Էլեկտրոնային բազմասակագնային հաշվիչների մատակարարման համար փետրվարի 7-ին կայացած մրցույթին մասնակցում էին թվով 4 ընկերություններ՝ գերմանական «Սիմենսը», ռուսական «Ասենը», հայկական «Էներգոն» եւ չինական «Սինոհիդրոն»: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել հայկական «Էներգո» ընկերությունը, որն առաջարկել է 150.000 հաշվիչները մատակարարել 8 մլն ԱՄՆ դոլարի դիմաց: «Սիմենսն» առաջարկել է 8,2 մլն ԱՄՆ դոլար, ռուսական ընկերությունը՝ 7 մլն ԱՄՆ դոլար, իսկ չինացիները՝ ընդամենը 3,3 մլն ԱՄՆ դոլար: Ռուսական ընկերության առաջարկը չի համապատասխանել որոշակի չափանիշների, իսկ չինական ընկերության ներկայացրած հաշվիչը «Հայցանցի» լաբորատորիայում ստուգվելուց հետո ստացել է բացասական եզրակացություն: Մրցութային հանձնաժողովի եզրակացությունը երեկ ներկայացվել է կառավարող խորհրդի նիստին, որի կազմում ընդգրկված են էներգետիկայի նախարարը եւ նախարարության աշխատակիցներ, Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը, «Հայցանցի» գլխավոր տնօրենը: Նշենք, որ կառավարող խորհրդի նիստը հրավիրվել էր Էներգետիկայի նախարարության նիստերի դահլիճում, լրագրողների ներկայությունը բացառելու համար ձեռք էին առնվել բավական խիստ միջոցառումներ՝ նրանց մուտքն արգելված էր անգամ նախարարության շենք: Փակ դռների հետեւում կայացած նիստի ընթացքում լսվում էր միայն նախարար Արմեն Մովսիսյանի ձայնը՝ մնացած մասնակիցները լսողի դերում էին: Ավարտից հետո «Հայցանցի» գլխավոր տնօրենը հրաժարվեց մեկնաբանություններից, իսկ մասնակիցներից մեկը, որը հասկանալի պատճառով ցանկացավ անհայտ մնալ, ասաց, որ կառավարող խորհուրդը երեւի թե չեղյալ կհամարի մրցույթի արդյունքները, իսկ թե ինչպիսի իրավական հիմնավորում կտրվի դրան, դժվար է ասել: Ամեն դեպքում, խորհրդի նիստը երեկ ժամը 18.30-ի դրությամբ, ավարտից 10 րոպե առաջ, որեւէ որոշում չէր կայացրել, եւ այդպես էլ պարզ չդարձավ՝ նիստն ավարտվե՞լ է, թե՞ հետաձգվել: Իսկ ինչու է կառավարող խորհուրդն այդպես մարտականորեն տրամադրված «Էներգո» կոնցեռնի դեմ: Այս կազմակերպության արտադրած երկսակագնային հաշվիչներն իրենց որակական չափանիշներով չեն զիջում արտասահմանյան արտադրանքին, գինը միջազգայինից էժան է, բացի այդ, հայրենական արտադրողը մրցույթով շահած գումարի առնվազն 25%-ը՝ 2 մլն ԱՄՆ դոլար աշխատավարձի ձեւով վճարելու է ՀՀ քաղաքացուն: Չինական կողմի արած առաջարկն ինքնին քննարկման ենթակա չէ՝ լաբորատորիան տվել է բացասական եզրակացություն: Սակայն չինացիները դեռ որոշակի հույսեր փայփայում են. պարզվում է, որ նրանք միայնակ չեն՝ մեջքներին սարի պես կանգնած է սուպերնախարար Հովիկ Աբրահամյանը:
Ի դեպ, կառավարող խորհրդին անհանգստություն պատճառած մրցույթը պետք է կայացվեր դեռ 3 տարի առաջ՝ ԱՄՆ կառավարության հատկացրած դրամաշնորհի միջոցով: Այդ դրամաշնորհից 4 մլն ԱՄՆ դոլար վճարվել է միայն խորհրդատվական ծառայությունների դիմաց, այսինքն, միջոցները փոշիացվել են: Իսկ թե ինչ պատճառաբանությամբ է մրցույթը հետաձգվել, անհայտ է: Գնվելիք հաշվիչները նախատեսված են սոցիալապես անապահով ընտանիքների համար, որոնք այս հաշվիչները տեղադրելու դեպքում հնարավորություն կստանան ամսական խնայել միջինը 3000 դրամ, այսինքն, անցած 3 տարիների ընթացքում նրանք ինչ-որ մեկի անգործության պատճառով արդեն կորցրել են 108.000 դրամ: Բազմապատկելով այս թիվը անապահով համարվող ընտանիքների թվով՝ 150.000-ով, կստանանք 16 մլրդ 200 մլն դրամ՝ 32 մլն 500.000 ԱՄՆ դոլար: Համեմատության համար նշենք, որ Հայաստանի կառավարությունն աղքատության հաղթահարման համար 2005-ին Համաշխարհային բանկից պետք է ստանա 20 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ: Երկսակագնային հաշվիչների ձեռքբերման գործում ավելի հետեւողական լինելու դեպքում կառավարությունն անապահով ընտանիքներին օգնած կլիներ 1,5 անգամ ավելի գումարով, քան տալիս է ՀԲ-ն, ընդ որում, այդ գումարը չէր ձեւակերպվի որպես արտաքին պարտք, այլ ուղղակի կմնար նշված ընտանիքների բյուջեում:
Իսկ թե ինչ դրդապատճառներով է կառավարող խորհուրդը բուռն քննարկումներ անցկացնում կայացած մրցույթի արդյունքների վերաբերյալ, պարզ կդառնա այն ժամանակ, երբ նրա եզրակացությունը կներկայացվի կառավարությանը: