Թամանյա՞նը, Չարե՞նցը, թե՞ Թումանյանը

07/05/2005 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Նախորդ համարի «Նառուշիլովկա» վերնագրված հոդվածիս արձագանքներից ամենահետաքրքիրը նախկին լրագրող Գեւորգ Աբրահամյանի զանգն էր։

-Ապեր,- ասում է,- կարդացի, լավ էր, բայց կողմնապահություն ես արել, բա «PRESS» նշանով ավտոնե՞րը։

Դա կողմնապահություն չէր, պարզապես մոռացել էի, ինչի համար խնդրում եմ ընթերցողների ներողամտությունը։ Սա իսկապես համեղ պատառ է, եւ մոռանալը մեղք է։ Ուրեմն, մթերային խանութին է մոտենում «PRESS» նշանով բուդկա Մոսկվիչն ու սկսում է թարմ հաց բաժանել, մի այլ տեղ այդ նշանով մեքենան կաթնամթերք է բաժանում։ Գեւորգն ինձ հիշեցրեց «Գեղարդի» երշիկ առաքող մեքենայի մասին։ Կարծում եմ, շատ են, եւ բոլորին չարժե մեկառմեկ հիշատակել, քանի որ նպատակը նորից նույնն է՝ խճողել ավտոտեսուչների մտքերը՝ նրանց գցելով «ի՞նչ իմանաս` ո՞վ է, ի՞նչ դուրս կգա» ներշնչումների մեջ («վընուշկա» բառի թերեւս անհաջող թարգմանությունն է)։

Ես չեմ կարծում, թե «PRESS» նշանն այնպիսի ազդեցություն ունի, ինչպիսին HUMMER-ները, կրկնվող թվերից կազմված կամ ՊՆ համարները, բայց, բոլոր դեպքերում, ընկերոջս դիտողությունը տեղին է, քանի որ ակնհայտ է մի երեւույթ, որն աշխարհում ոչ մի տեղ չես տեսնի։

Մեզ մոտ ամեն ինչ այնպես է սարքված, որ ցանկության իսպառ բացակայության դեպքում անգամ չկարողանաս զերծ մնալ կոռուպցիայի հետ առնչվելուց։ Օրինակ՝ նույն Պետավտոտեսչությունը։ Մի երկու տարի առաջ ավտոտեսուչը կանգնեցնում էր եւ խորամանկ ժպտալով` հարցնում՝ գիտակցո՞ւմ ես խախտումդ եւ, փաստաթղթերիդ մեջ հայոց մշակույթի դասականների դիմանկար չգտնելով, վերցնում էր վարորդական իրավունքդ։ Դա նշանակում էր, որ պետք է գնաս նիստի, իսկ սա իր հերթին նշանակում էր` երկուսուկես-երեք ժամ հերթ կանգնել (եթե բախտդ բերեց եւ արանքում ընդմիջում չեղավ)։ Նիստի մտնելն էլ խոստովանահոր մոտ գնալու պես մի բան էր։ Կապիտան կամ մայոր ավտոտեսուչը հարցնում է. «Այս կամ այս խախտումը կատարե՞լ եք»: Ասում ես՝ հա։ Ասում է` գնացեք եւ մուծեք այսքան կամ այսքան։ Եթե մեկն իրեն թույլ է տալիս առարկել, նրան ասում են՝ մի երկարացրա, եւ շարունակում՝ մուծել այսքան կամ այսքան։ Երկխոսությունը բացառվում է։ Եթե քո վարորդական իրավունքն ընկել է ԳԱԻ, ուրեմն մուծելուց բացի ուրիշ ոչինչ չես կարող անել։

Իսկ ի՞նչ պիտի անեիր, որ վարորդական իրավունքդ չգնար ԳԱԻ։ Նախորդ հոդվածում եւ այս հոդվածի սկզբում քննարկել ենք քաղաքակիրթ ձեւով օրենք խախտելու հնարավորությունները։ Մյուս տարբերակներն առնչվում են հայոց մշակույթի դասականներին։ Ծանոթ մեկը պատմում էր, որ խախտում անելուց հետո հինգ հարյուր դրամանոցը դրել է փաստաթղթերի մեջ ու պարզել ավտոտեսուչին։ Վերջինս փաստաթղթերն ուշադիր զննելուց հետո հարցրել է. «Ի՞նչ է, Չարենցին չե՞ք սիրում»։ Ծանոթս պատասխանել է, թե Թումանյանին ու Իսահակյանին ավելի շատ է սիրում, բայց խախտումը պստիկ է ու չարժե խորանալ գրականագիտական քննարկումների մեջ։

Հայ գրականության մասին այսօրինակ քննարկումները ծավալվում են միայն եւ միայն ԳԱԻ չգնալու համար, որովհետեւ այդ «ուխտագնացությունը» լեցուն է բազմաթիվ անհարմարություններով։ Նախ՝ մեքենան կանգառելու խնդիրը։ Նորագյուղցի ինչ-որ տղա հրահանգում է այստեղ կամ այնտեղ կանգառել, հետո պարզվում է, որ այդ հաճույքը 200 դրամ արժե։ Հերն անիծած… եկել-հասել ես «սրբի» դուռ, 200 դրամն ի՞նչ է, որ չտաս։ Հետո, երբ կապիտան-մայորն ասում է մուծվելիք գումարի չափը, պարզվում է` պետք է դուրս գաս այդ փոսից, գնաս-հասնես եսիմ ուր, որ մուծես տուգանքը։ Հետո պիտի անդորրագիրը վերցնես, նորից հետ գաս, ու նորից նորագյուղցի նույն տղան քեզ պիտի ցուցանի կանգառելու տեղն ու իր ծառայության դիմաց պահանջի 200 դրամ։

Սա, իհարկե, վաղուց էր, երկու թե երեք տարի առաջ։ Դրանից հետո լուրջ բարեփոխումներ են եղել։ Հիմա վարորդական իրավունքը չեն վերցնում, այլ կազմում են ակտ եւ քեզ թղթի մի կտոր պարզելով` ասում՝ կմուծես երկու շաբաթվա ընթացքում։ Այդ թղթի վրա ամեն ինչ գրված է, բացի մուծվելիք գումարից, իսկ կատարածդ խախտումը կոդավորված է, որ հանկարծ թշնամի երկրների լրտեսները չիմանան, թե Հայաստանում ով ինչ խախտում է անում։

Այս թղթի կտորով պետք է գնաս ԳԱԻ, պետք է հերթ կանգնես, պետք է… Արարողակարգից հանված է միայն կապիտան-մայորի հետ հանդիպումը։ Երեւի, ի վերջո, հասկացել են, որ երկխոսության բացակայության պայմաններում հանդիպումն անիմաստ բան է։ Ավելի ճիշտ, երկխոսությունը ԳԱԻ-ից տեղափոխվել է փողոց եւ ձեռք բերել մի տեսակ բանակցությունների ձեւաչափ։

Ուրեմն, ավտոտեսուչը կանգնեցնում է, շատ բարեկիրթ հարցնում. «Գիտե՞ք, ինչ խախտում եք արել»։ «Այո, գիտեմ, հասկանում եմ, հուսով եմ` վթարային իրավիճակ չստեղծեցի»,- ասում է շփոթված վարորդը։ Տեսնելով, որ փաստաթղթերում առկա չեն հայոց մշակույթի նշաններ, ավտոտեսուչն ասում է՝ ակտ կկազմենք։ «Գուցե այս անգամ չկազմեք»,- ասում է վարորդը։ «Ի՞նչ է, առաջարկություննե՞ր ունեք»,- հուսավառված ժպտում է երթեւեկության կանոնների քուրմը։

Ակտը կազմվում է, գնում է ԳԱԻ, իսկ մնացածն` ինչպես նկարագրված է։ Եթե մուծումդ ժամանակին չես կատարում, գործը գնում է դատարան։ Այս պահից սկսած Հայաստանի ցանկացած քաղաքացի կարող է երեւակայել, թե ապրում է իրավական պետությունում։ Դատարանից ծանուցում է գալիս, կանչում են դատի։ Գնում ես, ասում են` նախ արա մուծումները (տուգանքին պետտուրք է գումարվում)։ Հետո, երբ մուծումներն արած ու թեթեւացած վերադառնում ես, պարզվում է, իրավական արարողությունը չի ավարտվել, եւ դու պիտի դատի մասնակցես։ Մտնում ես դատավորի մոտ, նստում։ Գալիս է նիստն արձանագրողը, եւ դատավորը ոտքի կանգնելով արտասանում է նիստի գլխագիրը. «Հանուն Հայաստանի Հանրապետության…»։

Մի կողմից` քեզ դատված ես զգում, մյուս կողմից` հպարտ, որ դատվել ես Հայրենիքիդ՝ Հայաստանի Հանրապետության դատարանում։ Մի կողմից` հաշվում ես կորցրած ժամանակդ, մյուս կողմից` համեմատում այն բարոյական նվաճումների հետ։ Ու մտածում ես, որ նոր սերունդը գիրք չի կարդում, հին սերունդը ժամանակ չունի կարդալու, ամենահին սերունդն էլ իր կարդալիքը կարդացել է, եւ հասկանում ես, որ եթե չլիներ այս ամենը, հայոց մշակույթի դասականները բոլորովին մոռացված կլինեին։

Այս օրերին ո՞ւմ հետ, եթե ոչ` ավտոտեսուչի, կարելի է խոսել Թամանյանից, Չարենցից, Թումանյանից, Իսահակյանից, ծայրահեղ դեպքերում` նաեւ Սարյանից։

Եվ, մտածում ես, լավ է, որ ավտոտեսուչները չգիտեն Չարենցի «Կա Մեծարենց, կա Տերյան եւ բազում ուրիշներ կան, բայց Թումանյանն է գագաթը մեր քերթության» երկտողը, թե չէ փոսի ԳԱԻ կամ դատարան չգնալու սակագինը կմեխվեր 5000-անոցի վրա։