Հայաստանը բացահայտվում է կղզիացած հայ թատրոնի օգնությամբ

13/02/2007 Սեդա ՊԱՊՈՅԱՆ

Իտալացի ռեժիսոր, դերասան, «Սպինա» իտալական թատերական փառատոնի նախագահ Սիլվանո Վոլտոլինան Հայաստան առաջին անգամ այցելել է 2000թ.: Այցի նպատակն էր` ուսումնասիրել Երեւանի երիտասարդական թատրոններն ու համագործակցության ծրագրեր նախագծել:

Հոլանդական մշակութային ֆոնդերից մեկը, որն աջակցում է Եվրոպայի ու Կովկասի երիտասարդների համագործակցությանը, նաեւ Սիլվանոյին օգնեց հասնել Հայաստան: Ավելի քան 6 տարի անց նա մեծ փոփոխություններ է տեսնում հայ թատրոնում: «Երբ եկա առաջին անգամ, հնարավորություն ունեցա տեսնել Պետական երիտասարդական փորձարարական թատրոնի ու նաեւ Մարիոնետների թատրոնի ներկայացումները: 6 տարի անց համոզված կարելի է ասել, որ շատ բան է փոխվել. հիմա տեսնում ենք ակտիվ գործունեություն, ավելի մեծ խանդավառություն, նոր խմբեր, ավելի շատ դինամիկություն»:

Իսկ մեր երկրի հետ հեռակա ծանոթությունը կայացել էր վաղուց: Մի գրքում Սիլվանոն Հայաստանի մասին հոդված էր կարդացել, հեղինակը Վիեննայի համալսարանի` ազգությամբ հայ պրոֆեսորներից մեկն էր: ««Ծիրանի» անվանված հոդվածը պատմում էր հայկական այդ գույնի ծագումն ու զարգացումը` Վահագնի ծնունդից մինչեւ մեր օրերը»,- ասում է Սիլվանոն: Հետագայում հոդվածը հեղինակի հետ ծանոթանալու լավ առիթ դարձավ, ինչպես նաեւ` լավ սկիզբ հայ մշակույթը բացահայտելու համար: Այնպես որ, Հայաստան գալով՝ զրուցակիցս գալիս էր բացահայտելու մի երկիր, որը տվել է Նարեկացու, Վարուժանի, Կոմիտասի, Սեւակի, Փարաջանովի ու Փելեշյանի նման մեծ անուններ:

Սիլվանոյի երկրորդ այցն ավելի գործնական էր: 2006թ. հոկտեմբերին նա կրկին Երեւանում էր` «ՀայՖեստ» միջազգային թատերական փառատոնի ակտիվ հանդիսատեսի շարքերում: Սա ավելի շատ հետախուզական այց էր. եկել էր առավել մոտ լինելու հայ թատերական զարգացումներին ու կոնկրետ ծրագիր մշակելու: «ՀայՖեստն», իհարկե, նաեւ հնարավորություն տվեց հանդիպելու հին ծանոթների, այլազգի մի շարք գործընկերների:

Խոսելով «ՀայՖեստ» փառատոնի մասին` Սիլվանոն գոհունակությամբ նշում է, որ այն իսկապես փառատոն է: «Կարող է մի տեսակ հիմար հնչել, բայց «ՀայՖեստն» այստեղ փառատոն է, եւ դա լավ է: Ես սարսափում եմ, երբ աշխարհի տարբեր երկրներում փառատոների մասնակցելիս աստիճանաբար ավելի շատ եմ հանդիպում դեպքերի, երբ փառատոնն ավելի շատ շուկա է, քան թե հանդիպման ու երկխոսության վայր: Այդ առումով ձեր փառատոնն ուժեղ է, մարդիկ հնարավորություն ունեն քննարկել, խոսել ու լսել: Կան նաեւ շատ երիտասարդ կամավորներ, ովքեր կամուրջներ են դառնում Երեւանին ծանոթանալու համար: Բացի այդ, հանդիսատեսի հետ հանդիպումն էր միշտ շատ ոգեւորիչ, մարդիկ շատ ակտիվ արձագանքում են քո արածին»: Բայց Սիլվանոն նկատել է նաեւ «ՀայՖեստի» թույլ կողմերը, որոնք, նրա կարծիքով, կազմակերպվածության ցածր մակարդակն ու փառատոնի կառուցվածքն են: Հույս ունի, որ փորձառության հետ կլուծվեն նաեւ այդ խնդիրները: «Դեռ դժվար է ամեն ինչ ինչպես հարկն է կազմակերպել, անգամ տեխնիկական դժվարություններ են լինում: Թեեւ, եթե կա կամք, դրանք հեշտ հաղթահարելի են»,- ասում է նա:

Հայ թատերական աշխարհի հետ սկսած մտերմությունն արդեն տալիս է իր արդյունքները: «ՀայՖեստ 2007»-ի ժամանակ իտալացի ռեժիսորը մտադիր է հանդես գալ որպես մասնակից: Նյութի առումով ներկայացումը հայ-իտալական է լինելու: Սիլվանո Վոլտոլինան փորձելու է համատեղել իր սիրելի 2 հեղինակների` Պիեր Պաոլո Պազոլինիի եւ Դանիել Վարուժանի գործերը: «Դա կլինի թատերական երաժշտական ներկայացում` կամերային նվագախմբի երաժշտությամբ: Կներառվեն Պազոլինիի վերջին գործերից մեկը` «Նոր երիտասարդությունը», եւ Վարուժանի երկու պոեմներ: Ուզում եմ մի տեսակ օրատորիա ստեղծել երգի եւ կամերային նվագախմբի համար: Դերասանների շարքում, հնարավոր է, նաեւ հայեր լինեն»:

Հայաստան կատարած այցերի ընթացքում հայ թատրոնի ներկայացուցիչների հետ հանդիպումները, տեսած ներկայացումներն ու դրանց շուրջ ծագած երկխոսությունները Սիլվանոյին հնարավորություն են տվել մի տեսակ վերլուծել մեր թատերական միջավայրն ու որոշ եզրակացություններ անել: Երբ խնդրեցի իր կարծիքը հայտնել մերօրյա հայ թատրոնի մասին, մի պահ հապաղեց, ապա փորձեց հնարավորին չափ հասկանալի նկարագրել իր տպավորությունները: «Ինձ թվում է, որ հայկական թատրոնները փակ տարածքներ են, նման են կղզիների, չեմ տեսնում ներքին կապ, կղզուց կղզի մեծ ծով է: Միգուցե յուրաքանչյուր թատրոն փորձում է խստորեն պահել իր որդեգրած գիծն ու ուղղությունը, փորձում է չշեղվել իր ավանդույթներից: Բայց բեմական աշխատանքում ավանդապահությունը հաճախ դժվարություն է ստեղծում փոփոխություններ կատարելու համար»,- բացատրում է իտալացի ռեժիսորն ու շարունակում, որ մեր թատրոնը նաեւ շատ ամուր հիմքեր ունի` հանձին դերասանների: «Ինչ վերաբերում է դերասաններին, շատ երիտասարդներ արդեն մեծ որակ են ցույց տալիս` հիասքանչ ձայներ, շատ զարգացած շարժուձեւ: Թեեւ ես, որպես կանոն, առանձնապես չեմ հիանում դերասանական վարպետությամբ, բայց այստեղ տեսնում են պորֆեսիոնալիզմը` համատեղված բնատուր տաղանդի հետ: Եվ թերեւս հենց այդ պատճառով է հայ թատրոնը մի տեսակ հիմնվում դերասանների վրա: Այլ երկրներում դերասանների աշխատանքն աստիճանաբար անօգուտ է դառնում թատրոնի համար»:

Այժմ արդեն Սիլվանոն վերադարձել է հայրենիք: Նրա ստեղծագործական թռիչքների ու ամենօրյա փորձերի արդյունքը, ամենայն հավանականությամբ, կտեսնենք հոկտեմբերին Երեւանում: