Քոչարյանը եղվարդցիներին չի սիրում

07/05/2005 Նարինե ԱՎԵՏՅԱՆ, Եղվարդ-Երեւան

«Առավոտ զարթնում, մեր անասունին կերակրում ու գալիս ենք այստեղ` մինչեւ ժամը 4-5-ը՝ անասունի կերակրելու ժամին գնում-կերակրում, նորից մի աման վռիկ էլ մենք ենք ուտում ու նորից գալիս այստեղ»,- եղվարդցի տղամարդկանց մեծամասնության օրն այսպես է սկսվում ու ավարտվում: 70-ամյա Հրանտ Սարդարյանն ասում է. «Երեք տղա ունեմ, երեքն էլ Ռուսաստան են, հազիվ իրանց գլուխն են պահում, ես ու կինս էլ պուպուի պես էստեղ վեր ընկած սպասում ենք` երբ են երկու կոպեկ ուղարկում։ Ամեն օր ես կնգաս եմ ուշունց տալի, ինքը` ինձ, բանը հասնում ա դիվանբաշուն, վեր եմ կենում-գալիս «ծերանոց», որ մի քիչ զբաղմունք լինի»: Շրջկոոպի խանութը «զոռով են բացել տվել», որ գոնե ձմռանը տանից դուրս գալու ու հավաքվելու տեղ ունենան, քաղաքապետն էլ «լավություն արեց, մի հատ պլիտա միացրեց, որ տաքանանք»: Թեեւ վստահ չեն, թե մի օր այս «ծերանոցն» էլ իրենց ձեռքից չեն առնի ու ծախի: «Ծերանոցում» քաղաքապետարանը տարբեր հայտարարություններ է փակցնում, երբեմն նաեւ՝ օգտակար խորհուրդներ, ասենք՝ ինչպես անել, որ խաղողի վազը չհիվանդանա: Մինչդեռ եղվարդցիների մեծամասնությունը վաղուց է հրաժեշտ տվել այգիներին, որովհետեւ «խոտ ու ցորեն ցանելն ավելի ձեռնտու է, գոնե անասունի կեր ես հանում»: Իսկ այգիների մշակումն «իրենց ուժի բանը չի»: Պետությունը, ճիշտ է, վարկ տալիս է, «բայց 6 ամսով կամ մեկ տարով տրվող էդ վարկով մենք մեկ տարում էդ ի՞նչ պիտի անենք, որ հա՛մ վարկ փակենք, հա՛մ ընտանիք պահենք»: 84-ամյա Արտավազդ Մելիքսեթյանը հաշվում է 1 հա ցորենի մշակմանն անհրաժեշտ նվազագույն ծախսը՝ ավելի քան 150.000 դրամ` մինչեւ բերքը տուն հասցնես, «բերքն էլ էնքան է լինում, որ քո արած ծախսը հանես՝ տակը սերմացու է մնում միայն»: «Բա սա երկի՞ր է՝ Արզնի-Շամիրամ ջրանցքի ջուրը, որ անձրեւից ու ձյունից է հավաքվում, ու պետությունը դրա համար ոչ մի ծախս չի արել, մեր վրա ծախում են 15.000 դրամով, մեր անձրեւաջուրը Բաքվի նավթից թանկ է»,- եղվարդցիներն իրար են պատմում ու բողոքում, որովհետեւ՝ «ո՞ւմ կարանք բողոքենք: Մի անգամ բողոքեցինք, թագավորի ընտրությունների վախտով, գիտե՞ս՝ քանի հոգի բռնեցին-տարան, պադվալներում ծեծուջարդ տվին»: Շուրջ 300 տնտեսություն Եղվարդում հրաժարվել է սեփականաշնորհված հողերից. «Մարդիկ ի վիճակի չեն մշակել էդ հողերը, որովհետեւ լավ-լավ հողերը սաղ բաժանել են ծանոթ-բարեկամներին կամ ծախել քաղաքից եկածներին, տեղի ժողովրդին տվել են սարի վրայի էն անպետք 4-րդ կարգի հողերը, ուր ոչ գնալ-գալ է լինում, ոչ էլ մշակելն իմաստ ունի»:

Թեեւ Կոտայքի մարզի Եղվարդ համայնքի ինտերնետային էջը հավաստիացնում է, որ «բնակավայրում 42 ձեռնարկություն կա, որոնցից 21-ը՝ խոշոր տնտեսվարող սուբյեկտ», սակայն եղվարդցիներն ասում են՝ «մեր գործարանն էլ, մեր ապրուստն էլ մեր մի կովն է, մի մոզին ու թրիքը»: Կովի կաթը ծախում են, «բահն էլ առած՝ կովի քամակին սպասում», որ գոմաղբը հավաքեն, չորացնեն-գցեն վառարանը՝ տաքանան: «Քչերը հնարավորություն ունեն գազ վառելու, ով էլ չունի՝ ծառն ա կտրում կամ աթար վառում»: Քաղաքում քչից-շատից գործող մեկ-երկու գործարանի անուն են տալիս՝ «Էն էլ, քեֆները երբ տա, էն վախտ են աշխատացնում։ Ամեն մեկիս տանը 2-3 բարձրագույն կրթությամբ երիտասարդ աշխատող ուժ կա, բայց բոլոր գործարանները քանդեցին-կերան՝ որտե՞ղ աշխատենք»: Իրենց համայնքից պատգամավոր ընտրված Արտակ Սարգսյանի դեմքը, ասում են, չեն տեսել, փոխարենը` ամբողջ քաղաքը հեղեղված է պատգամավորի նախընտրական գովազդային լուսանկարներով: Եղվարդցի մի տատիկ իր գզրոցից քրքրեց-հանեց այդ բուկլետներից մեկը. «Պահել եմ, որ լավ գործ անի՝ նկարը պաչեմ, գործ չանի՝ թքեմ նկարին, մեկ ա, իրան չեմ տենալու, որ ասեմ»: Հանրապետության նախագահին այստեղ չեն սիրում։ «Մեր թագավորն ինքը առաջին հերթին մեզ չի սիրում, գալիս, Եղվարդի կողքով անցնում, հատուկ մեր գյուղ չի մտնում, վախենում է՝ ճակատին ճշմարտությո՞ւն ասենք», – նեղսրտում են են եղվարդցիները: