Գյուղական գրադարան. կա՞ս, թե՞ չկաս

09/02/2007 Ներսես ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Վիճակագրությունն անողոք է: 1992թ. սկսած` Հայաստանում յուրաքանչյուր տարի փակվել է մոտ 30 գրադարան: Գրադարանները փակվել են ամենուր` մայրաքաղաքում, մարզկենտրոններում, քաղաքներում եւ գյուղերում: Վիճակագրական տվյալների համաձայն` ավելի շատ գրադարաններ փակվել են քաղաքներում, քան գյուղական վայրերում: 1991թ. Երեւանում կար 44 գրադարան, ներկայումս` 30, համապատասխանաբար` Գյումրիում 13` 6, Հրազդանում 13` 9: Սա իր պարզ բացատրությունն ունի. քաղաքներում գրադարաններն օտարվել են եւ վերածվել են առեւտրային կամ ժամանցային հաստատությունների: Այս առումով գյուղական գրադարանների տարածքներն ընչաքաղց գործարարների ուշադրությանը չեն արժանացել, քանզի Հայաստանում գյուղական գրադարանները սեփական տարածքներ չունեն: Այդ գրադարանների մեծ մասը տեղավորված է գյուղական ակումբներում եւ այլ շինություններում: Առանձին դեպքերում գրադարանները տեղավորված են անգամ սեփական տներում, ինչպես, օրինակ, Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Մեծ Սարիար եւ Կապս, Արագածոտնի մարզի Ղազարավան եւ Լեռնարոտ գյուղերում:

Համաձայն միջազգային ստանդարտների` բնակչությանը սպասարկող քաղաքային եւ գյուղական հանրային գրադարանները յուրաքանչյուր տարի մինչեւ 10 տոկոսով պետք է թարմացնեն իրենց հավաքածուները, ընդ որում, նոր ստացումների կեսը պետք է կազմեն տվյալ տարվա հրատարակությունները: Այսինքն` 10 տարում գրադարանի հավաքածուն պետք է ամբողջությամբ թարմացվի: Ստացվում է, որ ներկայումս գրադարանների գրքային պաշարները գրեթե կրկնակի հնացել են եւ ենթակա են օտարման: Իմ ընդդիմախոսներն անմիջապես կվկայակոչեն գեղարվեստական գրականությունը, որը կարող է ֆիզիկապես մաշվել, բայց ոչ հնանալ: Ասենք, դասականների հրատարակությունները միշտ էլ պահանջարկ ունեն: Հայտնի է, որ ներկայումս գեղարվեստական գրականությունը նախկին հասարակական պահանջարկը չունի: Ամեն տարի բուհական ընդունելության քննություններին հաջորդում է այսօրյա դպրոցական շրջանավարտների գրականության իմացության «գոհարների» տխուր վիճակագրությունը: Սակայն համաձայն «Հայաստանի գրադարանները 2005 թվականին» (Երեւան, Հայաստանի ազգային գրադարան, 2006) վիճակագրական ժողովածուի` գյուղական հանրային բնույթի գրադարաններում գեղարվեստական գրականության տացքը կազմում է սպասարկված գրականության ավելի քան 80 տոկոսը: Սա միանշանակ վկայում է, որ գրադարաններում առկա այլ բնագավառների գրականությունն այնքան հին է, որ պահանջարկ չունի: Սովորաբար գեղարվեստական գրականության մասնաբաժինը ընթերցանության մեջ չի գերազանցում 40 տոկոսը: Այսօր, սակայն, իրավիճակի թելադրանքով հանրային գրադարանների հիմնական գործառույթը դարձել է գեղարվեստական գրականության սպասարկումը:

Ի դեպ, գրադարանները գերազանցապես գեղարվեստական գրականությամբ համալրելու մոտեցումը խոր արմատներ ունի: 2004թ. Մշակույթի նախարարությունն իր ենթակայությամբ գործող ազգային եւ մարզային գրադարանների միջոցով զգալի քանակով գրականություն բաշխեց հանրապետության բոլոր մարզերի քաղաքային եւ գյուղական գրադարաններին: Հատկանշական է, որ այդ գրականության առյուծի բաժինը կազմում էր պետպատվերով տպագրված ժամանակակից գեղարվեստական գրականությունը: 2005-2006թթ. եղել եմ բազմաթիվ գրադարաններում, զրուցել տնօրենների եւ գրադարանավարների հետ: Բոլորն էլ ափսոսանքով նշել են, որ այդ գրականության մեծ մասն այսօր ընթերցող չունի:

Վերջին տարիներին գյուղական գրադարանների հարցը մշտապես բարձրացվում է գրադարանային մեծ ու փոքր խորհրդակցությունների ժամանակ: Մեկ հոդվածի շրջանակում անհնար է վեր հանել այդ գրադարանների գործունեության հետ կապված բոլոր հարցերը: Սակայն երեք հարց շատ կարեւոր են, որոնք շրջանցել չի կարելի: Դրանք են` գրադարանային կադրերի հարցը, ֆինանսավորումը եւ գրադարանային ցանցի ու գրադարանների համագործակցության խնդիրը:

Ովքե՞ր են աշխատում գյուղական գրադարաններում: Ըստ «Հայաստանի գրադարանները» վերոհիշյալ տեղեկատուի` 2005թ. հանրապետության գյուղական գրադարաններում աշխատում էր 937 գրադարանավար, որոնցից միայն 401-ն ունեին բարձրագույն կամ միջնակարգ մասնագիտական կրթություն: «Ո՞վ է գյուղի գրադարանավարը» հարցը շատ պարզ պատասխան ունի` հար եւ նման նույն հարցի պատասխանին, ինչպես սրանից 20 տարի առաջ. եթե այն ժամանակ գյուղական գրադարանավարը կոլտնտեսության նախագահի գերդաստանից էր, ապա ներկայումս գրադարանավարը գյուղապետի գերդաստանից է: Ավելորդ է ասել, որ այս «ընտանեկան գրադարանավարի» ինստիտուտի պարագայում աշխատանքի որակի եւ վերահսկողության մասին խոսք լինել չի կարող: Մանավանդ, որ նախկին համակարգի փլուզումից հետո հանրապետությունում գրադարանային աշխատողների վերաորակավորման համակարգ չի ստեղծվել: Հայտնի է, որ 3-5 տարին մեկ գրադարանավարները պետք է մասնակցեն վերապատրաստման դասընթացների եւ ծանոթանան գրադարանային գործում կատարված ժամանակակից նորամուծություններին: Մեզանում գրադարանավարների վերապատրաստման ծրագրեր է իրականացրել Հայկական գրադարանային ասոցիացիան, որի նախաձեռնությունները կարծես վերջին տարիներին մարել են:

Գրադարանային մասնագետների պատրաստումը կարելի է ապահովել Երեւանի Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի մշակույթի ֆակուլտետի գրադարանագիտության եւ Էջմիածնի պետական քոլեջի գրադարանային բաժինների միջոցով: Հեռակա կրթության միջոցով կարելի է կազմակերպել գյուղական գրադարանային կադրերի վերապատրաստումը կամ վերապրոֆիլավորումը:

Ներկա պայմաններում գյուղական գրադարանի ֆինանսական ապահովումը բարդագույն խնդիր է: Բազմաթիվ ահազանգեր կան գյուղական վայրերում գրադարանավարների աշխատավարձի ամիսներով, երբեմն` անգամ տարիներով չվճարումների մասին: Դժվար է ասել, թե որքան է ներկայումս կազմում գյուղական գրադարանավարների միջին ամսական աշխատավարձը: Անցյալ տարի, կապված նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացման հետ, գյուղապետները զանգվածաբար կրճատել են գրադարանավարների հաստիքները: Եթե նկատի ունենանք, որ 2007-ին նվազագույն աշխատավարձի շեմը սահմանվել է 20 հազար դրամ, ապա վստահաբար կարող ենք կանխատեսել, որ այն կհանգեցնի գրադարանավարների հաստիքների նոր կտրուկ կրճատումների: Մյուս կողմից էլ կարելի է նաեւ հասկանալ տեղական իշխանությունների պատասխանատուներին, որոնք չեն ուզում միջոցներ հատկացնել գերազանցապես կեսգործող հաստատությունների աշխատողներին:

Անդրադառնանք նաեւ գյուղական գրադարանների եւ դպրոցական գրադարանների համագործակցության խնդրին: Բազմաթիվ քննարկումներ են եղել` նվիրված այդ գրադարանների միաձուլման թե միացման թեմային: Թվում է, թե շատ դյուրին խնդիր է: Ոլորտի խնդիրներից անտեղյակները երկու գրադարանների միացումը պարզ թվաբանական գործողություն են կարծում: Արդյունքում` ենթադրվում է, թե գյուղը կունենա ավելի որակյալ գրադարան, եւ խնայված միջոցները կուղղվեն գրադարանային սպասարկման բարելավմանը: Ընդ որում, այս տարբերակի կողմնակիցները, որպես կանոն, գումարման արդյունքում լուծարում են համայնքային գրադարանը, որի գործառույթները փոխանցվում են տեղի դպրոցական գրադարանին: Վերջին տարիներին համայնքային գրադարանները դպրոցական գրադարաններին միացնելու հախուռն երեւույթ է դրսեւորվել հատկապես Լոռու մարզի Ստեփանավանի եւ Գուգարքի տարածաշրջաններում: Արդյոք ի վիճակի՞ է ներկայումս գերազանցապես դասագրքերի բաշխում-վերաբաշխումով զբաղված դպրոցական գրադարանը կատարելու նաեւ համայնքի բնակչության սպասարկումը: Այս մոտեցման կողմնակիցները գրադարանը գերազանցապես պատկերացնում են որպես գեղարվեստական գրականություն սպասարկող հաստատություն: Մինչդեռ ժամանակակից գրադարանը տեղեկատվական հասարակության, համայնքային հաղորդակցության, կրթության եւ մշակույթի կենտրոն է, որը ժողովրդավարական հասարակության մեջ կարեւոր դեր ունի: Գրադարանների դերը կրթության մեջ եւ հասարակական կյանքում այնքան կարեւոր է, որ նրանց խնդիրների քննարկումը միայն գրադարանավարներին չպիտի թողնվի:

Ինքս գյուղական գրադարանների բարեփոխման կողմնակիցներից եմ, սակայն ոչ այդ գրադարանների վերացման գնով: Նախ` գումարման մասին: Այո՛, շատ գյուղերում այլեւս անհնար է գրադարանային սպասարկումը շարունակել ներկա եղանակով: Պետք է գրադարանները ամրացնել, ոտքի հանել: Եվ դա անհնար է առանց պետական գրադարանային ծրագրի ու քաղաքականության:

Ի՞նչ միջոցներ են հարկավոր մեկ փոքր գյուղական գրադարանի պահպանության եւ զարգացման ծախսերի համար: Մեր հաշվարկները կատարելիս նկատի ենք առել գյուղական գրադարանի մի փորձնական մոդել, որի միջինացված տվյալները վերցված են եվրոպական գրադարանային փորձից: Եվրոպայում սովորաբար 2500 եւ ավելի բնակիչ ունեցող համայնքներն ունենում են առանձին գրադարան եւ լրիվ հաստիքով աշխատող գրադարանավար (տեղեկություններն` ըստ Գրադարանային ասոցիացիաների եւ կազմակերպությունների միջազգային դաշնության (ԻՖԼԱ) եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Հանրային գրադարանի ծառայությունների զարգացման հանձնարարականներ» գրքի 2001թ. հրատարակության): Համաձայն հանձնարարականների` 2500 եւ ավելի բնակիչ սպասարկող գրադարանը պետք է ունենա նաեւ բարձրագույն գրադարանային կրթությամբ մասնագետ-գրադարանավար: Ընդ որում, գրադարանը պետք է շաբաթական 40 ժամ սպասարկում ապահովի:

Ներկայումս ՀՀ-ում տարեկան լույս է տեսնում մոտ 1200-1400 անուն գիրք: Համաձայն վերը հիշատակված ԻՖԼԱ/ՅՈՒՆԵՍԿՕ-ի հանձնարարականների` յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով խորհուրդ է տրվում գրադարանը տարեկան համալրել 250 նոր հրատարակությամբ:

Անցումային տնտեսությամբ Հայաստանում կարելի է հիմք ընդունել տարեկան 100 միավոր գրքի համալրում եւ 5-7 անուն պարբերական հրատարակության բաժանորդագրություն: Գրադարանը համալրելիս պետք է նկատի ունենալ նաեւ, որ յուրաքանչյուր հավաքածուի մոտ 20 տոկոսը կազմում են այլ լեզուներով հրատարակությունները: Երեւանի գրախանութներն առաջարկում են հատկապես ռուսերեն հրատարակությունների լայն տեսականի: Գրքերի գնման համար տարեկան անհրաժեշտ է մոտ 200 հազար դրամ: Մամուլի բաժանորդագրության համար հարկավոր կլինի ոչ պակաս, քան 120-140.000 դրամ: Այս հաշվարկին ավելացնենք նաեւ գրադարանի գույքի եւ շինության պահպանության ծախսերը (էլեկտրաէներգիա, ջեռուցում, ջրամատակարարում), եթե կան այդպիսիք: Եթե սրան ավելացնենք նաեւ մեկ գրադարանավարի տարեկան աշխատավարձի վճարումը` ներառյալ եկամտահարկը եւ սոցիալական ապահովության վճարումները, ապա այն կկազմի`լրիվ հաստիքով` 324.000 դրամ, կես հաստիքի դեպքում` 204.000 դրամ: Այսպիսով, գրադարանի պահպանության եւ զարգացման համար անհրաժեշտ է մոտավորապես 530-700.000 դրամ:

Եկեք մի հայացք գցենք գյուղական բնակավայրերի վերջին մարդահամարի տվյալներին: Ներկայումս ՀՀ-ում կա գյուղական 870 բնակավայր (Տես` http://www.armstat.am/Arm/Publications/2006/Demos_06/Demos_06_2.pdf): Միջին հայաստանյան գյուղի բնակչության թիվը 1366 է: Ի վիճակի՞ են, արդյոք, տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովել գրադարանների պահպանության ծախսերը: Ո՛չ: Համենայնդեպս, ոչ այսօր:

Գյուղական վայրերում պետք է ձեւավորել տեղական հանրային եւ մասնաճյուղ գրադարանների ցանց: Համեմատաբար մեծ եւ ինքնաբավ լինելու հնարավորությամբ օժտված գյուղերում պետք է ունենալ առանձին հանրային եւ դպրոցական գրադարան: Մինչդեռ փոքր գյուղերը, որոնք ավելի սահմանափակ միջոցներ ունեն, կարող են կամ միաձուլել հանրային եւ դպրոցական գրադարանները, կամ էլ հարեւան գյուղական համայնքների հետ համագործակցության պայմանագրով ձեւավորել միացյալ գրադարան, որի պահպանության ծախսերը կկիսվեն երկու կամ ավելի համայնքների միջեւ: Մեր երկրի ներկայիս սուղ հնարավորությունների պայմաններում պետք է կիրառել գրադարանային սպասարկման վաղուց հայտնի ձեւերը եւ մեթոդները: Մասնավորապես գյուղում կարող է գործել ոչ թե առանձին ինքնուրույն գրադարան, այլ որեւէ գրադարանի մասնաճյուղը կամ տացքակետը: Սրանք կարող են ունենալ ոչ մեծ, սակայն նոր եւ անընդհատ թարմացվող գրականության հավաքածու: Կարող են առաջարկել ընթերցողների սպասարկման ճկուն պայմաններ, սպասարկման ավելի հարմար ժամեր: Ասենք, գարնան եւ ամռան գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջանում գյուղական վայրերում ավելի հարմար է սպասարկման կազմակերպումը երեկոյան ժամերին:

Ներկայումս գրադարանային աշխատողները, վկայակոչելով Հայաստանում խորհրդային ժամանակների ավելի քան 1200 հանրային գրադարանների իրողությունը, սովորաբար մոռանում են նշել, որ այդ գրադարաններից միայն 45-ն են եղել առանձին գրադարանային միավորներ: Դրանց գերակշիռ մեծամասնությունը ավելի խոշոր գրադարանների մասնաճյուղեր էին, ինչը թույլ էր տալիս միասնաբար տնօրինել գրադարանային հավաքածուները եւ համաձայնեցված համալրում կատարել: 1996թ. տեղական ինքնակառավարման համակարգի ներդրման արդյունքում գրադարանային միասնական ցանցը տրոհվեց, եւ գրադարանային միավորումների փոխարեն ստեղծվեցին առանձին, թույլ, վատ կամ բոլորովին չհամալրվող, գրադարանային համագործակցությունից դուրս գոյատեւող շուրջ 1200 գրադարաններ: Ստեղծվել է պարադոքսալ իրավիճակ, որի արդյունքում` ՀՀ-ում ավելի շատ գրադարան կա, քան խորհրդային տարիներին: Մինչդեռ որակական առումով գրադարանային գործի դրվածքը ՀՀ-ում շատ ավելի վատ է, քան նախքան անկախությունը: Եվ այս խնդիրն առավել շեշտադրված է հատկապես գյուղական եւ փոքր քաղաքների գրադարանային սպասարկման ապահովման առումով:

Գրադարանային ցանցի աշխատանքի կազմակերպումը պետք է ապահովված լինի համապատասխան օրենսդրական հիմքերով: Հայաստանը դեռեւս գրադարանների գործունեության ոլորտը կարգավորող օրենք չի ընդունել: Եթե նման օրենք առաջիկայում ընդունվի, ապա դրան հաջորդող քայլը պետք է լինի պետական լիազոր մարմնի կողմից գրադարանային աշխատանքի նորմատիվների սահմանումը: Հենց սա է, որ հիմք կստեղծի գրադարանային ցանցի վերականգնման համար` կարգավորելով ՏԻՄ-երի պատասխանատվության շրջանակը: Նորմատիվների սահմանումն այնքան կարեւոր է, որ այն նույնիսկ չի կարելի պայմանավորել օրենքի ընդունումով: Մանավանդ որ, թեեւ ՀՀ գրադարանային գործի մասին օրենքի նախագիծը Հայաստանում մշակվել է դեռեւս տասը տարի առաջ, այն դեռեւս չի ընդունվել, եւ շատ կասկածում ենք առաջիկայում դրա ընդունման հավանականությանը: Իսկ ինչպե՞ս վարվեն գրադարանները, որոնք հայտնվել են օրենսդրական վակուումի գերության մեջ: Գրադարանների աշխատանքը կարգավորող փաստաթղթերի բացակայության պատճառով գրադարանները իրավական ճանապարհով չեն կարող իրենց հավաքածուներից դուրս գրել բարոյապես մաշված կամ ընթերցողական պահանջարկ չունեցող գրականությունը: Մեր գրեթե բոլոր հանրային գրադարաններում` գրադարակների վրա, առոք-փառոք տեղ են զբաղեցնում կոմունիստական շրջանի արդիականությունը կորցրած հասարակական-քաղաքական հրատարակությունները: Այդ նույն հիմքերի բացակայության պատճառով գրադարանները չեն կարողանում դուրս գրել 15-20 տարի առաջ ընթերցողներին սպասարկված գրականությունը, որոնցից շատերն այսօր արտագաղթել եւ բացակայում են հանրապետությունից:

Ինչպես արդեն նշել ենք, գյուղական գրադարանների ցանցը ներկայումս գտնվում է տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության տակ, սակայն գրադարանային սպասարկման խնդիրը չպետք է թողնել միայն նրանց վրա: Պետական կամ դաշնային մարմինների եւ պետական մասնակցությամբ հատուկ ֆոնդերի աջակցությամբ են իրականացվում հանրային գրադարանների զարգացման ծրագրերն աշխարհի ոչ միայն աղքատ, այլեւ հարուստ երկրներում: Մեծ Բրիտանիայում հանրային գրադարաններն աջակցություն են ստանում «Ժողովրդական ցանցի» եւ «Նոր հնարավորությունների ծրագրերի» օգնությամբ: Գերմանիայում գրադարանային աջակցության ծավալուն ծրագրեր են իրականացնում Բերտելսմեն ֆոնդը եւ Գյոթեի ինստիտուտը: Մեզանում նույնպես անհրաժեշտություն է գյուղական գրադարանների ընդգրկումը պետական աջակցության ծրագրերում: Սակայն դեռեւս գրադարաններն ընդգրկված չեն համայնքներին փոխանցված պետական պատվիրակված լիազորությունների ցանկում, որի պատճառով գրադարանները 2007-ին դարձյալ պետական սուբսիդավորում չեն ստանա: Ուստի այսօր համայնքային գրադարանների ֆինանսավորումը բացառապես թողնված է գյուղապետերի հայեցողությանը: Հոդվածը նախապատրաստելիս խոսել ենք մարզային գրադարանների տնօրենների հետ` նրանց օգնությամբ պարզելու, թե նրանք քանի՞ գյուղական գրադարան կարող են թվել, որտեղ գյուղապետը գործուն հոգատարություն ունի գրադարանների հանդեպ: Ցավոք, դրական օրինակները եզակի են: Թվենք մի քանիսը: Արագածոտնի մարզի Օշական գյուղում գյուղապետը վերանորոգել է գրադարանի տարածքը: Շիրակի մարզպետարանի եւ մարզային գրադարանի աջակցությամբ Աշոցքի տարածաշրջանի Մուսայելյան գյուղում գյուղապետը բարելավել է գրադարանի պայմանները:

Կան գրադարանների աջակցության բազմաթիվ ձեւեր: Մասնավորապես ՀՀ Մշակույթի եւ երիտասարդության նախարարությունը կարող է դրամաշնորհային եղանակով քաջալերել ՏԻՄ մարմիններին: Ասենք, ամեն տարի նախարարությունն «Ազգային գրադարանային շաբաթվա» շրջանակում կարող է խրախուսել տարվա լավագույն գյուղական գրադարաններին` միջոցներ հատկացնելով գրադարանների համալրման, շենքերի վերանորոգման, նոր կահույքի ձեռքբերման համար: Երկրի առաջին տիկինը կարող է «Ազգային գրադարանային շաբաթին» մասնակցել մանկական եւ հատուկ գրադարանների աջակցության իր սեփական ծրագրով: Այդ առումով հանրահայտ են ԱՄՆ առաջին տիկին Լաուրա Բուշի եւ ՌԴ առաջին տիկին Լյուդմիլա Պուտինայի բարեգործական գրադարանային նախաձեռնությունները: Այս կերպ պատկան մարմինները կարող են զգալի կերպով օգնել` բարձրացնելու գրադարանների հասարակական վարկանիշը:

Գյուղական վայրերում գրադարանային սպասարկման վերականգնման խնդրին մեծ աջակցություն կարող է լինել անիվների վրա գրադարանների ստեղծումը: Ավտոգրադարանները լայնորեն օգտագործվում են ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրներում: Առանձին երկրներում գրադարանային մասնաճյուղերի եւ ավտոգրադարանների միջոցով ապահովվում է քաղաքացիների գրադարանային սպասարկման զգալի մասը: Արեւմտյան երկրներում գործող ժամանակակից ավտոգրադարաններն օգտվողներին առաջարկում են գրադարանային սպասարկման գրեթե բոլոր հնարավորությունները, այդ թվում` նաեւ Ինտերնետ կապ: Ավտոգրադարանը նախապես հաստատված ժամացանկով այցելում է գրադարանային սպասարկման կայանատեղեր, որոնք ապահովված են էլեկտրականությամբ, հեռախոսային եւ ինտերնետային կապով: Ավտոգրադարանը կայանում է, միանում հեռահաղորդակցության ցանցին, եւ գրադարանավարը սկսում է ընթերցողների սպասարկումը. ստանում է վերադարձվող գրականությունը, ձեւակերպում նոր միավորների սպասարկումը: Ավտոգրադարանի կայանման ընթացքում ընթերցողները կարող են օգտվել նաեւ ինտերնետ ծառայություններից: Այս շարժվող գրադարանները կարող են ապահովել Շիրակի, Լոռու, Տավուշի, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերի շատ քաղաքների եւ գյուղական բնակչության գրադարանային սպասարկումը: Հայաստանի սահմանամերձ տարածքներում ավտոգրադարանների միջոցով բնակչության գրադարանային սպասարկման ծրագիրը կարող է կյանքի կոչվել «Հայաստան-Սփյուռք» 3-րդ համահայկական խորհրդաժողովի նախաձեռնած «Գյուղական համայնքներում աղքատության հաղթահարման» ծրագրով (Տես` http://www.armeniaforeignministry.am/conference2006/index.html):

Փորձենք հիշել գրադարանների հանդեպ պետական կառավարման մարմինների հոգատարության եւ ուշադրության մի քանի դրվագ: Կարծում ենք` նման երկու-երեք վկայություն կա` ՀՀ կառավարության որոշումը հոկտեմբերի 7-ին «Գրադարանավարի օրը» նշելու մասին եւ ՀՀ անկախության 15-ամյակի առթիվ ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվածների շարքում Գեղարքունիքի մարզային գրադարանի տնօրենին ընդգրկելը: Այս դրական օրինակների հետեւում, անշուշտ, գրադարանավարների անդուլ աշխատանքն է եւ գրադարանների բարեկամ քաղաքական գործիչների եւ, առաջին հերթին, ՀՀ ԱԺ Գիտության, կրթության եւ մշակույթի հանձնաժողովի նախագահի աջակցությունը:

Այնուամենայնիվ, խոշոր հաշվով, մինչեւ այսօր մեզանում գրադարանները դուրս են մնացել կրթության եւ մշակույթի ոլորտի բարեփոխման բոլոր կարեւոր պետական ծրագրերից: Մի փոքր միջոց գրադարանները հայտնվեցին «Օրինաց երկիր» կուսակցության ուշադրության կիզակետում. խորհրդարանում օրենքի նախագծի լսումներ կազմակերպվեցին, եղան հրապարակային ելույթներ, սակայն իշխանական կոալիցիայի ապահարզանից հետո գրադարաններին տրված բոլոր խոստումները մոռացվեցին: Պատահակա՞ն է, արդյոք, որ անկախության տարիներին իրականացված մշակութային հաստատությունների աջակցության ամենամեծ` «Լինսի» հիմնադրամի ծրագրում որեւէ գրադարան չընդգրկվեց: Պատահակա՞ն է, որ, չնայած ՀՀ մշակույթի նախորդ երեք նախարարների հավաստիացումներին` Հայաստանում մինչեւ օրս գրադարանային ոլորտը կարգավորող օրենք չի ընդունվել: Պատահակա՞ն է, որ անկախության տարիներին երկարամյա աշխատանքի համար վաստակած հանգստի իրավունքի թե՛ նախկին եւ թե՛ ներկա իշխանությունների ցուցակներում գրադարանավարների հաստիքացուցակները կիսատ-պռատ են կազմվում` գրադարանավարներին գցելով բյուրոկրատական քաշքշուկների մեջ: Պատահական չեն: Եվ դրա պատճառը ոչ այնքան ֆինանսական միջոցների պակասն է, որքան գրադարանային գործի զարգացման համար հստակ պետական քաղաքականության բացակայությունը:

Մենք բոլորս տեղեկացված լինելու իրավունք ունենք: Բայց ինչպե՞ս, եթե գոց են եւ չեն համալրվում մեր գրադարանները: Վերջին հաշվով կարեւոր չէ, թե քանի գրադարան է գործում Հայաստանում: Կարեւորը նրանց առաջարկած սպասարկումների որակն է: Հուսանք, որ մշակութային քաղաքականության համար պատասխանատու մարմինները, համագործակցելով ՏԻՄ համակարգի, Կրթության եւ գիտության նախարարության հետ, վերջապես գործի կլծվեն` մշակելու գրադարանային գործի զարգացման ազգային հայեցակարգ, աշխատանքի հստակ ժամանակացույց` նպատակ ունենալով հասնելու վերը շարադրված խնդիրների իրագործմանը: