«Օտարության մեջ ապրելը ճնշում է»- ասում է երիտասարդ միջազգայնագետը

13/02/2007 Նաիրա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Օրեցօր ԱՄՆ վարչակազմը խստացնում է իր դիրքորոշումը Հայաստանի հարավային հարեւան Իրանի՝ բարձր հարստացված ուրան արտադրելու ծրագրի առնչությամբ, որն, ըստ ամերիկացիների, կարող է օգտագործվել միջուկային ռումբեր ստեղծելու համար:

Ձգձգվող հակամարտությունների հետեւանքով Մերձավոր Արեւելքի երկրների, մասնավորապես` Իրաքի եւ Լիբանանի հայ համայնքները զգալիորեն նոսրացել են եւ նվազման միտում ունեն: Երիտասարդ միջազգայնագետ Ալֆրեդ Նավասարդյանն արդեն 8 տարի ապրում եւ աշխատում է Հայաստանում: Նա «Նեմեսիս» բարեգործական կազմակերպության անդամներից է: Ա. Նավասարդյանն օրերս է վերադարձել Թեհրանից, որտեղ չէր եղել 4 տարի շարունակ: Փորձեցինք պարզել, թե ինչպիսի՞ տրամադրություններ են տիրում պարսկահայ համայնքում, եւ առհասարակ, պարսիկ ժողովրդի վերաբերմունքը Արեւմուտքի սպառնալիքների նկատմամբ:

– Իրանահայությունը ժամանակին մեծ համայնք էր, ցավոք, ներկայումս փոքրացել է` թե՛ ֆիզիկական առումով, թե՛ իր կարողություններով: 1979թ. Պարսկաստանի հայ համայնքն ունեցել է մոտ 200 հազար բնակչություն, իսկ ըստ Թեհրանի հայ Առաջնորդարանի խոսնակ Իսայի Աբրահամյանի, ներկայումս համայնքը կազմում է 110 հազար մարդ: Իմ տպավորություններով, հիմա ավելի քիչ հայ է ապրում Պարսկաստանում: Դրա պատճառը գաղթն է, որը շատացել է: ԱՄՆ-ում գործող մի քանի ընկերություններ՝ համագործակցելով ԱՄՆ Միգրացիոն վարչության հետ, մոտ 2300 դոլարով պարսկահայերին միջնորդում են մեկնել Ավստրիա` իբրեւ տարանցիկ երկիր, այնուհետեւ ԱՄՆ կառավարությունը նրանց վերադարձնում է այդ 2300 դոլարը, որից հետո Վիեննայում ԱՄՆ դեսպանատունը տրամադրում է մուտքի վիզաներ: Այս ճանապարհով մարդիկ մեկնում են ԱՄՆ, որտեղ ձեռք են բերում գրին քարտ՝ մինչեւ դառնան ԱՄՆ քաղաքացիներ:

– Միայն իրանահայերի՞ն են ԱՄՆ մեկնելու համար տրամադրվում նման արտոնյալ պայմաններ:

– Առհասարակ, այս քաղաքականությունն ամերիկացիները շարունակում են մի քանի տարի շարունակ: Ամերիկացիները եւ Արեւմուտքը, որպեսզի կարողանան ճնշել Պարսկաստանի կառավարությանը, նրանց լծակներից մեկն այն է, թե իբր այնտեղ ազգային փոքրամասնություններին ճնշում են, եւ նրանք չեն օգտվում այն բոլոր իրավունքներից, որ ունեն պարսիկ ազգության քաղաքացիները: Անշուշտ, դա ինչ-որ ենթատեքստեր ունի, որոնցից մեկը կոչվում էր արյան գին. նախկինում Շարիաթի 207-րդ կետով, որը սահմանադրությանը հավասար ուժ ուներ, ասվում էր, որ եթե մուսուլմանը քրիստոնյայի սպանի, մահապատժի չի ենթարկվի, իսկ քրիստոնյայի կողմից մուսուլմանի մահվան ժամանակ կիրառվում էր մահապատիժ: Այս խտրական վերաբերմունքն արդեն 2 տարի է, ինչ վերացել է՝ նաեւ իրանահայերի մեծ ջանքերի շնորհիվ: Գաղթականներին Ամերիկայի կառավարությունն օգտագործում է որպես փաստ՝ Իրանի կառավարությանը ճնշելու համար: Անշուշտ, վերջին 30 տարվա ընթացքում այդպիսի փուլեր եղել են, որ հայ համայնքը գաղթի, բայց վերջին 10 տարիների ընթացքում այն ահագնացել է ու իր բացասական ազդեցությունն է թողել կազմակերպված եւ ուժեղ հայ համայնքի վրա: Նշեմ նաեւ, որ, մինչեւ հիմա Պարսկաստանի դպրոցներում չի թույլատրվում Հայոց պատմություն դասավանդել: Անշուշտ, Պարսկաստանի կառավարությունը գիտակցում է, որ պետք է շտկի այդ սահմանափակումները: Իրականում, պարսիկ ժողովուրդը շատ լավ է տրամադրված հայ ժողովրդի նկատմամբ: Արդեն 400 տարի մենք այնտեղ ունենք կազմակերպված գաղթօջախ: Այնպիսի շիա իսլամական երկրում, որն այսօր Պարսկաստանն է, ներկայումս ունենք մոտ 80 հայկական եկեղեցիներ, երբ ողջ Եվրոպայում միասին 80 մզկիթ գոյություն չունի: Հայերը կարողանում են այնտեղ իրենց ազգային եւ մշակութային տոները, կրոնական արարողություններն ազատորեն նշել, անկախ նրանից` այդ երկրում սո՞ւգ է, թե՞ ոչ:

– Կարող ենք ասել, որ ԱՄՆ-ը փորձում է թուլացնել պարսկահայ համայնքը:

– Այո, բայց հայերը մեկնում են ոչ թե Ամերիկա հասկացության համար, այլ՝ ելնելով սոցիալական հանգամանքներից: Պարկաստանի բնակչության կառուցվածքում 60 %-ից ավելին երիտասարդներ են՝ մինչեւ 30 տարեկաններ: Ուսումնասիրությունների համաձայն, այնտեղ 17 մլն երիտասարդ աշխատազուրկ կա, որոնց մեջ կան նաեւ հայ երիտասարդներ: Այսինքն, հայերը Պարսկաստանից հեռանում են ոչ այն քաղաքական պատրվակներով, որ օգտագործում է Ամերիկայի կառավարությունը: Երբ որ մեկնողների տենդենցը շատանում է, նաեւ հոգեբանական խնդիրներ են առաջանում: Այնտեղ երբ մարդկանց հետ զրուցում էի, նկատեցի, որ անգամ նրանք, ովքեր շատ լավ ապրում են, ունեն աշխատանք, ավտոմեքենա (հիմնականում մեծ մասն արհեստավորներ են), այդ մարդկանց մտքի մի մասն Ամերիկայում է, քանի որ իրենց հարազատներից, մտերիմներից շատերն արդեն մեկնել են: Օտարության մեջ ապրելն ինքնին ճնշում է, այդ ճնշումը մեծանում է, երբ որ քո ընկերն արդեն քեզ հետ չէ: Մանավանդ, որ գնալը շատ հեշտ է, ընդամենը` 2300 դոլարով, որն էլ հետագայում վերադարձվում է քաղաքացուն: Դա` այն դեպքում, երբ Հայաստանում մարդիկ 20 հազար դոլար են ծախսում, որպեսզի անօրինական ձեւով եւ մեծ դժվարություններով մի կերպ հասնեն Ամերիկա: Այդ գաղթը որոշ չափով կարելի է զսպել, որը պետք է իրականացնեն տեղի ազգային մարմինները: Այնտեղ հայ համայնքը կառավարող հիմնական ուժը հայ թեմն է եւ հյուսիսային ու հարավային շրջանների հայ պատգամավորները: Այս մարդիկ չեն կատարում այն աշխատանքը, որ պետք է անեն, նույնիսկ հակառակը կարող եմ ասել: Այս վերջին տարիներին հայ համայնքն այնտեղ լուրջ ցավ է ապրել, քանի որ համայնքի ազգային մարմինները ներկայացնում են մարդիկ, ովքեր բոլոր հարցերին նայում են կուսակցական ակնոցներով, եւ այդ պատճառով համայնքը համախմբված չէ: Նրանք չեն ներկայացնում համայնքի շահերը: Մի պարզ օրինակով բացատրեմ. 2005թ. մարտին Պարսկաստանի Մեջլիսն օրենքով սահմանված կարգով ազգային փոքրամասնություններին նպաստ տրամադրեց: Հայ համայնքին ընդհանուր գումարից հատկացվեց 17 մլրդ 500մլն ռիա, այսինքն` մոտ 2 մլն դոլար, որը հատկացվեց Թեհրանի եւ հյուսիսային շրջանի հայ պատգամավոր Գեւորգ Վարդանին: Նա պարտավորված էր գումարը բաշխել բոլոր մշակութային եւ հասարակական օջախներին, սակայն այդ անձը գումարը բաժանել էր միայն իր կուսակցության` «Դաշնակցության» այն օրգաններին, որոնք սատար են կանգնում կուսակցությանը: Օրինակ, Պարսկաստանում արդեն 20 տարի լույս տեսնող «Արաքս» թերթին ոչ մի լումա չէր հատկացվել, որովհետեւ այն անկախ թերթ է եւ «Դաշնակցության» դհոլին չի խփում: Սա է խնդիրը. ինչո՞ւ պիտի հայ պատգամավորը կուսակցական մոտեցում ցուցաբերի: Նման մոտեցումները նույնպես ուժեղացնում են գաղթը՝ թուլացնելով ազգային ջիղը: Եթե 27 տարի առաջ ունեցել ենք պաշտոնական թվերով 200 հազարից ավելի հայ համայնք, որից այսօր 100 հազարը պակասել է, ապա 70 տոկոսը գաղթի հետեւանքով է նվազել: Այսօր Պարսկաստանի հիմնական հայ համայնքը կենտրոնացած է 3 համայնքներում` Թավրիզ (5000), Իսպահան (10-15.000) եւ Թեհրան (մոտ 70.000):

– Հայ համայնքի խնդիրներին ծանոթացանք, հիմա անդրադառնանք ընդհանուր այն քաղաքական տրամադրություններին, որ տիրում է ներկայումս Իրանում` ԱՄՆ-ի եւ Արեւմուտքի անմիջական ազդեցության ներքո: Իշխանությունների նկատմամբ գործադրվող սպառնալիքներին ինչպե՞ս է արձագանքում բնակչությունը:

– Պարսիկ ժողովրդի քաղաքական գիտակցությունը հուշում է նման հարցերը վախի տեսանկյունից չդիտել, որովհետեւ այդ վախը պետք է հիմնավորված լինի: Վերջիվերջո, մեզ մոտ էլ այդպես է, Ղարաբաղյան պատերազմի վերսկսման լուրերին մեր հայրենակիցները նույնպես կշռադատված են մոտենում: Պարսիկ ժողովուրդը կարողանում է վերլուծել, թե վտանգը որքանով է իրական, եւ շատ լավ հասկանում է, որ ամերիկացիների ամենօրյա հայտարարություններն ուղղակի պոպուլիստական քարոզչություններ են: Վերջիվերջո, պատերազմի մի տեսակ էլ պրոպագանդան է, որի միջոցով ուզում են ճնշել հասարակությանն ու իշխանություններին: Այսօր փորձ է արվում բացասական վերաբերմունք արտահայտել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, մտահոգություններ են արտահայտվում ծրագրի ոչ թափանցիկության մասին: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թոնի Բլեերը եւ ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը փորձում են տարածաշրջանում իրենց դաշնակիցներին համախմբել՝ ի դեմս Պարսկաստանի: Սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը 27 տարի շարունակ վարում է ճկուն արտաքին քաղաքականություն: Տարածաշրջանում տեղի ունեցող պատերազմները խթանեցին, որ նավթի գինը բարձրանա համաշխարհային շուկայում: Եթե նավթի մեկ բարելը 1997-ին 10 դոլար էր, ապա այսօր 50 դոլար է: Իսկ Պարսկաստանն այն երկիրն է, որի բյուջեի 65 տոկոսը նավթի արտահանման գումարներից է գոյանում: Հիմա, Իրանն ՕՊԵԿ-ում երկրորդ երկիրն է, որն ամենաշատն է նավթ արտահանում, օրական մոտավորապես 4-4,5 մլն բարել: Պետբյուջեի միջոցների կտրուկ ավելացումները երկրին թույլ տվեցին վայելել հանգիստ ներքին եւ արտաքին քաղաքականություն: Պարսիկները ներկայումս էլ ավելի հանգիստ են իրենց արտաքին քաղաքականության մեջ, հատկապես` ԱՄՆ-ի նկատմամբ, քանի որ այնտեղ դեմոկրատների հաղթանակից հետո հիմնական հաղթաթուղթն Իրաքյան պատերազմում ԱՄՆ-ի ներկայիս կառավարության կրած լուրջ պարտություններն են եւ երկրին պատճառված տնտեսական մեծ վնասները: Բնականաբար, ամերիկացիները չեն գնա այն ծայրահեղ քաղաքականությանը, որը կհարվածի հենց իրենց գրպանին: Այսօր Պարսկաստանի վրա հարձակվելը լուրջ խնդիր է, քանի որ տեղի կունենա նավթի գնի կտրուկ բարձրացում, ինչը կվնասի համաշխարհային տնտեսությանը եւ այն գերերկրներին, որոնք առաջին գնորդներն են պարսկական նավթի: