Ո՞ր ֆիլմերն են նախընտրում հայերը

09/02/2007 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

Փետրվարի 25-ին Լոս Անջելեսում տեղի կունենա «Օսկարի» հերթական մրցանակաբաշխությունը, որտեղ կընտրվեն 2006թ. լավագույն դերասանները, ռեժիսորները, դիմահարդարները, ֆիլմերը, պրոդյուսերները եւ այլք: Հայերն այս իրադարձության հետ կապված են այնքանով, որ մի երեք ամիս հետո էլ մեզ մոտ է նմանատիպ մրցանակաբաշխություն տեղի ունենալու, պարզապես` «ՀՀ ԱԺ ընտրություններ» անվանումով:

Իսկ Հայաստանում վաղուց արդեն կյանքը կինո է, իր բոլոր դրսեւորումներով` «ուժըս», «բոեւիկ», «սերիալ», «արկածային», «ժիզնեննի», «թրիլլեր», «մաֆիա» եւ այլն: Բայց միաժամանակ եւ՛ հետխորհրդային եւ՛ պահպանողական լինելով` հայերը ամենաշատը սիրում են «կռիվ-կռիվ կինո»: Ընդ որում, թե՛ Հոլիվուդում, թե՛ Հայաստանում այս տարվա մրցանակաբաշխության հաղթողների «հոնորարները» կտրուկ բարձրանալու են: Տարբերությունը մեկն է` եթե Հոլիվուդում բոլոր հաղթողները ստանում են արձանիկներ, ապա Հայաստանում հաղթում են արձանիկները, որոնց մի մասը կստանա մանդատ, իսկ մյուս մասը` փող: Իսկ ասենք «սպեցէֆեկտների» համար Հայաստանում կամ մեդալ են տալիս, կամ կոչում: «Լավագույն նկարիչ» անվանակարգը սեփականաշնորհել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ): «Երկրորդական պլանի լավագույն դերասան» անվանակարգում մեզ մոտ մրցակցությունը շատ մեծ է: Ով ասես իրեն լավագույն է պատկերացնում, բայց միայն երկրորդ եւ, նույնիսկ՝ երրորդ պլանում: Այդ երկու մրցանակաբաշխությունների մեջ եւս մեկ արմատական տարբերություն կա: Եթե «Կոդակում» կայանալիք շոուն դիտելու են գրեթե ամբողջ աշխարհում (Հայաստանում այն կցուցադրվի «Արմենիա» հեռուստատեսությամբ), ապա հայերն ամեն ինչ անում են, որպեսզի մեր շոուն հնարավորինս քիչ մարդ դիտի: Եվ հետո քրիստոնյա եվրոպացիներին կհամոզեն՝ հիշեցնելով՝ «Երանի նրան, ով կհավատա առանց տեսնելու» աստվածաշնչյան միտքը, մոռանալով, որ Աստվածաշնչում այլ արտահայտություն էլ կա. «Ով աչք ունի` կտեսնի, ով ականջ ունի` կլսի»:

Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ ֆիլմեր են ներկայացրել մրցանակաբաշխությանը մեր քաղաքական եւ քաղաքականությունից շատ հեռու ուժերը: «Օրինաց երկիրը» հանդես է գալիս մի քանի ժապավեններով, բայց հիմնականն, իհարկե, «Տիտանիկն» է, որտեղից փորձում են փրկվել ոչ միայն «զաստավիտով» կուսակցական դարձած գործարարները, այլեւ ՕԵԿ-ի հիմնադիրներից ոմանք: Չնայած ՕԵԿ-ը կներկայացնի նաեւ «Ճակատագրի հեգնանքը», «Նա գնաց մենակ» եւ այլ նմանատիպ ֆիլմեր: «Նոր Ժամանակները» հանդես կգա «ՏԱՍՍ ուպոլնոմոչեն զայավիտ» սերիալով: Մեծամասնական ընտրատարածքների հիթը, ինչպես միշտ, «Կնքահայրն» է լինելու կամ «Խաղաղ Դոնը»: Չնայած հաճախ կհանդիպենք նաեւ «Բոգոտիե տոժե պլաչուտ» սերիալին: Կոմունիստները կներկայացնեն «Հին օրերի երգը», որին ի պատասխան` դաշնակները հանդես կգան «Տրոիխ նադո ուբրատ», «Սարոյան եղբայրներ», «Հանդիպման վայրը փոխել չի կարելի» (Ծաղկազորի «Գրողների տուն»-ը): «Բարգավաճ Հայաստանի» հիթը, բնականաբար, «Օլիգարխ» ֆիլմն է: Իսկ Հանրապետականներինը (ՀՀԿ)՝ «Բրիգադան»: ՄԱԿ-ի ֆիլմը կլինի «Պալյոտի վո սնե ի նայավու», իսկ ՀՀՇ-ն կներկայանա «Ոճիր եւ պատիժ» դասական գործով: Երիտասարդական կուսակցությունը լայն հնարավորություններ ունի` «Արբատի զավակները», «Էլեկտրոնիկի արկածները» եւ այլն: Տիգրան Կարապետիչը, ինչպես միշտ, օրիգինալ կլինի, եւ կներկայացնի հնդկական «Դիսկո պարողը» (կամ երգողը), «Պարոն 420» ֆիլմերը եւ «Նա Տիխորեցկույու սոստավ օտպրավիցա, սոստավ օտպրավիցա – պեռոն օստանետցա» երգով: Դե, իսկ մնացած մանր-մունր կուսակցությունները տվյալ պարագայում կներկայանան «Չուժիե», «Չուժիե 2», «Չուժիե 3» անիմաստ ֆիլմերով: Փորձը ցույց է տվել, որ վերջին 10-11 տարիների ընթացքում հայ ժողովրդի ամենասիրած կինոնկարը «Գառների լռությունն» է: Մի խոսքով, ողջ Հայաստանը դիտելու է «Թռիչք կկվի բնի վրայովը»: Բայց ես լավատես եմ եւ հավատում եմ, որ Հայաստանի «Երիտասարդ գվարդիան», անկախ կուսակցական պատկանելությունից, կփորձի հասկացնել, որ «Ծերունիավազակների» դարաշրջանն անցել է, եւ «Նամուսն» էլ լավ բան է: Եվ միայն այդ դեպքում աշխարհաքաղաքական ուժերը կհասկանան, որ Հայաստանում միայն «Մենք ենք, մեր սարերը», եւ ուրիշ ոչ ոք մեզ հարկավոր չէ, որպեսզի մենք անցկացնենք մեզ արժանի ընտրություններ: