Մեծ աշխարհի մեր ընտրատարածքը

09/02/2007 Արմեն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մի քանի օր առաջ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կարել դե Գուխտը Երեւանում հայտարարեց, թե ինքը վստահ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունները համապատասխանելու են ամենաբարձր չափանիշներին: Թե ինչի՞ վրա է հիմնված նրա այդ վստահությունը` ցավոք, պրն դե Գուխտը չնշեց: Համենայն դեպս, Հայաստանում չկա մեկը, ով այդպիսի վստահություն ունենա: Նույնիսկ իշխանությունների ներկայացուցիչներն ընդամենը «հույս են հայտնում», որ ամեն ինչ կհամապատասխանի «ամենաբարձր չափանիշներին»:

Բայց թող ԵԽ ԽՎ նախագահի խոսքերը որեւէ մեկին թյուրիմացության մեջ չգցեն: Նա, իհարկե, շատ լավ գիտի, թե իրականում նախընտրական ինչ վիճակ է Հայաստանում: Եթե նույնիսկ համապատասխան կառույցները զեկուցած էլ չլինեն, նա ինքը Երեւանի փողոցներում տեսած կլինի իշխանական կուսակցությունների հսկայական պաստառները (ինչն արդեն իսկ նախընտրական քարոզչության մասին օրենքի խախտում է): Այլ հարց է, որ նախապես «վստահություն հայտնելն» ընդունված կարգ է: Սկզբում վստահություն են հայտնում, որպեսզի հետո «խոր հիասթափությամբ արձանագրեն» բացասական երեւույթներն ու էական հետընթացը ժողովրդավարության զարգացման ճանապարհին: Ճիշտ այդպես է վարվում նաեւ ուսուցիչը` ծույլիկ աշակերտին դաս հարցնելիս: Բա հո չի՞ ասելու «ա՛յ հաստագլուխ, անցիր գրատախտակի մոտ»: Պիտի ասի` «համոզված եմ, որ այս անգամ դասդ լավ ես սովորել, համեցեք գրատախտակի մոտ», ու «2» նշանակելու ժամանակ ձեւացնի թե խիստ զարմացած ու հիասթափված է: Ամբողջ խնդիրն այն է, սակայն, որ իշխանություններն «այս գլխից» փորձում են արժեզրկել միջազգային դիտորդական կազմակերպությունների դերն ու նրանց հնարավոր բացասական գնահատականների նշանակությունը: Եվ դրա համար կիրառվում է մոտավորապես այս հնարքը. հասարակության գիտակցության մեջ այն միտքն է արմատավորվում, թե «միջազգային կառույցները դիտմամբ շատ մանրամասն են ուսումնասիրելու մեր ընտրությունները, որպեսզի անպայման նույնիսկ չեղած տեղից թերություններ գտնեն եւ դրանցով ճնշեն Հայաստանի իշխանություններին ու ստիպեն ստորագրել ղարաբաղյան համաձայնագիրը: Հետեւաբար` դիտորդները մեր թշնամիներն են (ուզում են մեզնից խլել Ղարաբաղը), իսկ դիտորդներին «գործ տվողները», համապատասխանաբար, ազգի դավաճաններ են»: Այսինքն` ստացվում է, որ ամբողջ աշխարհը, բանուգործը թողած, ուզում է մեզանից խլել Ղարաբաղը` կամ փողով («Հազարամյակի մարտահրավերներ»), կամ խաբելով (միջազգային խաղաղապահ ուժեր ու հետաձգված հանրաքվե), կամ վախեցնելով (միջազգային պատժամիջոցներ), իսկ ահա մենք պինդ բռնել ենք Ղարաբաղը եւ հերոսաբար ոչ մեկին չենք տալիս: Հարց է ծագում` այդ ի՞նչ «իմաստուն քաղաքականություն» են իրականացնում ՀՀ իշխանությունները, որ արդյունքում ամբողջ աշխարհն ուզում է Ղարաբաղը խլել մեզանից:

Բայց սա դեռ մի կողմ թողնենք: Բարեբախտաբար, աշխարհն ամենեւին էլ «հակահայկական դավադրություն» չի կազմակերպել, եւ աշխարհի նպատակը ոչ թե Ղարաբաղը մեզանից խլելն է, այլ տարածաշրջանում քիչ թե շատ կայուն խաղաղություն հաստատելն ու քիչ թե շատ կանխատեսելի ապագա տեսնելը: Իսկ դա հնարավոր է միայն խաղաղության համաձայնագրի ստորագրման դեպքում: Մեր կարծիքով, շատ ավելի կարեւոր է մեկ այլ հանգամանք: Բանն այն է, որ արտաքին աշխարհը ՀՀ առաջիկա խորհրդարանական ընտրությունները կապում է միայն եւ միայն ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարների հետ եւ խնդրին նայում է հենց այդ տեսանկյունից, իսկ Հայաստանի ներսում` հակառակը, առաջիկա ընտրություններն ինչի հետ ասես կապում են, բացի ղարաբաղյան հարցի կարգավորումից: Այլ կերպ ասած, պրոբլեմը Հայաստանի ներսում է: Այստեղ դեռեւս հասարակության մեծ մասը չի կողմնորոշվել` մեզ ձեռնտո՞ւ է ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորումը, թե՞ ոչ: Ընդ որում, խոսքը ոչ թե կարգավորման որեւէ կոնկրետ ծրագրի մասին է, այլ ընդհանրապես կարգավորման:

Ենթադրենք` վերջնական կարգավորումը մեզ ձեռնտու է: Այդ դեպքում մենք պիտի միայն ողջունենք, եթե միջազգային կառույցները ճնշումներ գործադրեն Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, որպեսզի այդ կարգավորումն արագացվի: Ընդ որում, պիտի ձգտենք ավելի ժողովրդավար լինել, քան Ադրբեջանն է, որպեսզի նրանց նկատմամբ ճնշումներն ավելի ուժեղ լինեն: Այսինքն` պիտի նորմալ ընտրություններ անցկացնենք:

Իսկ հիմա ենթադրենք, թե հարցի վերջնական կարգավորումը մեզ ձեռնտու չէ: Այդ դեպքում մենք պիտի ամեն ինչ անենք, որպեսզի միջազգային կառույցները Հայաստանին ճնշելու առիթներ չունենան: Այսինքն` դարձյալ պիտի նորմալ ընտրություններ անցկացնենք: Մի խոսքով, առաջիկա ընտրությունների ժամանակ իշխանությունները պիտի մտածեն ոչ թե այն մասին, թե որ ընտրատարածքում ում բաջանաղն է ընտրվելու, եւ ապագա խորհրդարանում ինչպես են բաժանվելու նախարարական պորտֆելները, այլ այն մասին, թե ինչն է ավելի ձեռնտու ղարաբաղյան հարցի կարգավորման տեսանկյունից:

Եթե, իհարկե, դեռ հիշում են, որ այդպիսի հարց կա: