Հայոց ցեղասպանության օրինագծի` ԱՄՆ Կոնգրեսում հավանական ընդունման դեմ ձեռնարկումներով Վաշինգտոնում գտնվող Թուրքիայի փոխվարչապետ եւ ԱԳ նախարար Աբդուլլահ Գյուլն ԱՄՆ իր գործընկեր Կոնդոլիզա Ռայսի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է, որ ցանկանում են նորմալացնել Հայաստանի հետ հարաբերությունները: Ըստ թուրքական «Միլիեթի», Գյուլն ասել է, որ «գոհ չեն» ներկա իրավիճակից եւ «թուրքական կողմը նույնպես որոշ դրական քայլերի է սպասում» բովանդակությամբ ուղերձ է հղել Երեւանին: Գյուլը կրկնել է Ցեղասպանության հարցն ուսումնասիրելու համար համատեղ պատմական հանձնաժողով ստեղծելու մասին թուրքական կողմի արած նախկին առաջարկը եւ հայտարարել, թե Հայաստանն այդ առաջարկին դեռեւս դրական պատասխան չի տվել: Նա ասել է, որ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի ընդունումը «պատանդ վերցնելու» սպառնալիքի առաջ կկանգնեցնի թուրք-ամերիկյան հարաբերությունները: «Դա իրական սպառնալիք է մեր հարաբերությունների համար: Ցեղասպանության ճանաչումը շոկ կառաջացնի Թուրքիայում»,- ասել է Գյուլը: Իսկ Հրանտ Դինքի մասին նա ասել է, թե «ոչ բոլորը գիտեն, որ միջազգային գիտաժողովներում Ցեղասպանության հարցում Դինքը պաշտպանում էր Թուրքիայի պաշտոնական վարքագիծը»: