Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ երեկ Ծաղկաձորում բացվել է ճոպանուղու 4-րդ գիծը, որի ուղիղ երկարությունը 907 մետր է, տարբեր հենասյուների բարձրությունը` 4-13 մետր: Գծի կառուցումը ֆինանսավորել է «Հայաստան» համահայկական հիմնադրամը. ծախսվել է 2 մլրդ դրամ: Գծին զուգահեռ կառուցվել է երկու դահուկուղի` 2400 եւ 2500 մետր երկարությամբ, 25-30 մետր լայնությամբ: Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանի խոսքերով, դահուկուղիները համապատասխանում են միջազգային բոլոր չափանիշներին, եւ ծրագրվում է հաջորդ տարի մասնագետներ հրավիրել Դահուկային սպորտի միջազգային ֆեդերացիայից, որպեսզի սահուղիները գրանցվեն որպես միջազգային չափանիշներին համապատասխանող, եւ հնարավորություն ընձեռվի այնտեղ մրցումներ անցկացնել: Գծի շինարարությունը կատարել են «Կապավոր» եւ իտալական «Լայթներ» ընկերությունները: Ի.Զաքարյանը տեղեկացրել է, որ ապրիլ-մայիս ամիսներին կսկսվի ճոպանուղու հինգերորդ գծի չափագրման աշխատանքը, շինարարությունը կծավալվի հուլիսից: Այն 1500 մետր երկարություն կունենա: Ի.Զաքարյանը նաեւ նշել է, որ ՀՀ նախագահի հանձնարարությամբ Ջերմուկում եւս ճոպանուղի կկառուցվի: Ռ.Քոչարյանի խոսքերով` ճոպանուղու 5-րդ գծի կառուցումից հետո Ծաղկաձորում դահուկային սպորտի զարգացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները կամբողջացվեն: