ՍԻՄ-ի շուրջ ծավալվող կրքերը չեն հանդարտվում: Այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանը որոշեց բավարարել Հրանտ Խաչատրյանի կողմնակիցների հայցը եւ այդպիսով փաստորեն չեղյալ համարեց ՍԻՄ փաստացի գործող նախագահության կազմի ընտրության արդյունքները, ՍԻՄ-ի փաստացի ղեկավարներն ափալ-թափալ համաժողով են հրավիրել, որի արդյունքում իրենք «վերընտրվել» են: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ փետրվարի 3-ի այդ համաժողովը հրավիրել են մարդիկ, որոնք դատարանի որոշման արդյունքում նման լիազորություն չեն ունեցել, ինչի արդյունքում, այդ «վերընտրությունն» իրավական առումով դարձել է, մեղմ ասած, խիստ վիճելի: Երեկ տարածած հայտարարության մեջ այս մասին նշել են նաեւ Հ. Խաչատրյանի կողմնակիցները: Նրանք նաեւ նշել են, թե ապօրինի եւ չեղյալ են ճանաչվում նաեւ Հայկ Բաբուխանյանի ղեկավարած ինքնակոչ նախագահության եւ ներկայացուցիչների խորհրդի բոլոր որոշումները, այդ թվում նրա՝ ՍԻՄ նախագահ ներկայանալը: Իսկ Բաբուխանյանը երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել է, թե շատ դժգոհ է Հ. Խաչատրյանի աշխատանքից ԱԺ-ում: Նա ասել է նաեւ, թե չի բացառվում, որ Հ. Խաչատրյանի այդ վատ աշխատանքի հետեւանքով ինքը որոշի հեռացնել Խաչատրյանին ՍԻՄ շարքերից: Միաժամանակ նա Խաչատրյանի կողմնակիցներին անվանել է «մերժվածներ» «դավաճաններ», «խառնակիչներ», «այս իշխանությունների կամակատարներ»: Ինչեւէ, Բաբուխանյանը երեկ բացել է նաեւ պայքարի «երկրորդ ճակատը»: Նա հայտարարել է, թե ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը զբաղված է պրովոկատորական գործունեությամբ: «Ինչ վերաբերում է Ա. Կարապետյանի հայտարարությանը, թե իբր թե 51 հոգի, իր կուսակցության անդամները մասնակցել են մեր 17-րդ համաժողովին, ապա ես պահանջում եմ, որ նա դա ապացուցի: Տա այդ 51 հոգու անունը»,- ասել է նա՝ հավելելով, որ եթե Կարապետյանը դա չանի, ապա ինքը նրան կդասի ընդդիմության «հիվանդ» ուժերի շարքը եւ կհայտարարի, որ Կարապետյանը կեղծ ընդդիմադիր է եւ զբաղված է քաղաքական դաշտում պրովոկացիաներով: Հիշեցնենք, որ, երբ մամուլում հրապարակվեց մի ձայնագրության սղագրություն, ըստ որի` Հ. Բաբուխանյանը 2003-ի ընտրությունների ժամանակ վաճառել է ընտրական հանձնաժողովներում ՍԻՄ-ի տեղերը, ինչի արդյունքում էլ, ըստ որոշ լուրերի, նախագահի թեկնածու Ա. Կարապետյանի ձայները պակասել են, Ա. Կարապետյանը հայտարարել էր, թե չի բացառվում, որ ինքն այդ հարցով նաեւ դատարան դիմի: «Բայց որ տոկոսներն իջել են, միանշանակ է»,- ասել էր Ա. Կարապետյանը: