Եղվարդի բնակիչները տեղյակ չեն, թե ովքեր են իրենց քաղաքում շքեղ առանձնատներ կառուցում, բայց նրանց թանկարժեք VIP մեքենաներից հասկանում են, որ հասարակ մարդիկ չեն, իշխանավորներ են, որոնք ամռանն անընդհատ գալիս-գնում են՝ ընտրելով նոր կառույցներ կանգնեցնելու հարմարավետ տարածքներ: «Նրանցից ոչ ոք մեքենան չի կանգնեցնում, չի իջնում՝ մեզ հետ խոսի, որ երեսները տեսնենք, ասենք՝ սա է կամ նա է: Չգիտենք: Հետո մեզ չի էլ հետաքրքրում՝ ով ուզում է լինի»,- ասում էին եղվարդցիները: «Մեզ ոչ մի բան չի հետաքրքրում: Էդ պառլամենտում էլ սաղ Բեն Լադեններ են, մարդ չկա: Մենք մեր համար գլուխներս կախ ապրում ենք մի կերպ: Էն պարացնող Տիգրանն էլ (նկատի ունեին Տիգրան Կարապետյանին.-Լ.Ս.) վախենում է գա մեր գյուղ: Վախենում է՝ մի բան ուզենք»,- ասում էին եղվարդցիները: Քաղաքական գործիչներից ոչ ոք իրենց մոտ չի գնում, չի հետաքրքրվում իրենցով. «Իշխանիկները գալիս-անցնում են, գնում են իրենց համար վերեւներում տներ են սարքում, մեր վրա իսկի չեն էլ նայում: Ո՞ւր ա ընդդիմություն, նրանց էլ ամեն մեկին մի բան տվին, ձենները կտրեցին, նստեցին: Էդ Արամ Կարապետյանը, Զվարթնոց փակողն ո՞ւր ա… Ինչի՞ մի հատ չի գալիս-հարցնի՝ ոնց ենք ապրում»: «Եղվարդում ընտրությունների ժամանակ Գեղամյանն է հաղթել, դրա համար Քոչարյանը մեր հետ թարսվել է, գալիս ա, ստեղով ցուցադրական անցնում ա ու չի իջնում մեր հետ խոսի: Տունտունիկ ա: Ոնց որ մենք ստեղ մարդ չլինենք, լրիվ մոռացել են, որ մենք կանք, որ Եղվարդ կա: Բա տենց ո՞նց կլինի: Գեղամյանն էլ չի գալիս, ախր, իրան էլ հո ընտրել ենք»,- քաղաքական գործիչներից բողոքում էր մի տատիկ:
Եղվարդցիները մեզ խորհուրդ տվեցին՝ «ջոջերի» առանձնատները տեսնելու համար բարձրանալ «սումգայիթցիների» փողոցի մերձակայքը: Ճանապարհին հանդիպեցինք տարեց մի մարդու, պարզվեց՝ նա տեղյակ է, թե իշխանություններից ովքեր իրենց քաղաքում առանձնատներ ունեն: «Ո՞ւմ տունն եք ուզում»,- հարցրեց նա: Ասացինք՝ օրինակ, Մաքսային կոմիտեի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանինը, որի մասին եղվարդցիք արդեն խոսքի մեջ նշել էին: «Շատ եք եկել, իջեք Սուրբ Սարգիսի մոտ: Հենց հասնեք, կտեսնեք՝ դեմը քարի «զաբոռները» քաշել, փակել ա, իսկ իրա տունը դրա մոտ ա, կտենաք»,- ասաց նա: Բայց մինչ այդ նկատել էինք, որ այդ փողոցի վրա կողք կողքի մի քանի շքեղ տներ կան: «Սա «Գրանդ Քենդիի» տունն ա, կողքի մարմարինը՝ Անդրանիկ Մարգարյանի, իսկ դիմացինը՝ Նիկոյինը»: «Նիկոն», պարզվեց, Պետավտոտեսչության կադրերի գծով բաժնի պետի տեղակալ Նիկողոս Եղիազարյանն է: «Տներում մարդ չկա, իզուր մի գնացեք, նրանք ամառն են գալիս»,- զգուշացրին:
Բնականաբար, եթե «Գրանդ քենդիի» սեփականատեր, գործարար Հրանտ Վարդանյանը կարող է իրեն թույլ տալ մի քանի տեղ առանձնատներ ունենալ, ապա ՀՀ վարչապետի, Պետավտոտեսչության աշխատակցի կամ Մաքսային կոմիտեի պետի տեղակալի մասին նույնն ասել չենք կարող: Բացի այդ՝ պետք է նկատել, որ այդ տներից ամենաանշուքը հենց գործարար Վարդանյանինն է:
Մաքսային պետական կոմիտեի պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանը Եղվարդում մոտ 2 հա հողատարածքը սեփականաշնորհել ու պարսպապատել է, որտեղ մեկ-երկու տաղավար կար ընդամենը կառուցած, իսկ հենց սկզբում եռահարկ նոր առանձնատան կիսակառույց է կանգնեցրել: Բացի այս տարածքից, նա անցյալ տարի Եղվարդում արդեն մեկ առանձնատուն կառուցել էր, որը գտնվում է այդ տարածքի հարեւանությամբ: Կողքի տան բնակչից հետաքրքրվեցինք՝ դա Գ. Խաչատրյանի տո՞ւնն է, թե՞ ոչ: «Հա, Գագիկ Խաչատրյանինն է, բայց ինքն այստեղ չի ապրում: Այստեղ իր մայրն ու հայրն են ապրում: Հայրն էլ հիմա տանը չի, մենակ մայրն է: Հայրն աշխատանքի է»,- ասաց հարեւանուհին: Իսկ որտե՞ղ է աշխատում Գ. Խաչատրյանի հայրը՝ հարցին, նա պատասխանեց. «Էն որ թոշակներ են բաժանում, դրա շեֆն ա»: Իսկ երբ տեսավ, որ լուսանկարում ենք, անմիջապես անհանգստացավ. «Ինչի՞ եք նկարում»:
Թե Գ. Խաչատրյանն ինչ է նախատեսում կառուցել այդ հսկայական տարածքում, որեւէ մեկը տեղյակ չէր: Իսկ Երեւանում Գ. Խաչատրյանին են պատկանում Կիեւյան կամրջի մոտ գտնվող «Գալաքսի» սուպերմարքետը, Աբովյան փողոցի «Կարմիր գլխարկ» մոսկովյան կոնֆետների խանութը: Գ. Խաչատրյանը, կարելի է ասել, մոսկովյան շոկոլադի միակ ներկրողն է: Այս է, թերեւս, պատճառը, որ Սադախլոյից սովորական մարդկանց չեն թույլատրում 1-2 կգ-ից ավելի շոկոլադ անցկացնել սահմանով, որպեսզի իրենց ներկրած շոկոլադը վաճառվի: Ի դեպ, Գ. Խաչատրյանը նաեւ «Նեմիրոֆ» օղու հայաստանյան ներկայացուցիչն է: Ինչ վերաբերում է «Գալաքսի» սուպերմարքետին, ապա ասում են, որ Գ. Խաչատրյանը սնունդ ներմուծող գործարարների վրա «նալոգ» է դնում՝ յուրաքանչյուր ապրանքատեսակից որոշ չափաքանակ փոխանցել իրեն՝ խանութում վաճառելու համար:
Հ.Գ. Ի դեպ, Եղվարդում խնձորենիների նախկին հսկայական այգիներն ամբողջությամբ ոչնչացված են: Դրանց փոխարեն, բազմաթիվ կիսակառույց եւ ավարտուն առանձնատներ են: Բնակիչները տեղյակ չէին՝ հատկապես ո՞ր «ջոջերինն» են, միայն մեզ զգուշացնում էին՝ «Զգույշ եղեք, շուրջը լիքը երկոտանի շներ կան, մի բան չանեն ձեզ»: Նկատի ունեին կիսակառույցները հսկող պահակներին: