Արթուր Բաղդասարյանի հորեղբայրն ազատ է արձակվել

07/02/2007

Ազգային ժողովի նախկին նախագահ Արթուր Բաղդասարյանի հորեղբայր Սամսոն Բաղդասարյանը հունվարի 11-ին ազատվել է կալանքից:

Հիշեցնենք, որ Սամսոն Բաղդասարյանը Կադաստրի պետական կոմիտեի Քանաքեռ-Զեյթուն համայնքի տարածքային կառույցի ղեկավարն էր եւ պաշտոնից ազատվել ու կալանավորվել էր անցյալ տարի հայտնի «Կադաստրի գործի» շրջանակներում, երբ մի խումբ անձինք կեղծ վճարային մուրհակներ գործի դնելով` պետությանը վնաս էին պատճառել մոտ 1,5 մլրդ դրամ:

Ս. Բաղդասարյանը մեղադրվում էր ՀՀ Քրեական օրենսգրքի 308 հոդվածի երկրորդ մասով՝ «պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին եւ ծանր հետեւանքներ է առաջացրել, պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով»: Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն համայնքների առաջին ատյանի դատարանը հունվարի 11-ին Ս. Բաղդասարյանին դատապարտել էր 3 տարվա ազատազրկման, սակայն պատիժը չէր կիրառվել, որովհետեւ 2006թ. հուլիսին Ռոբերտ Քոչարյանը Հայաստանի անկախության 15-ամյակի կապակցությամբ համաներման հրաման էր ստորագրել: Եվ Սամսոն Բաղդասարյանին հաջողվեց խուսափել ազատազրկումից, սակայն չհաջողվեց մարսել հափշտակած գումարները: ՀՀ Գլխավոր դատախազությունից տեղեկացանք, որ նախաքննության ընթացքում բացահայտվել էր, թե Կադաստրի Քանաքեռ-Զեյթունի կառույցի անօրինական գործունեության արդյունքում տուժել էին 34 քաղաքացիներ, եւ պետբյուջե չէր մուտքագրվել մոտ 260 մլն դրամ: Նախաքննության ընթացքում մոտ 168 մլն դրամը վերականգնվել էր: Չի բացառվում, որ որոշ գումար էլ մարվել է այն ժամանակ, երբ գործն արդեն դատարանում էր: Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայությունից էլ տեղեկացանք, որ այդ տարածքից չմարված է մնում մոտ 35 մլն դրամ, եւ 8 քաղաքացիներ էլ դեռ չեն ստացել իրենց գումարները: Մեր տեղեկություններով, Սամսոն Բաղդասարյանը վերջերս վաճառել է Աբովյան փողոցում գտնվող իր առեւտրային տարածքներից մեկը, որպեսզի քաղաքացիներին փոխհատուցի իր պատճառած վնասի մնացած մասը: