2007թ. արտաքին քաղաքական սպասվող իրադարձություններից մեկն էլ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում Սառեցված հակամարտությունների մասին հռչակագրի նախագծի քննարկումն է: Այս նախագիծը, որ ներկայացրել են ՎՈՒԱՄ-ի երկրները (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) համատեղ, անցյալ տարի արդեն իսկ մեծ աղմուկ էր հանել: Շատերը դա համարում էին ՎՈՒԱՄ-ի հավաքական պատասխանը Ռուսաստանին, որը, նրանց կարծիքով, տարածաշրջանում ապակայունացնող դեր է խաղում, գումարած գազային պատերազմը, որը տհաճ անակնկալի, չնախատեսված ծախսերի եւ քայլերի էր բերել:
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպան Ագշին Մեհդիեւի կարծիքով, նախագիծը Ռուսաստանի դեմ չէ: Ոչ էլ խաղում է ՌԴ նյարդերի հետ, ինչպես նկատել էին որոշ դիտորդներ. «Այդ քաղաքականությունը (ընդդեմ երկրի) ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը կառուցում է իր շահերի վրա: Հետաքրքրությունները կարող են նույն երկրի նկատմամբ պատմական տարբեր պահերին լինել տարբեր: Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուսաստանին, ապա նրա նյարդերի հետ խաղալն այնքան էլ խելամիտ չէ»:
2006թ. նոյեմբերի 30-ին նշանակված Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հետ մեր զրույցը հենց ներկայացուցչության գրասենյակում տեղի ունեցավ՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում, որը գտնվում է Ռոքֆելլեր կենտրոնից 50 մետր հեռավորության վրա: Ինձ հատկացված նստատեղի գլխավերեւում Իլհամ Ալիեւի լուսանկարն է: Ի դեպ, որքան էլ տարօրինակ է, ադրբեջանցի դիվանագետները շատ օպերատիվ արձագանքեցին եւ շատ հստակ օր ու ժամ պայմանավորվեցին հարցազրույցի համար: Զրույցն անշուշտ հայտնի նախագծի շուրջ էր:
– Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը: Այդ դեպքում ի՞նչ նպատակ ունի խնդիրը քննարկել ՄԱԿ-ում:
– Ես ոչ մի հակասություն չեմ տեսնում: Այո, հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն, բայց կարող է ներգրավված լինել ցանկացած միջազգային կազմակերպություն եւ կառույց: Հենց այդ պատճառով հակամարտության վերաբերյալ նախագիծ ենք շրջանառության մեջ դրել: Այս սառեցված հակամարտությունները գոյություն ունեն արդեն 15 տարի: Արդյունքում տուժում են մարդիկ, տուժում է երկիրը: Հակամարտությունները պետք է կարգավորել: Ու որքան շատ միջազգային կազմակերպություն ներգրավվի, որքան շատ կառույցներ աշխատեն, այնքան ավելի շուտ հնարավոր կլինի հասնել հակամարտության կարգավորմանը:
– Ադրբեջանը ՄԱԿ-ը դիտարկում է որպես հակամարտության կարգավորման այլընտրանքային տարբերա՞կ:
– Որքան ես եմ տեղյակ, այսօրվա դրությամբ` ոչ: Մեր ղեկավարությունն այսօրվա դրությամբ մտադիր չէ փոխել կամ տեղափոխել հակամարտության կարգավորման ձեւաչափը: Իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ համանախագահների հասցեին Ադրբեջանը միշտ էլ քննադատորեն է վերաբերվել, որովհետեւ, եթե մի խնդրով զբաղվում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ը, ՌԴ-ն եւ Ֆրանսիան, ապա կարգավորումը վաղուց պետք է ձեռք բերված լիներ:
– Առաջարկելով այս նախագիծը, ի՞նչ ակնկալիքներ ունեք արդյունքի տեսակետից: Դա ձեզ ի՞նչ է տալու:
– Արդեն այն փաստը, որ ՄԱԿ-ի օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը նվիրված նախագիծ՝ որոշակի իմաստով լիցք է տալիս բանակցային գործընթացին: Այդ իմաստով, կարծում եմ, կա նաեւ որոշակի արդյունք:
– Ձեր կարծիքով` ե՞րբ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան նախագիծը կքննարկի:
– Մինչեւ այս նստաշրջանի ավարտը, այսինքն` այս տարվա առաջին կիսամյակում:
– Առաջին անգամ չէ, որ ՎՈՒԱՄ-ը ՄԱԿ-ում միասին է հանդես գալիս: Հնարավո՞ր է, որ առաջիկայում ՄԱԿ-ի շրջանակում ձեւավորեք քաղաքական նոր դաշինք:
– Դաշինքը մի քիչ հարաբերական եւ ընդարձակ գաղափար է: Բայց այն, որ ՎՈՒԱՄ-ը կայացած տարածաշրջանային դաշինք է, որն արդյունավետ գործում է` փաստ է: Ապագայում հնարավոր է գործակցության եւ ծրագրերի ընդլայնում:
ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանի խոսքերով, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումն իրենց համար այս տարվա ամենագլխավոր խնդիրն է, եւ ադրբեջանական դիվանագիտությունը հենց դրա վրա է կենտրոնանալու: Դիտորդներն էլ նշում են, որ Ալիեւ կրտսերը չափազանց ագրեսիվ արտաքին քաղաքականություն է տանում այդ ուղղությամբ: Ի դեպ, ՄԱԿ-ի Ադրբեջանական կայքում առանձին տեղ է հատկացված Հայաստանին: Էջը կոչվում է «Հայկական ագրեսիա»:
Նշենք, որ հայ դիվանագետներին անցյալ տարի մեղադրում էին հենց ադրբեջանական դիվանագիտական ագրեսիային արժանի հակահարված չտալու համար: Իրականում պատկերը բոլորովին այլ է:
ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ մեր հարցազրույցը կուլիսային բանակցությունների, քաղաքական խմբավորումների ու տխրահռչակ բանաձեւի մասին կարող եք կարդալ առաջիկայում: