Լավ կադրերը քաղծառայության չեն ձգտում

09/02/2007

Հայաստանի քաղծառայության համակարգում կադրերի լուրջ խնդիր կա, ինչն առավել արտահայտված է կրտսեր մասնագետից բարձր մակարդակներում: ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի խոսքերով, կրտսեր մասնագետների համար եւ՛ հավակնորդներ կան, եւ՛ դիմողները մասնագիտական առումով ավելի պատրաստված են: «Ես զարմանում եմ, թե ինչու են մեր երիտասարդներին անընդհատ քարկոծում: Նրանք շատ ավելի ինֆորմացված են, ճկուն, ազատ մտածողություն ունեն եւ զերծ են կարծրատիպերից»,- երեկվա ասուլիսում ասել է Մ. Բադալյանը: Համակարգի գործունեության 5 տարիների ընթացքում հայտարարվել է թափուր պաշտոնների 4200 մրցույթ, որից 520-ում հաղթող չի ճանաչվել: Այս ցուցանիշն, ըստ Մ. Բադալյանի, խոսում է դիմողների որակի մասին: «Լավ կադրերն առկա աշխատավարձի պայմաններում այստեղ մեծ ցանկություն չունեն աշխատելու: Նրանք նախընտրում են մասնավոր կամ միջազգային կառույցներում աշխատել»,- նշել է նա: