Ինչպես են հայերը հարց լուծում

07/05/2005 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆԸ

Եթե ուշադրություն եք դարձրել, մենք միակ ազգն ենք, որ ոչ թե հարցին պատասխանում ենք, այլ հարցը լուծում ենք: Ուրիշները լուծում են խնդիրը կամ պրոբլեմը, իսկ մենք` հարցը:

Փորձենք ավելի խորքային դիտել այս խնդիրը: Յուրաքանչյուր երեխա, լեզուն բացվելուն պես, ծնողներին եւ բարեկամներին սկսում է «գնդակոծել» իր հարցերով: Այդպես նա սկսում է ճանաչել աշխարհը եւ իրեն շրջապատող միջավայրը: Ժամանակի ընթացքում երեխայի հարցերի քանակը պակասում է: Ավելի շուտ, պետք է պակասի: Սակայն մեզ մոտ, չգիտես ինչու, հարցերը գնալով ավելանում են: Պարզապես, եթե երեխայի հարցին կարելի է պատասխանել եւ առաջ անցնել, ապա մեծերի պարագայում այդ հարցը պետք է լուծել: Եվ հենց այստեղ առաջ են գալիս այն պրոբլեմները, ինչի դեմ փորձում են պայքարել մեր հարազատ իշխանությունները վերջին մի քանի տարիների ընթացքում: Օրինակ. ծնողը պետք է լուծի երեխայի հարցը՝ երեխան պետք է բուհ ընդունվի: Սկսենք նրանից, որ երեխայի մտավոր ունակությունները կոալայի մտավոր ունակություններից մի փոքր ցածր են, ուղղակի կոալան չի ուզում դառնալ իրավաբան կամ բժիշկ: Չի բացառվում, որ երեխան էլ չի ուզում, բայց դա արդեն չի հետաքրքրում ծնողին, որովհետեւ նա` երեխայի 8 տարեկան դառնալուց հետո երազել է, որ իր տղան իրավաբան կամ բժիշկ դառնա: Եվ վերջ: Այս պարագայում որքան էլ ամերիկացիք իրենց ճղեն, փորձեն Հայաստանում անցկացնել կրթության բարելավման եւ բարեփոխման ծրագրեր, միեւնույն է, Հայաստանում ուժի մեջ կմնա բարեխոսման ծրագիրը: Որովհետեւ, ի տարբերություն իրենց, մենք կարողանում ենք ճիշտ հարց լուծել:

Իմիջիայլոց, «հարց լուծել» արտահայտությունն ունի եւ՛ դրական, եւ՛ բացասական նշանակություն: Օրինակ, անցյալ տարի իշխանությունները բարեհաջող լուծեցին ընդդիմության հարցերը: Ֆինանսների նախարար Վարդան Խաչատրյանը, քրիստոնեա-դեմոկրատից հանրապետական դառնալով, լուծեց իր հարցերը, իսկ դեղագործ եղբորը դասավորելով Հարկային տեսչությունում, լուծեց նաեւ եղբոր հարցը (Քաղծառայության ականջը կանչի): «ՁնՃ-ի կռուգում» տղերքն իրար հարցերը լուծեցին, բայց ոստիկանությունը նրանց հարցը դեռ չի լուծել: Էլիզաբեթ Ջոնսը մեր հարցը լուծեց, բայց մենք դրան լուրջ չենք վերաբերվում՝ ինքը հայ չի, որ կարողանա ճիշտ հարց լուծել: Քաղաքապետարանի առաջին հարկում լուծեցին «մեկ պատուհանի» հարցը, բայց վերեւի հարկերում բարեհաջող գործում է «մեկ հողամասի կաշառք» սկզբունքը: Ինչպես կասեր Ֆորշը՝ «Այսպես էլ ապրում ենք մեր սիրած քաղաքում»:

Ամենակարեւորն այն է, որ Հայաստանում կան հատուկ «հարց լուծողներ», որոնք բացի «Հայկական հարցից»` յուրաքանչյուր հարց լուծող են: Դա առաջին հերթին, այսպես կոչված, «գորշ կարդինալներն» են, իշխանական վերնախավում գտնվողների դպրոցական կամ ուսանողական ընկերները, խնամի-բարեկամական դասակարգը, աշխարհի ուժեղների սիրուհիները կամ սիրեցյալները: Եվ վա՛յ այն մարդուն, ով իր շրջապատում չունի այդպիսի մարդ:

Չգիտես ինչու, վերջին շրջանում շատացել են մարդիկ, ովքեր ուզում են լուծել մեր բոլորի հարցը, ընդ որում՝ միանգամից: Այս պատմության մեջ ամենատխուրն այն է, որ մենք տեսել ենք, թե նրանք ինչպես են դա անում: Բայց քանի որ ես լավատես եմ, համոզված եմ, որ մենք մեր հարցերը կլուծենք առանց դրսից հարց լուծողների, որովհետեւ ես արդեն ասացի, որ իրենք հայ չեն ու չեն կարող հարցը ճիշտ լուծել: Այնպես որ, ՀԱՐՑ ՉԿԱ: