«Էլիտար Երեւան չենք ուզում, սովորական Երեւան ենք ուզում»

09/02/2007 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Երեւանի երեք նախկին քաղաքապետերը երեկ «Հայելի» ակումբում խոսում էին մեր մայրաքաղաքի անցած ուղու մասին եւ հայտնում էին իրենց կարծիքները ապագա զարգացումների մասին: Ալբերտ Բազեյանը, Վահագն Խաչատրյանն ու Սուրեն Աբրահամյանը համակարծիք էին՝ Երեւանի քաղաքապետարանը լավ չի աշխատում: Թեեւ կարո՛ղ է լավ աշխատել:

Երեւանի երեք նախկին կառավարիչներն էլ Երեւանը մի քանի մասի բաժանելու գաղափարն ընկալելի չեն համարում, քանի որ համոզված են` ներկայիս կառույցը կայացած է եւ իրեն արդարացնող օրգանիզմ է: «Այն մասնատելը անմտություն է եւ մեծ ծախսերի հետ է կապված»,- ասաց Ս. Աբրահամյանը: Իսկ Վ. Խաչատրյանը բերեց Լիոնի օրինակը, երբ արդեն մի քանի մասի բաժանած քաղաքը կրկին որոշվեց միացնել, քանի որ «կենտրոնն ու ծայրամասերը տարբեր միջավայրեր էին դարձել, կենտրոնը իդեալական մաքուր էր, իսկ ծայրամասերում հանցագործությունն էր աճում»:

Ա. Բազեյանը նշեց, որ Երեւանի ոչ մի հիմնախնդիր լուծված չէ` աղբահանությունը, տրանսպորտը, փողոցային առեւտուրը, բնակարանային ֆոնդը, կանաչապատումը, ձմռանը` ձյունը, իսկ ձնհալից հետո` ասֆալտին առաջացող փոսերը շարունակում են հավերժ հիմնախնդիրների կարգավիճակում մնալ: Ս. Աբրահամյանն էլ ասաց, որ «քաղաքապետի իրավունքներն ու պարտականություններն այնքան են լղոզվել», որ դժվար է քաղաքապետի աշխատանքը գնահատելու չափանիշներ կիրառել: «Մարդիկ էլ քաղաքից խռովել են ու համակերպվել են»,- ավելացրեց նա: Ըստ բանախոսների` սպառողի հոգեբանությունը երեւանցիների սրտերից վանելու համար պետք է փոխել քաղաքապետարանի կառավարման ձեւն ու քաղաքապետի ընտրության կարգը: «Նշանակովի քաղաքապետ ու ընտրովի թաղապետեր ունենք: Դա նշանակում է, որ թաղապետերը քաղաքապետին ենթակա չեն եւ ինքնուրույն են գործում»,- ասաց Վ. Խաչատրյանը: «Ընտրովի քաղաքապետն իշխանությունների համար գլխացավանք կարող է դառնալ»,- համոզված է Ս. Աբրահամյանը: Ընտրովի քաղաքապետի ազատ եւ անկախ լինելն, ըստ Ա. Բազեյանի, չի նշանակում, որ քաղաքապետը հակակշիռ կդառնա ՀՀ նախագահին: Պարզապես միայն ընտրված քաղաքապետը կարող է պատասխան տալ իր որոշումների ու սխալների համար:

Այն փաստը, որ սխալներ շատ են եղել, բանախոսները չեն ժխտում: «Մենք չկարողացանք դիմակայել քաղաքաշինությանը»,- ասաց Ս. Աբրահամյանը:

«Այսօրվա իշխանությունները մեզնից մի քիչ ավելի խելոք են, քանի որ փողերի տեղերն ավելի լավ գիտեն»,- ասաց Վ. Խաչատրյանը` նկատի ունենալով «գայթակղիչ կենտրոնի» համատարած ու անթաքույց վաճառքը:

Երեւան ասելով, հաճախ առաջին հերթին մտաբերում ենք ահռելի ծավալների հասած շինարարությունն ու քաղաքի ընդհանուր կեղտոտ տեսքը: Հետո արդեն` շենքերի, աղբակույտերի մեջ խեղդվող բակերի, մուտքերի, աստիճանավանդակների, պրոբլեմներով աշխատող ջրատար ու գազատար խողովակների վիճակը, որը կատարյալ համարվելուց բավականին հեռու է: Թեեւ թվում է, որ այդ հարցերը պետք է լուծված լինեին, քանի որ մենք` քաղաքացիներս, վճարում ենք այդ ամենի անխափան աշխատանքի համար: Վ. Խաչատրյանը համոզված է, որ այդ խնդիրները վաղուց արդեն պետք է վերացած լինեին, քանի որ երբ տասնհինգ տարի առաջ էին սառչում ջրի խողովակները, դա կարելի էր էլեկտրականության բացակայությամբ բացատրել ու արդարացնել: Իսկ հիմա հոսանք ունենք, բայց խողովակները շարունակում են սառչել: Քաղաքաշինության ու մաքրության մասին երեք նախկին քաղաքապետերը շատ էմոցիոնալ էին խոսում: «Գայթակղիչ կենտրոնը» վաղուց արդեն ամբողջովին վաճառված է, իսկ կենտրոնում ու ծայրամասերում ապրող մարդկանց հոգեբանության մեջ ճեղքում է գոյանում:

«Երեւանը հիմա դժոխքի է վերածվում, որին ջերմոցային էֆեկտ է սպառնում,- համոզված է Ս. Աբրահամյանը, եւ մենք շուտով կարող ենք ծայրամասերում բնակվող մարդկանց ագրեսիայի թիրախում հայտնվել:- Փարիզի օրինակով, ծայրամասերը շուտով կենտրոնի վրա կհարձակվեն ու կսկսեն այրել մեքենաներն ու ավտոբուսները»: Խցանումների պատճառով պարբերաբար կանգ առնող Բաղրամյան պողոտան թեթեւացնելու համար ժամանակին նախատեսվում էր զուգահեռ փողոցի կառուցումը, որն, ըստ Վ. Խաչատրյանի` հիմա արդեն չի կարող իրագործվել, քանի որ այդ փողոցի վրա առանձնատներ են վեր խոյացել:

«Մենք բոլորս նախկին ենք, բայց ամեն ինչ ուզում ենք անել երկիրը կեղտից մաքրելու համար»,- ասաց Ս. Աբրահամյանը: «Երեւանում դեռեւս ապրել կարելի է»,- ավելացրեց Վ. Խաչատրյանը: Նույնիսկ հաշվի առնելով այն փաստը, որ մեր մայրաքաղաքն աշխարհի ամենաթանկ քաղաքների ցանկում շատ բարձր` 21-րդ տեղն է զբաղեցնում:

«Երկիրը կեղտից մաքրելու» համար ազնիվ ու գիտակ կառավարիչներ են հարկավոր։ Այդ հատկանիշները քաղաքապետի ընտրության կարգով ի հայտ գալ չեն կարող, դրանք կամ լինում են, կամ չեն լինում։ Ընտրովի՞ լինի, թե՞ նշանակովի, քաղաքապետը Երեւանն իր սեփականությունը համարելու ու իշխանություններին հաճոյանալու համար անսկզբունքային լինելու իրավունք ունենալ չի կարող, նա միայն կառավարելու է մեր մայրաքաղաքը, եւ թող իր խիղճը հուշի այդ սկզբունքայնության չափաբաժինը։ Իսկ հիմա ստացվում է, որ խելամիտ ու սկզբունքային մոտեցումների մասին խոսում են հիմնականում «նախկինները», քանի որ պաշտոն զբաղեցնելու ընթացքում նրանք բոլորովին այլ խաղի կանոններ են ընդունում։ Եվ յուրաքանչյուր կառավարիչ նախորդից ժառանգում եւ հաջորդին է փոխանցում օր օրի ավելի խճճված խնդիրների կծիկները։ Իսկ հողը Երեւանում շատ է թանկանում՝ դառնալով ավելի ու ավելի գայթակղիչ։ Մեզ շատ է պակասում կարգուկանոնն ու մաքուր օդը։ Այդ ընթացքում, իհարկե, Երեւանն էլ հոգնում է մեզանից։