Քիչ առաջ բառարանում ստուգեցի «օլիգարխիա» բառի բացատրությունը։ Դպրոցի հասարակագիտության դասից այդպես էլ հիշում էի. «ռեժիմ, որտեղ իշխանությունը պատկանում է մարդկանց նեղ շրջանակի»։ Բառի ստուգաբանության առիթն ամենեւին էլ մոտեցող խորհրդարանական ընտրությունները չեն, թեեւ կարող էին լինել, այլ, որքան էլ տարօրինակ թվա, Հայաստանի գրողների միության` անցած կիրակի անցկացրած, հեռուստամարաթոնը, որի ընթացքում հավաքվել է 140 հազար ԱՄՆ դոլար՝ գրողների գրական եւ սոցիալական կարիքները հոգալու նպատակով։
Պարզ ու հասկանալի են գրողի սոցիալական կարիքները։ Դե, գրողն էլ բոլորի նման մարդ է, իրականության բերանն ընկած, բայց բոլոր մյուսները, օրինակ, ռադիոինժեներներն ու ուսուցիչները, երկրաբաններն ու քիմիկոսներն, ովքեր գրողներից ոչնչով լավ չեն ապրում, չգիտես ինչու, հեռուստամարաթոն-դրամահավաք չեն կազմակերպում իրենց սոցիալական կարիքների համար։ Այսուհանդերձ, որքան էլ հասկանալի են գրողների սոցիալական խնդիրները, նույնքան մշուշոտ ու անհասկանալի են գրական կարիքները։ Պարզ է, որ թուղթ ու գրիչ չեն բաժանելու Գրողների միության չորս հարյուրից ավելի անդամներին, ոչ էլ, առավել եւս, թարմ գաղափարներ՝ վեպեր, վիպակներ, պատմվածքներ ու բանաստեղծություններ ստեղծելու համար։
Հեռուստամարաթոնից հետո «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրողի հետ զրուցելիս, միության նախագահ Լեւոն Անանյանն ասել է. «Մեր այս ոչ մշակութային, հակագրական ժամանակներում մենք հասարակության ուշադրությունը սեւեռում, բեւեռում ենք գրականության վրա, որ այսօր կա գրականություն, որ այդ գրականությունը շատ կարեւոր է, եւ որ դա այս նոր սերնդի համար է»։ Շատ լավ, սեւեռում ու բեւեռում ենք, բայց գրականությունը մի թաքնված բան չէ, որի վրա ուշադրություն սեւեռենք ու բեւեռենք։ Գրականությունը մի բան է, որը կա կամ չկա։ Եթե մեզանում ստեղծվի գրական տաղանդավոր գործ, այն չի կարող վրիպել ընթերցողի աչքից, եթե ընթերցող ասելով նկատի չունենք առաջիկա խորհրդարանական ընտրությունների էլեկտորատի զգալի մասը։
Խորհրդային տարիներին ստեղծված գրական գերատեսչությունը, որ տասնամյակներ շարունակ զբաղվել է գրչի մարդկանց առանձնացմամբ (ուզում էի օգտագործել «էլիտարացում» բառը, հետո զգացի, որ շինծու է), գրականությունը կտրել է իրականությունից եւ դարձրել ինքնանպատակ մի փեշակ։ Եվ հիմա, երբ չկա խորհրդային իշխանությունը, փեշակատեր մարդիկ հայտնվել են, ինչպես ՀԳՄ նախագահն է ասում, հակագրական վիճակում։ Իսկ հակագրական վիճակում են հայտնվել, որովհետեւ նրանց մեծ մասի համար գրական վիճակը ոչ թե ապրանք ունենալն ու ծախելն է, այլ ապրանքը կոնկրետ հասցեատիրոջ վրա նաղդելը։
Այ հենց էս պատճառով էլ քիչ առաջ բառարանում փնտրում էի «օլիգարխիա» բառի ստուգաբանությունը։ Որովհետեւ մեր գրողները (չնչին բացառությամբ) ուզում են լինել ոչ թե գրականություն կոչվող թագավորության թագավորն ու ստրուկը միաժամանակ (ձեւակերպումը ամերիկացի մեծանուն գրող Հենրի Միլլերինն է), այլ գրականություն կոչվող ցանքատարածության օլիգարխը։
Հոդվածի սկզբում արդեն արձանագրեցինք, որ գրողն էլ բոլորի նման մարդ է եւ գրողն էլ բոլորի նման կարող է նայել իր շուրջն ու օրինակ վերցնել այն օլիգարխից, ով մի քանի տարի առաջ՝ հսկայական հողատարածքներ միավորելով, սկսեց կարտոֆիլ աճեցնել եւ իրացնել անմիջապես՝ հարեւան բնակավայրերի խեղճ գյուղացիությանը զրկելով պետության հետ շահավետ կապից եւ թողնելով Մալաթիայի շուկայի վերավաճառողների քմահաճույքին։
Եթե հեռուստամարաթոնի ընթացքում ներկայացվեր, թե նախորդ դրամահավաքի արդյունքում տպագրված գրքերից քանիսն է վաճառվել եւ, եթե այդ թիվը լիներ տպավորիչ, գուցե հասկանայի, որ հայ գրողի եւ հայ ընթերցողի հանդիպման միակ խոչընդոտը դրամի պակասն է։ Բայց, ցավոք, մեր գրականության միակ պակասը գաղափարն ու թարմությունն է, ինչպես նաեւ ինֆորմացիայի բացակայությունը, որը փորձում էր լրացնել նույն Գրողների միության տանիքի ներքո ստեղծված «Արտասահմանյան գրականություն» եռամսագիրը, եւ որն անցած տարի, կարծես թե դադարեց գոյություն ունենալուց։ Համենայնդեպս իմ ձեռքն ընկել է 2006-ին տպագրված մեկ համար։ Իսկ տեղեկացվածության այս պակասը մեր գրողներին հնարավորություն է տալիս 2006-ի Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկի գործերը չկարդացած (իրենց խոստովանությունն է)` դատողություններ անել թուրքի թուրք մնալու մասին։
Տեղեկացվածության այս պակասը հնարավորություն է տալիս նաեւ չիմանալ ժամանակակից ու անցյալ արտասահմանցի գրողներին եւ անլուր մնալ նրանց կյանքի մանրամասներից։ Ավստրիացի գրող Ալֆրեդ Պեռլեն իր «Հենրի Միլլեր։ Ընկերական կենսագրություն» գրքում գրում է, թե Միլլերի խոսքից տպավորություն էր ստեղծվում, որ նա «Մշտապես առանց գրոշի էր, մշտապես քաղցած, երբեք տանիք չուներ գլխավերեւում եւ հաճախ գիշերում էր զբոսայգու նստարանի վրա։ Երբեմն նա աշխատում էր որպես աման լվացող, զբաղվում փոշեծծիչների կամ հանրագիտարանային բառարանների առուծախով»։
Նախորդ հարյուրամյակում ապրած Միլլերին ամերիկյան պետությունը կարող էր եւ՛ տուն տալ, եւ՛ աշխատավարձ, եւ՛ տպագրել նրա գրքերը, էլ չասած, որ ամերիկյան հասարակական կազմակերպությունները կարող էին «հեռուստամարաթոն-դրամահավաք» կազմակերպել, որպեսզի գրողին չթողնեին իր ընկերուհու՝ Անաիս Նինի հույսին, ով սեռագարությամբ տառապող մի մեծահարուստի համար էրոտիկ պատմվածքներ էր գրում, որպեսզի այդ փողով պահի ամերիկյան գրականության այսօրվա պարծանքին։
«Այն, ինչ արվում է իմ կողմից, արվում է բացառապես հաճույքի համար. պտուղներն իրենք են ընկնում գետնին՝ հասունանալով իմ մեջ, ինչպես ծառի վրա»,- այսպես է իր մասին գրում Միլլերը՝ բացարձակապես չպարտադրելով իր անձն ու գործը։ Իսկ կյանքի մասին գրում է մի բան, որից հասկանում ես, որ առանց իր անձի ու գործի ինչ-որ բան այնպես չէր լինելու. «Եթե կյանքում մի բան դեպի լավն է փոխվում, ապա ոչ հարմարվողականության ճանապարհով, այլ մարտահրավերի եւ ներքին ձգտումին արձագանքելու շնորհիվ»։
Այսպիսին դառնալու համար սերունդ պետք է փոխվի, բայց ոնց որ թե հերթափոխ սերունդն էլ պատրաստվում է լրացնել գրական օլիգարխիայի շարքերը՝ կարծելով, թե պետությունը երբեւէ դեմքով շրջվելու է դեպի գրականություն։ Իսկ ինձ թվում էր, թե գրականությունն է երբեւէ դեմքով շրջվելու դեպի մարդը, դեպի Հայաստանի քաղաքացին, ում ոչ մի կերպ չի ուզում տեսնել պետությունը։ Բայց սա առանձին խոսակցության նյութ է։