«Մեկ միլիոն կվառեմ, բայց մեկ լումա չեմ մուծի»,- ասում է Արմեն Մազմանյանը

09/02/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում պետք է քննվեր Ժողովրդական կուսակցության եւ «ԱԼՄ» Հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանի հայցն ընդդեմ բեմադրիչ Արմեն Մազմանյանի։

Հիշեցնենք, որ Տ. Կարապետյանն Ա. Մազմանյանին դատի է տվել «հեռուստաեթերով սուտ լուրեր տարածելու միջոցով իրեն վիրավորելու եւ զրպարտելու համար»։ Ա. Մազմանյանը Տ. Կարապետյանի մասին խոսելիս օգտագործել էր «մանկապիղծ», «նախկին գրպանահատ», «կիսագրագետ» բառերը։ Երեկ նշանակված դատական նիստը, սակայն, հետաձգվեց՝ դատավորի անձնական խնդիրների պատճառով։ Հաջորդ նիստը նշանակված է փետրվարի 14-ին։ Փոխարենը, Ա. Մազմանյանը լրագրողներին ներկայացրեց իր տեսակետներն այս ամենի վերաբերյալ։

Ա. Մազմանյանը գտնում է, որ մեր Ներքին գործերի համակարգը խուսափել է այն հարցի պատասխանից, թե արդյոք Տ. Կարապետյանը Հայաստանում կամ նախկին ԽՍՀՄ տարածքում պատասխանատվության ենթարկվե՞լ է։ Փոխարենը տվել են մի թուղթ, որի վրա գրված է՝ տեղեկացնում ենք, որ ըստ Ռուսաստանից եկած տվյալների, Կարապետյանը Ռուսաստանում չի դատվել։ «Ի՞նչ տվյալներ, ո՞ր հարցումին են պատասխանել»,- հարցնում է պրն Մազմանյանը։

Այդ հարցերի պատասխանները պետք է հնչեն դատարանում՝ «բարաթի» օգնությամբ։ Իսկ բարաթի տեղը Ա. Մազմանյանը գիտի։ Նա խորհուրդ տվեց այցելել ռուսական ինտերնետային կայքէջերը՝ նշելով, որ Վոլգոգրադի մամուլում լրագրողական հետաքննություններ արել են եւ ամեն բան պարզել են. «Էնտեղ քաջություն ունեն՝ երեւույթներն իրենց անունով կոչելու»։

Ա. Մազմանյանը տեղեկացրեց, որ դատարանին միջնորդելու են դիմել ԽՍՀՄ նախկին արխիվ, որտեղ ոչինչ առնել ու մաքրել հնարավոր չէ, ամեն ինչ պահում են եւ չեն ջնջում։ «Եթե այնտեղից կգա պատասխան, որ այդպիսի բան չկա, կպարզվի, որ ես, ինչպես եւ պրն Գեղամյանը, սրճարանում սխալ ինֆորմացիա ենք լսել»,- ասում է Ա. Մազմանյանը։

Սխալ ինֆորմացիան, պրն Մազմանյանի խոսքերով, վերաբերում է եւ «գրպանահատ», եւ՛ «կիսագրագետ» որակումներին։ Իսկ եթե արխիվում նման որակումների համար հիմքեր չգտնվեն, ապա «կպարզվի, որ նա (Տիգրան Կարապետյանը-Բ. Թ.) գրագետ է, օրինակ… Մի նախադասության մեջ 5 տառասխալ…բայց գրագետ է» (Ա. Մազմանյանը թերեւս նկատի ուներ «Հայկական Ժամանակ» թերթում երեկ տպագրված նյութը, որտեղ լուսանկարում պատկերված էր Տ. Կարապետյանի ձեռքով գրած մի քանի տող)։

Նա նաեւ ասաց, որ չի դիմել ոչ ոքի` օգնության խնդրանքով, քանի որ դա յուրաքանչյուր մարդու ներքին գործն է. «Եթե ես իմ արվեստագետ եւ երիտասարդ ընկերներին կոչ անեմ, այստեղ կլինի 3000 հոգանոց միտինգ»։ Սակայն Ա. Մազմանյանը դա սխալ է համարում, քանի որ չի ուզում, որ շոու սարքվի։

Ըստ Ա. Մազմանյանի, մենք կարծես կորցրել ենք ազգային արժանապատվության զգացողությունը. «Մեր դրոշը անգլիացին կարող է վերցնի, քսի որտեղին ուզի, մենք ասենք՝ ազատականություն է։ Տո շա՛ն որդիք, մի հատ գնացեք Անգլիայում Անգլիայի դրոշը վերցրեք, քսեք որտեղ ուզում եք։ Էլի ազատականություն է, ուղղակի նույնկերպ մի ազատ ֆաշիստ դահլիճից վեր կկենա ու գլուխը կջարդի։ Դա էլ իր ազատությունն է»։ Ի դեպ, Ա. Մազմանյանն այս հարցում այնքան էլ չի մեղադրում քննադատության թիրախ դարձած Մշակույթի նախարարությանը, քանի որ առաջին անգամ պետությունը պետականորեն միանգամից ռեակցիա է տվել, որ գոնե պետական բեմում մեր դրոշը հարգեն։ Իսկ ընդհանուր առմամբ, քննադատելու տեղեր կան։ Ինչ վերաբերում է աղմուկ հանած անգլիացի արտիստին, ապա, ըստ Ա. Մազմանյանի, եթե նրան Անգլիայի կոնսուլն է բերում, դա չի նշանակում, որ բերել է իսկապես երեւույթ։ «Էքստազի խմող, «կայֆարիկ» տաղանդավոր արտիստներ նրա նման աշխարհում հազարներն են»,- ասում է Ա. Մազմանյանը։

Նա համոզված է, որ այդ «action» ոճը՝ իմպրովիզացիան հանդիսատեսի հետ, նույնպես պետք է չափ ունենա. «Արվեստում ամենաբարդ բանը չափի զգացողությունն է։ Այդ տղան չափի զգացողություն չունի։ Նա չի հասկանում, որ Հայաստանում ուրիշի կնոջ գոգը չի կարելի նստել։ Գնա նստիր ձեր երկրում՝ որտեղ կարելի է։ Նա անտակտ արտիստ է, անդաստիարակ մարդ»,- ասում է Ա. Մազմանյանը՝ հիշեցնելով, որ ամեն երկիր մտնելուց այդ երկրի փափախը հարցնում են։

«Ո՞վ ես դու, որ վերցնես դրոշն ու որպես ռեկվիզիտ օգտագործես։ Որտե՞ղ ես վաստակել այդ իրավունքը։ Այդ ի՞նչ լիբերալ, բիսեքսուալ, աղանդավորական եվրոպական արժեքներ են, որ մենք էլ չենք պաշտպանում, ու պարզվում է՝ մենք վատն ենք։ Եթե սա ֆաշիզմ է, ապա ես ազգայնական ֆաշիստ եմ։ Կան պահեր, որ ազգը պիտի ունենա ազգայնական ֆաշիզմ։ Թե չէ մենք այս լպրծուն կիսագրագետներից, անսեռ տղուկներից ու ջեբկիրներից չենք պրծնի։ Սրանք վաղը մեզ կթելադրեն, թե ոնց պիտի դաստիարակենք մեր երեխաներին»,- ասում է Ա. Մազմանյանը։

Վերջինս, սակայն, համոզված է, որ այդպես չի լինելու. «Մենք չենք հոգնելու, մեր երկրից չենք գնալու ու մինչեւ վերջ ասելու ենք այն, ինչ համարում ենք ճիշտ»։

Ինչ վերաբերում է դատաքննությանը, ապա Ա. Մազմանյանի համար ակնհայտ է դարձել, որ «…մարդը, ով իր պապաների պատվերով իբր իր ընդդիմություն է ելույթ ունենում եթերում, ստացել է կանաչ ճանապարհ՝ դատարանով, ընտրությունից առաջ մաքրել իր տխուր կենսագրությունը։ Ինձ որպես գործիք օգտագործելով՝ դա չի լինելու։ 10 տարի էլ անցնի, Եվրոդատարան էլ դիմեմ, փող էլ ծախսեմ՝ ես ապացուցելու եմ իմ բառերի ճշմարտությունը,- ասում է պրն Մազմանյանը: -Մենք կուլ տվող չենք, ասում են՝ գոնե 50 հազար մուծի, բայց համաձայնի, որ մեղավոր ես։ Մեկ միլիոն կվառեմ, բայց 1 լումա էլ չեմ մուծի»։ Նա նաեւ տեղեկացրեց, որ որոշ ժամանակ առաջ անգամ մտքով անցել է իր ընկերների ֆոնդից գումար մուծել, բայց. «…Հետո հասկացա, որ իմ վրա պետք է լինի քրեական հանցագործի պիտա՞կ։ Ինչի՞ համար»։

Նշելով, որ ի՛նքը չի Տ. Կարապետյանին դատարան քարշ տվել եւ, ընդհանրապես, մարդկանց վրա երբեւէ գործ չի տվել ու հարցերը լուծել է փողոցում, Ա. Մազմանյանն առաջարկում է. «Եթե դա այդքան վիրավորել էր իր արժանապատվությունը, թող գար փողոցում հարց տար։ Ինքը գործ է տվել իմ վրա»։

Ա. Մազմանյանը կարծում է, որ անկախ դատարանի վճռից, այն, ինչ պետք է ապացուցվեր, ապացուցվեց։ Նա մարտականորեն է տրամադրված, եթե անգամ դատարանը որոշի, որ իրեն պետք է 3 տարով ազատազրկել. «Նստել եմ, նորմալ է, պրոբլեմ չկա… Ավելի լավ, նստած ժամանակս գոնե ժամանակ ունեի, գիրք էի կարդում»։ Ինչպես ասում են` չկա չարիք, առանց բարիքի։