Արվեստանոց` Փարիզի կենտրոնում

13/02/2007

Գիտակրթական եւ մշակութային խնդիրներով զբաղվող «Գեղարվեստի ակադեմիա» հիմնադրամի գործունեությունը նպատակաուղղվելու է ֆիզիկական կամ իրավաբանական անձանց մշակութային, կրթական ոլորտներում նախաձեռնությունների ու ծրագրերի իրագործմանը: Նախատեսվում է, որ կառույցը հետագայում մասնաճյուղեր կունենա նաեւ մարզերում: Կառույցի հիմնադիրը Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանն է: Հիմնադրամը գործելու է նվիրատվությունների, ներդրումների, դրամաշնորհների ու հանգանակությունների շնորհիվ: Ա.Իսաբեկյանի խոսքերով, «Գեղարվեստի ակադեմիայի» առաջին ձեռքբերումը կարելի է համարել Փարիզի կենտրոնում հայ արվեստագետների համար ձեռք բերված արվեստանոցը: Դա իրականացվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նվիրատվության շնորհիվ, ինչի արդյունքում հաջողվել է 54 տարի ժամկետով վարձակալել այն: