«Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս ԷլԷլՍի»-ն կամ, նույնն է թե, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանն անցած շաբաթ գնեց «Կոնվերս բանկի» վերահսկիչ փաթեթը: Ըստ banks.am կայքի` մինչ այդ «Կոնվերս բանկի» բաժնետոմսերի 48,7 տոկոսը պատկանում էր «Hudsotrade LTD»-ին (ղեկավար՝ Իմադ Մթանյուս Հուրի), 15 տոկոսը՝ Սմբատ Նասիբյանին, իսկ 36,3 տոկոսը՝ Մոդալլալ Մթանյուսին: Երեկ «Ըդվանսդ Գլոբալ Ինվեսթմենթս ԷլԷլՍի»-ն հաղորդագրություն է տարածել, թե բանկի բաժնետոմսերից 5 տոկոսն արաբ բաժնետերերից մեկը նվիրաբերել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Մայր Աթոռը չի ցանկացել վաճառել իր բաժնեմասը եւ նոր բաժնետիրոջ հետ միասին շարունակելու է մնալ սեփականատեր: Է. Էռնեկյանը համաձայնել է: Հայտնի է, որ Ամենայն Հայոց Գարեգին Երկրորդ կաթողիկոսը ջերմ հարաբերություններ ունի Էռնեկյանի հետ, նույնիսկ երբեմն Արգենտինայում հյուրընկալվում է նրա տանը: Մեր տեղեկություններով` «Կոնվերսբանկի» բաժնետոմսերի 5 տոկոսը պատկանում է ոչ թե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին, այլ հենց Գարեգին վեհափառին: Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից մեզ չպատասխանեցին, թե այդ բաժնեմասն իրականում ո՞ւմ է պատկանում. եկեղեցո՞ւն, թե՞ կաթողիկոսին: Իսկ երկուստեք ջերմ հարաբերությունների արդյունքում, պարզ է, որ Էռնեկյանը չէր ընդդիմանա Վեհափառին եւ 5 տոկոսը կթողներ նրան: Պարզ է, որ 5 տոկոս բաժնեմասը Մայր Աթոռին կամ կաթողիկոսին ավելի ձեռնտու կլիներ պահելը, քան վաճառելը: Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ մամուլում հրապարակում եղավ, թե «Կոնվերսբանկում» «լվացվել» են արաբական երկրների ծագում ունեցող մեծ գումարներ: Եվ, թե այդ գումարները հետո փոխանցվել են ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող կազմակերպությունների հաշվին: Ամերիկացիներն այդ մասին տեղեկացել են եւ պահանջել են պատժել մեղավորներին: Եվ ՀՀ իշխանություններն էլ իրավիճակից մաքուր դուրս գալու համար վաճառել են «Կոնվերսբանկը»: Հայ հասարակության շրջանում բանկի նոր սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը մութ գործարքներ կատարողի համբավ ունի: Այդ կարծիքը մասնավորապես ձեւավորվել է «Զվարթնոց» օդանավակայանի գործարքի ընթացքում: