Մեր տեղեկություններով` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) նորից մերժել է ինտերնետ հեռախոսակապի ծառայություն մատուցող ընկերություններին: Մոտ 10 օր առաջ այդ ընկերությունների ներկայացուցիչները բողոքի երթի ժամանակ դիմում-բողոք էին հանձնել ՀՀ նախագահի նստավայր: Հիշեցնենք, որ նրանք բողոքում էին հանձնաժողովի հունվարի 8-ին կայացրած այն որոշման դեմ, որով ինտերնետ հեռախոսակապ մատուցող ընկերությունների գործունեությունը համարվել է ապօրինի, իսկ նման ծառայություն մատուցելու բացառիկ իրավունքը վերապահվել է «ԱրմենՏելին»: Ի դեպ, «ԱրմենՏելն» այդ իրավունքն ուներ դեռեւս 2004 թվականից, երբ ՀՀ կառավարությունը վերախմբագրեց թիվ 60 լիցենզիան: Հանձնաժողովն իր որոշումով պարզապես ամրապնդեց այդ իրավունքը: Մեր տեղեկություններով` անցած ուրբաթ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանն այդ դիմում-բողոքին համապատասխան գրություններ է ուղարկել կառավարություն եւ ՀԿԾՀ: Իսկ ՀԿԾՀ-ն իր պատասխանն արդեն ուղարկել է Ա. Գեւորգյանին՝ նորից պնդելով, թե «հունվարի 8-ի N1Ն որոշումը գործողության մեջ չմտնելու մասին կարգադրություն արձակելու համար հիմքեր չկան»: