Ծանուցագիրս չմոռանաս

07/02/2007

ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արարատ Մահտեսյանը երեկ հավաստիացրել է, որ ՀՀ ազգային ընտրական ռեգիստրում, որը ձեւավորվում է ՀՀ բնակչության կենտրոնական ռեգիստրից, ներառվում են ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների տվյալները: Իսկ ՀՀ ոստիկանության տարածքային մարմինները, այնտեղ տեղակայված անձնագրային ծառայություններն ընտրական ռեգիստրի բազայի հիման վրա կազմված ընտրացուցակները ներկայացնում են ընտրատեղամասեր: Ներկայացնելով ընտրացուցակների ճշգրտման գործընթացը, Ա. Մահտեսյանը նաեւ տեղեկացրել է, թե դրանցում ոչ ճշգրիտ տվյալների հայտնաբերման դեպքում քվեարկությունից 5 օր առաջ ընտրողը պետք է ներկայանա այն անձնագրային եւ վիզաների վարչություն կամ ոստիկանության տարածքային մարմին, որտեղ հաշվառված է: Համապատասխան տեղեկանքի հիման վրա մեկ օրվա ընթացքում այդ տվյալը կճշգրտվի, կգրանցվի ընտրական ռեգիստրում, եւ ընտրացուցակում կկատարվի համապատասխան փոփոխություն: Տարբերակներից մեկն էլ այն է, որ քվեարկությունից 7 օր առաջ տվյալ համայնքի ղեկավարը պետք է համապատասխան տեղեկատվությունն ուղարկի ոստիկանության տարածքային մարմին, որից հետո այդ տվյալը կգրանցվի ընտրական ռեգիստրում, ու համապատասխան փոփոխություն կկատարվի ընտրացուցակում: Իսկ քվեարկության օրն ընտրացուցակում ընտրողի տվյալների բացակայության դեպքում, ինչպես միշտ, ընտրողը, եթե շատ է ցանկանում ընտրել, պետք է դիմի առաջին ատյանի դատարան եւ, եթե հաջողացնի ստանալ դատարանի որոշումը, գա եւ մասնակցի ընտրություններին: Մեկ այլ տարբերակով էլ` տվյալ քաղաքացին կարող է դիմել ոստիկանության տարածքային բաժին, եւ եթե հաջողացնի այնտեղից տվյալ տարածքում հաշվառված լինելու մասին համապատասխան տեղեկանք ստանալ, կարող է մասնակցել քվեարկությանը: Իսկ մինչ այդ, նման «ճակատագրից» խուսափելու համար քաղաքացիներն, ըստ Ա. Մահտեսյանի, կարող են ընտրություններից 40 օր առաջ այցելել իրենց ընտրատեղամասերը, որտեղ էլ փակցված կլինեն ընտացուցակներում տեղ գտած բոլոր անունները: Ի դեպ, մի ուշագրավ նորություն էլ` Ա. Մահտեսյանի հավաստմամբ, իրենք հոգացել են նաեւ ընտրողների ծանուցման կազմակերպմանն առնչվող հարցերը. ՀՀ ոստիկանությունը «Հայփոստի» հետ պայմանագիր է կնքել, ըստ որի` ընտրություններից 20 օր առաջ ոստիկանությունից ստացված տվյալների հիման վրա կկազմվեն ծանուցագրեր, որոնք կառաքվեն ընտրողներին: