսակցություններին առաջարկեց այցելել թաղամասից թաղամաս, գյուղից գյուղ ու ներկայացնել իրենց ծրագրերը: «Ինքս անձամբ նախընտրում եմ այդ տիպի քարոզչությունը, որից օգտվել եւ օգտվում եմ»,- ասաց նա: Գյուղից գյուղ ընկնելու ծրագիրը հուշելուց բացի, անընդհատ չունեւորությունից խոսող քաղաքական ուժերին, որոնց կարծիքով` միայն «լավ մտքերը» բավարար են իշխանության գալու համար, Գ. Սահակյանը հորդորեց գիրք գրել. «Կուսակցությունը պետք է իր մասին մտածի, եւ դրա բաղադրիչներից մեկն էլ ֆինանսավորման հարցն է: Իսկ նրանք, ովքեր քաղաքական, ֆինանսական կապիտալ չունեն ու դրա փոխարեն պարզապես լավ մտքեր ունեն, թող գրքեր գրեն»,- ասել է նա՝ զգուշացնելով, որ ընտրություններից առաջ այդ տրտունջները կարող են հենց այդ քաղաքական թիմերի իմիջի կորստի խնդիր դառնալ: