Մեր տեղեկություններով` ՀՀ իշխանությունները պատրաստվում են վաճառել «Երեւանի ոսկերչական գործարանը»: Ասում են՝ վերջերս այնտեղ հաճախ են այցելում ՀՀ Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանն ու ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Այդ երկու՝ «Երեւանի ոսկերչական գործարան-1» եւ «Երեւանի ոսկերչական գործարան» ընկերություններն էլ բաժնետիրական ընկերություններ են եւ ունեն մոտ 1400 բաժնետերեր՝ հիմնականում աշխատողները: Այժմ աշխատակիցներն անհանգստացած են, թե այդ վաճառքից հետո կզրկվեն իրենց բաժնեմասից: Հիշեցնենք, որ «Երեւանի ոսկերչական գործարան-1» ընկերությունը ոսկյա զարդեր է արտադրում, իսկ «Երեւանի ոսկերչական գործարան»-ը արտադրողի համար ծրագրեր ու աշխատանքային պլաններ է մշակում: Երկու գործարաններում գլխավոր խորհրդական Էմիլ Գրիգորյանը, որը նախկինում տնօրենն էր, մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ հերքեց վաճառքի հետ կապված լուրերը: «Կարեն Ճշմարիտյանը, մի քանի տարի է՝ մեզ մոտ չի եկել, իսկ Սամվել Ալեքսանյանն էլ մեզ մոտից մետաղական կոնստրուկցիաներ է տարել Գյումրիի իր շաքարի գործարանի համար»,- պատասխանեց պարոն Գրիգորյանը: Ավելացնենք, որ դեռեւս անցյալ տարի էին «Երեւանի ոսկերչական գործարանի» վաճառքի մասին լուրեր պտտվում, իսկ վերջին տարիներին գործարանի անունը հաճախ կապվում էր Ռոբերտ Քոչարյանի հետ: