Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը գրողներին եւ հայ գրականությանն աջակցելու համար հեռուստատեսային մարաթոնի կազմակերպումը կարեւոր է համարում, իսկ հանգանակությունների արդյունքները՝ «գոհացուցիչ»։
«Մարաթոնի նպատակը դրամահավաքն է, այս տարի մենք նույն՝ 140 հազար ամերիկյան դոլարը հավաքեցինք, որը հավաքել էինք նաեւ 2003-ին»,- ասաց նա լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Այս տարի գումարը չի աճել, սակայն աճել է նվիրատուների թիվը։ Եթե մի քանի տարի առաջ ամենախոշոր նվիրատուն Ռուսաստանի Հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր (իր 100 հազար դոլարով), ապա այս տարի մոտ 500 մարդ է մասնակցել մարաթոնին։ «Դա նշանակում է, որ գրականության հանդեպ հետաքրքրությունն աճել է։ Այս տարի մասնակցեցին Սփյուռքի գրեթե բոլոր համայնքները, եւ շատ ակտիվ էր մասնակցում մտավորականների շերտը»,- ասաց Լ. Անանյանը: Նա նաեւ նշեց, որ այս տարի իրենք նախնական հատուկ զրույցներ չեն ունեցել հայ գործարարների հետ, քանի որ ցանկացել են մարաթոնն ավելի «ինքնաբուխ» կազմակերպել եւ այն նաեւ որպես յուրահատուկ սոցիալական հարցում դիտարկել։ Այդ մոտեցումն ապացուցեց, որ եթե շատ գումար է հանգանակվում, ուրեմն գրականության հանդեպ հետաքրքրություն կա։ Այդ հետաքրքրությունը Լ.Անանյանի մոտ կասկած չի հարուցում, քանի որ, ըստ նրա՝ մեր «արժեքների ընդհանուր անկման» մթնոլորտում հայ գրողն առանձնահատուկ տեղ է գրավում։ «Մարաթոնը մուրացկանություն չէ, նրա խնդիրը գրողների արժանապատվության խնդիրները հոգալն է»,- ասաց նա։ Մարաթոնի մոդելով մշակույթի եւ արվեստի այլ ոլորտների ներկայացուցիչների արժանապատվության հարցը շտկելու համար Լ. Անանյանը ոչ մի խորհուրդ տալ չի կարող, քանի որ այդքան էլ տեղյակ չէ այլ ստեղծագործական միությունների խնդիրներին ու աշխատաոճին եւ նրանց «խոհանոցի մեջ մտնել չի ուզում»։ «Գրողներն առանձնահատուկ են»,- լակոնիկ պատասխանեց նա այն հարցին, թե ինչպե՞ս կընդուներ, եթե պարբերաբար նման մարաթոններ կազմակերպեին Կոմպոզիտորների կամ Նկարիչների միությունները։
Մարաթոնի ընթացքում հավաքված գումարները հիմնականում օգտագործվելու են գրահրատարակչության (50-60 անուն գիրք), մամուլի տպագրության (ԳՄ հովանու ներքո մոտ 10 պարբերական է տպագրվում) եւ մրցանակների համար։ Որպեսզի «մերկախոս» չերեւա, Լ. Անանյանը նշեց այս տարվա մրցանակակիրների անունները։ Յոթն անվանակարգերում 300 ամերիկյան դոլար կստանան՝ Ռուբեն Հովսեփյանը (արձակ), Հովհաննես Գրիգորյանը (պոեզիա), Նորայր Ադալյանը (թատերգություն), Կարպիս Սուրենյանը (հրապարակախոսություն), Վազգեն Գաբրիելյանը (գրաքննադատություն)։ Ավելի ուշ կհանձնվեն մանկապատանեկան գրականության եւ թարգմանչական մրցանակները։ ԳՄ նախագահն ասաց, որ բոլոր հեղինակները կարողացել են «արտացոլել մեր ժամանակակից գրականության եւ կյանքի պատկերը»։
«Գրողների միությունը գիրք կամ գրող չի ստեղծում, այլ կազմակերպում է գրական պրոցեսը»,- ասաց նա։ Իսկ գրող, Մշակույթի նախարարության գրահրատարակչական աշխատանքները համակարգող Էդվարդ Միլիտոնյանն ավելացրեց. «Գրականությունն առաջին հերթին գրողն է, եւ Գրողների միությունը պետք է սատար կանգնի գրողին»։ Է. Միլիտոնյանը նկատեց, որ գրողի գործը միայն գրելն է, նա չպետք է զբաղվի գրահրատարակչությամբ։
Զարմանալի մի երեւույթ կա մեր օրերում. հիմա Հայաստանում մի քանի անգամ ավելի շատ գիրք է տպագրվում, քան Խորհրդային ժամանակներում։ 2006թ. պետպատվերով 137 անուն գիրք է տպագրվել։ 2007-ին տպագրվելու է 122 անուն գիրք, ինչի համար պետբյուջեից 135,4 մլն դրամ է հատկացվելու։ Եթե հաշվի առնենք թվերն ու քանակները, գրքերի տպագրությունը նորմալ հունով է ընթանում, այլ հարց է, որ այդ գրքերի մեծ մասը հասցեատերերին չի հասնում կամ էլ բնավ հասցեատիրոջ կերպարը չի պատկերացվում։ Հայ գրողների գործերը երեւանյան երկու կամ երեք գրախանութներում են վաճառվում, որոշ մասը հատկացվում է գրադարաններին, եւ մայրաքաղաքից բացի գրեթե այլ մարզեր կամ քաղաքներ չի հասնում։ Իսկ երեւանյան գրախանութներ այցելելով՝ շատ հազվադեպ կարող ես հանդիպել հայ ժամանակակից գրողի գործեր գնել ցանկացող գնորդի։ Գրո՞ղն է մեղավոր, հրատարակի՞չը, թե՞ պետությունը. դժվար է ասել։ Գուցե մեղավոր ենք մենք, ում համար ժամանակակից հայ գրականությունը երկու կամ երեք անվան հետ է նույնացվում (ոչ թե 100-ի կամ 200-ի)։
Գրքերի հրատարակման եւ տարածման խնդիրները (եթե մի պահ մոռանանք գրողների հոնորարների մասին) շատ հեշտ կարելի է լուծել համաշխարհային ցանցի՝ ինտերնետի օգնությամբ։ Այդ դեպքում ԳՄ-ն ոչ միայն կկարեւորի Հայաստան-Սփյուռք գրական կապերի զարգացումը, այլեւ՝ կկարողանա առաջին քայլերն անել Հայաստան-Աշխարհ կապերի հետազոտման գործում, եւ «գրական պրոցեսը» կկարողանա կազմակերպել՝ հասկանալով, թե իրականում ի՞նչ արձագանքներ է ստանում աշխարհում իր տեսակով առանձնահատուկ հայ գրողը, մանավանդ` այն դեպքում, երբ նա ԳՄ-ի շնորհիվ որոշ չափով ազատվում է զուտ մարդկային, կենցաղային հոգսերից։ Հայաստանի շրջափակված վիճակը ոչ մի դեպքում գրական շփման խոչընդոտ լինել չի կարող։ Եվ եթե ոչ միայն գրողին, այլ՝ գրականությունն արժանավայել ներկայացնել ենք ուզում, ապա կարելի է ինտերնետային կայքեր ստեղծել եւ ասել աշխարհին՝ տեսե՛ք, ինչով ենք մենք իսկապես առանձնահատուկ։ Է. Միլիտոնյանն ինտերնետով գրականություն ներկայացնելը փոքր-ինչ վաղ է համարում։ «Ամեն գրող չէ, որ ինտերնետ ունի»,- ասաց նա։ Իսկ դա նշանակում է, որ այդ գրողը բավական հեռու է համաշխարհային գրական նորություններից, իսկ համաշխարհային ժամանակակից գրողներից գիտե միգուցե միայն Հեմինգուեյին։
Լավ գրականությունը ոչ միայն մեզ է հարկավոր, այլեւ` հենց գրողներին։ Գուցե պետք է ավելի լավ հետազոտել գրական դաշտն ու, բացի հայ գրողներից, ծանոթացնել նաեւ համաշխարհային ցանցում տեղ գտած այլազգի նորագույն գրողների աշխատանքներին, կարդալ, ուսումնասիրել լեզուն, թեմաները, գրական ֆորմաները։ Լավ գրողը միշտ էլ գտնում է իր ընթերցողին, նրան սատարելու համար միգուցե ոչ թե պետք է միայն գումարով ապահովել, այլ՝ գաղափարներ հուշել կամ ուսումնասիրելով պահանջարկը՝ որեւէ թեմատիկ գործ պատվիրել, որպեսզի նրա ստեղծածն ավելի արագ գտնի իր ընթերցողին ու սոսկ «եւս մեկ անուն տպագրված գիրք» չմնա։