Դինքին դեռ դատում են

09/02/2007

Նախօրեին՝ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունից գրեթե երեք շաբաթ անց, Ստամբուլի Շիշլի թաղամասի դատարանում վերսկսվել է նրա դեմ դատավարությունը: Դինքին մեղադրում էին Թուրքիայի Քրեական օրենսգրքի տխրահռչակ 301-րդ հոդվածով՝ «թուրքական ինքնությունը վիրավորելու» համար: Դինքը մեղավոր էր ճանաչվել եւ դատապարտվել վեց ամսվա պայմանական ազատազրկման: Նախօրեին Շիշլիի դատարանը լուծարել է հայցվոր կողմին՝ պնդելով, որ հայց ներկայացրած 15 անձինք չեն կարող հայցվորներ ճանաչվել, քանի որ Դինքի կողմից «վիրավորանքն» ուղղված չէր անձամբ նրանց դեմ: Ըստ «Turkish Daily News»-ի, դատավոր Հաչեր Բայրաքթարը հայտարարել է, թե գրանցամատյանում դեռեւս պաշտոնապես արձանագրված չէ Դինքի մահը, եւ հետաձգել է դատավարությունը մինչեւ հունիսի 14-ը: