Ուղեւորներին սպասեցնելու համար ստիպված կլինեն վճարել

13/02/2007 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Փետրվարի 7-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված «Ավիացիայի մասին» օրենքի նախագիծը: 2002թ. մայիսին ընդունված «Ավիացիայի մասին» օրենքն այն եզակի օրենքներից է, որը տարիների ընթացքում չի ենթարկվել փոփոխությունների ու լրացումների:

Այժմ էլ կառավարությունը, հանձին Քաղավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) միանգամից նոր նախագիծ է առաջարկում: Նկատենք, որ վերջինիս եւ գործող օրենքի տարբերություններն այդքան էլ շատ չեն, բայց էական են: ՔԱԳՎ պետ Արտյոմ Մովսիսյանը նոր օրենքի ընդունման անհրաժեշտությունը բացատրել էր այն հանգամանքով, որ գործող օրենքը հնարավորություն չի ընձեռում ընդունել մեծ թվով նորմատիվ-իրավական ակտեր` միջազգային չափանիշներին համապատասխան քաղաքացիական ավիացիայի ոլորտի գործունեության կանոնակարգման համար:

Ըստ օրինագծի, ՀՀ-ում գրանցված օդանավերի անձնակազմի անդամներ կարող են հանդիսանալ միայն ՀՀ քաղաքացիները, եթե կառավարության լիազորած մարմնի (հանձին ՔԱԳՎ-ի) կողմից բացառության կարգով այլ որոշում չի կայացվում: Այս պահանջը գործող օրենքում չկա: Փոքր, բայց բավական հետաքրքիր փոփոխություն է նախատեսվում նաեւ օդանավի հրամանատարի իրավունքների մեջ: Գործող օրենքի համաձայն, օդանավի հրամանատարն, անհրաժեշտության դեպքում, իրավունք ունի արգելել օդանավի անձնակազմի անդամների, ուղեւորների մուտքն օդանավ եւ պահանջել, որ նրանք լքեն ինքնաթիռը: Իսկ «Ավիացիայի մասին» նոր օրենքի նախագծում օդանավի անձնակազմին «դուրս հանելու» մասին ոչինչ չի ասվում:

Հիշեցնենք, որ Սոչիում Ա-320-ի վթարից հետո անընդհատ շրջանառվում էր այն միտքը, որ վայրէջքի մասին վերջնական որոշում կայացնողն օդանավի հրամանատարն է: Միգուցե դա միջազգային նորմ է, սակայն «Ավիացիայի մասին» ՀՀ գործող օրենքում այն ամրագրված չէ: Իսկ օրենքի նախագիծն ինքնաթիռի հրամանատարին այդ իրավունքը տալիս է. «Օդանավի հրամանատարն իրավունք ունի ընդունել վերջնական որոշում՝ վերթիռի, թռիչքի, վայրէջքի, ինչպես նաեւ թռիչքի դադարեցման, վերադարձի եւ հարկադրված վայրէջքի վերաբերյալ, եթե կա թռիչքի անվտանգությանը սպառնացող անմիջական վտանգ»:

Եթե գործող օրենքը ցանկացած անձի հնարավորություն է տալիս օդանավ շահագործողի վկայական ստանալ, ապա նոր օրինագիծը ֆիզիկական անձանց բացառում է: Նման վկայական կարող են ստանալ միայն ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձինք, որոնց բաժնեմասերի առնվազն 51%-ը սեփականության իրավունքով պատկանում է ՀՀ քաղաքացիներին կամ ՀՀ-ում պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց: Այսինքն, «Արմավիայի» կողքին մեկ այլ հայկական ավիաընկերության հայտնվելու հնարավորությունն ավելի է նվազում:

Ե՛վ գործող օրենքի, եւ՛ օրինագծի համաձայն, տրված թույլտվությունների եւ օդանավ շահագործողի վկայականներ ունեցող անձանց գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու համար ՔԱԳՎ-ն իրավասու է ուսումնասիրություններ եւ տեսչական գործառույթներ անցկացնել: Գործող օրենքում նաեւ մի դրույթ կա, որի համաձայն, օդանավի շահագործողներն օդանավակայանում տարածքների օգտագործման եւ գործունեության իրականացման հարցերում առաջնորդվում են օդանավակայանի կառավարչի սահմանած կանոններով եւ ենթարկվում են նրա սահմանած պայմաններին: Այս կետն «Ավիացիայի մասին» օրենքի նախագծում բացակայում է:

Օրինագծով հստակեցվում են ավիացիայի ոլորտում անհրաժեշտ լիցենզավորման եւ թույլտվությունների իրականացման տարանջատումները, պարտադիր ապահովագրության պահանջները. դեպի Հայաստան, Հայաստանից դուրս կամ Հայաստանի տարածքով թռիչքներ իրականացնող ՀՀ եւ օտարերկրյա օդանավ շահագործողները չեն կարող գործունեություն իրականացնել առանց ապահովագրության, որը նախատեսված է հնարավոր վնասները փոխհատուցելու համար:

Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման կարգը հաստատում է ՔԱԳՎ-ն: Նոր օրինագծում լրացում է կատարվել, համաձայն որի` վտանգավոր բեռներ են համարվում այն առարկաները եւ նյութերը, որոնք օդանավով փոխադրման ընթացքում կարող են սպառնալ ուղեւորների ու օդանավի անձնակազմի անդամների կյանքին, առողջությանը եւ թռիչքների անվտանգությանը, սակայն օդային փոխադրման համար արգելված չեն:

Ըստ նոր օրենքի նախագծի, ՀՀ միջազգային պայմանագրերի պահանջներից բխող՝ քաղավիացիայի ավիացիոն անվտանգությունն ապահովող համապատասխան իրավական ակտերն ընդունում է կառավարությունը: Իսկ գործող օրենքի համաձայն, կառավարությունը ստեղծում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակում է ավիացիոն անվտանգության բնագավառում վարվող պետական քաղաքականության հիմնադրույթները եւ բնագավառին վերաբերող իրավական ակտերի նախագծերը: Ընդ որում, օդանավակայանի կոնցեսիոներները, ինչպես նաեւ` օդային երթեւեկության կոնցեսիոներներն իրավասու են մասնակցել եւ իրենց տեսակետը ներկայացնել այդ հանձնաժողովի նիստերին: «Ավիացիայի մասին» օրենքի նախագծով կոնցեսիոներներն այդ իրավունքից զրկվում են:

Օրենքի նախագծում ավելացվել է դրույթ, ըստ որի` ուղեւորի փոխադրման տոմսը հանդիսանում է փոխադրման եւ փոխադրման պայմանների կապակցությամբ կնքված պայմանագրի վկայություն: Բացի այդ, փոխադրողը կպարտավորվի չվերթի` նախատեսված ժամից ուշացման դեպքում հոգալ ուղեւորների կարիքները. սկսած երկու ժամից` ապահովել սննդով, 4 ժամից` հաղորդակցության միջոցներով, 8 ժամից` կացարանով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում առաջարկվող փոփոխություններով ավելացվում է տույժերի ու տուգանքների չափը: Ա. Մովսիսյանի խոսքերով, ներկայումս գործող պատժամիջոցները բավարար չեն օդային տրանսպորտի բնագավառում խախտումների կանխարգելման համար: