Զբոսաշրջիկը Հայաստանում ավելին է

09/02/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Զբոսաշրջիկը Հայաստանում իսկապես ավելին է, քան այլ երկրում: Խոսքը միայն այն մասին չէ, որ մենք այդ ոլորտով զբաղվող նախարարություն ունենք: Մոտ ութ տարի առաջ զբոսաշրջության զարգացումը հայտարարվեց գերակա ոլորտ: Իսկ մեր իշխանությունների կողմից գերակա հայտարարված բոլոր ոլորտները, հայտնի բան է, աճ պիտի արձանագրեն: Գոնե՝ վիճակագրական պաշտոնական տեղեկագրերում: 2001 թ., երբ նշում էինք Քրիստոնեության ընդունման 1700-ամյակը, իշխանությունները հայտարարեցին, որ ակնկալում են տարվա ընթացքում 150 հազար զբոսաշրջիկի այց: Հետո, կարծեմ, հայտարարվեց, որ այդ թվից ավելի մարդ այցելեց: Ու սկսվեց: Ամեն տարի ավելի ու ավելի մեծ թիվ է հրապարակվում: 2005թ. ավարտից հետո հրապարակվեց 318,5 հազար զբոսաշրջիկի ժամանման մասին: Ակնհայտ էր, որ 2006-ի ցուցանիշն ավելի պատկառազդու է լինելու: Անցած տարի մեր երկիր այցելել է 381 հազար զբոսաշրջիկ: Այս թիվը պաշտոնապես հրապարակել է Ազգային վիճակագրության ծառայությունը: Մի քանի տարի շարունակ մասնագետները գրում էին, որ զբոսաշրջության վիճակագրության ոլորտում մեթոդաբանությունը փոխելու արդյունքում է միայն հնարավոր նման մեծ թվեր արձանագրել: Հիմա չեն գրում: Երեւի հոգնել են: Փոխարենն` ամենեւին չեն հոգնել պաշտոնական վիճակագիրները: Նրանք որպես զբոսաշրջիկ գրանցում են անգամ մեկ-երկու օրով Հայաստան այցելած գործարարի կամ միջազգային կառույցի ցանկացած աշխատակցի: Բայց զբոսաշրջության մասին վերջին հրապարակումները գերազանցեցին հնարավոր ամեն ինչ: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը եւ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը համատեղ ուսումնասիրել են այս ոլորտը: Երեւի բոլորին էլ հետաքրքիր է, թե այդ ի՞նչ 380 հազար մարդ է տարեկան Հայաստան գալիս: Որտեղի՞ց է գալիս: Գալուց հետո ինչո՞վ է զբաղվում: Ու քանի՞ օր է դրանով զբաղվում: Հայաստան այցելող զբոսաշրջիկի տիպաբանությունը պարապ հետաքրքրության համար չէ: Ի վերջո, թե՛ պետությանը, թե՛ մասնավոր բիզնեսին հետաքրքրող հարց է: Մասնավոր գործարարները զբոսաշրջիկ տեսնելու անթաքույց հույսով, արդեն քանի տարի է, ինքնամոռաց, թափով հյուրանոցային շինարարություն են իրականացնում: Պետությունն էլ անցած տարի որոշեց օգնել մասնավորին` գովազդային տեսահոլովակ պատվիրեց: Գեղարվեստական բարձր որակ ունեցող այդ հոլովակը տեղադրվեց միջազգային հեռարձակում ունեցող հեռուստաեթերներում: Պետության կողմից տնտեսության որեւէ ոլորտ խրախուսելու լավագույն (թե՞ եզակի) օրինակ է սա: Մնում էր սպասել արդյունքներին: Ենթադրվում էր, որ օտարները` հատկապես այդ հարուստ ամերիկացիներն ու եվրոպացիները, տեսնելու էին երկիր-դրախտավայրի չքնաղ գովազդը: Տեսնելու էին ու գալու: Ա՛յ գալուց հետո նրանց մի լավ սպասարկելու էինք: Բայց չստացվեց: Նախ, որեւէ երկիր այցելելուց առաջ զբոսաշրջիկը փորձում է տեղեկություններ հավաքել այդ երկրի մասին: Իսկ Հայաստանի մասին հետաքրքրվողն անշուշտ կնկատի այն, որ Երեւանը արտասահմանցիների համար աշխարհում 21-րդ թանկ քաղաքն է: Սա, իհարկե, Հայաստան չգալու որոշում ընդունելու լուրջ փաստարկ է: Նույն այդ հարուստ ամերիկացիների ու եվրոպացիների համար: Բայց 381 հազար գալիս է, ու առավել հետաքրքիր են դառնում «ովքե՞ր են», «որտեղի՞ց են» հարցերը: Վերջապես կա այս հարցերի պատասխանը: Կա արդեն Հայաստան այցելած զբոսաշրջիկի ընդհանրացված կերպարը: Մեր երկիր այցելած տիպային զբոսաշրջիկը մոտ 41 տարեկան է: Սա տարօրինակ ցուցանիշ է: Արեւմտյան զբոսաշրջիկն ավելի առաջացած տարիք ունի: Հետեւաբար, արեւմուտքցիների հետ կապած հույսերը չարդարացան, ակնհայտ է, որ նրանք չեն մեզ այցելողները: Հաջորդ ցուցանիշը եւս ինքնատիպ է` միջին այցելուն Հայաստանում անցկացնում է 22 օր: Այս փաստը դեդեկտիվի ժանրին հատուկ սրություն է մտցնում: 41-ամյա, այսինքն` տնտեսական գործունեության ամենաակտիվ տարիքի (հետեւաբար` իր մասնագիտական կարիերայում ամենամեծ եկամտի շրջանն ապրող) տղամարդը 22 օրանոց արձակուրդներ չի անցկացնում առանց լուրջ պատճառի: Հրապարակվող հաջորդ տվյալն առավել անհասկանալի է դարձնում` վերջապես ո՞վ է նա: Պաշտոնապես օրական մեծ ծախսեր էլ չի անում` օրական 55 դոլար: Այդքանը բավարար չէ միայն հյուրանոցի համար, որտե՞ղ է գիշերում խեղճը, ի՞նչ է ուտում: Բայց ուսումնասիրությունը տալիս է մի քանի հետաքրքիր տվյալ եւս, որոնցով առայժմ հնարավոր չէ տրամաբանական եզրահանգման բերել այս առեղծվածային պատմությունը: Միջին զբոսաշրջիկն այցելում է Էջմիածին, Սեւանա լիճ, Ծաղկաձոր: Բա ո՞ւր մնաց հանրահայտ Գառնի-Գեղարդը: Ինչո՞ւ է նա անտարբեր միջնադարյան մեր մնացած վանական համալիրների հանդեպ: Ա՛յ, այստեղ է, որ ուսումնասիրության արդյունքներին ծանոթանալիս կասկած է առաջանում: Կասկած, որ զբոսաշրջիկի այս պատկերը ծանոթ է իրեն: Ծանոթ գենետիկ մակարդակում: Կասկածը հաստատվում է հենց հաջորդ տվյալով: Պարզվում է՝ նա մինչ այս այցը նախկինում եւս երեք անգամ եղել է Հայաստանում: Ուսումնասիրության հաջորդ տվյալները, երեւի, հրապարակված են կասկածը փարատելու համար: Հայտարարվում է, որ նա նախկին ԽՍՀՄ տարածքից է եւ Հայաստան այցելել է հարազատներին տեսակցելու համար: Հո պարզ-պարզ չէի՞ն գրի, որ նախկին ՀԽՍՀ կամ ՀՀ քաղաքացի է: Եթե այդպես գրվեր, ապա պատմությունը կզրկվեր դեդեկտիվ տարրերից ու խորհրդավորությունից: Կլիներ սովորական մի պատմություն, թե ինչպես ու քանի օրով են հայրենիք այցելում մեր պանդուխտ-խոպանչիները: Նրանք, ովքեր մենակ կամ ընտանիքով գաղթել են արտասահման, արդեն ունեն այլ պետության քաղաքացիություն եւ երբեմն-երբեմն գալիս են հայրենիքի ու հարազատների կարոտն առնելու: Մեր հարազատները, որ վերջին տարիներին աշխատանք գտնելու հույսով մեկնել են, հիմա պաշտոնապես հաշվառվում են որպես զբոսաշրջիկ: Մինչդեռ նրանցից շատերը դեռ պահում-պահպանում են ՀՀ քաղաքացու անձնագիրը: Հայրենիք էլ երբեմն գալիս են անձնագիրը փոխելու կամ ժամկետները երկարացնելու համար: Իսկապես պանդուխտի ճակատագիր: